«Հետաքննությունների մեխանիզմի հետ կապված մանրամասները դեռևս քննարկվում է կողմերի միջև». Ջեյմս Ուորլիք
168.am-ի գրավոր հարցերին պատասխանել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
– Պարոն Ուորլիք, Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի նախաձեռնությամբ կայացավ Սարգսյան–Ալիև երկրորդ հանդիպումն ապրիլյան պատերազմից հետո, որի արդյունքներով եզրափակիչ հայտարարություն տարածվեց, որում, բացի ԵԱՀԿ ներկայացուցիչ Կասպրչիկի լիազորությունների ընդլայնումից որևէ խոսք չկար մոնիտորինգային մեխանիզմի ներդրման մասին, որը, սակայն, Վիեննայի հանդիպման առանցքն էր: Այս տեսանկյունից, ըստ Ձեզ, որքանո՞վ Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումը նպաստեց Վիեննայի հանդիպման ձեռքբերումների` մասնավորապես, մոնիտորինգային մեխանիզմների ներդրման, ամրապնդմանը: Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան–Ֆրանսուա Շարպանտիեն նշել է, որ ԵԱՀԿ–ն շարունակում է իր աշխատանքները վերահսկողական մեխանիզմների ներդրման ուղղությամբ: Ի՞նչ աշխատանքներ են տարվում, և արդյո՞ք կան խնդիրներ դրա շուրջ համաձայնություն ստանալու հարցում:
– Սանկտ Պետերբուրգի բարձր մակարդակի հանդիպման ընթացքում Նախագահները մատնանշեցին, որ պատրաստ են հետամուտ լինել Վիեննայում մայիսի 16-ին կայացած հանդիպման պայմանավորվածություններին, մասնավորապես՝ շփման գծի երկայնքով կայուն իրավիճակի պահպանմանը, հետագա բախումների ռիսկերը նվազեցնելու նպատակով որոշակի միջոցների ձեռնարկմանը, ինչը նաև ներառում է հետաքննությունների մեխանիզմի դիտարկումը, և բանակցությունների վերսկսմանը, որոնք կարող են հանգեցնել համակողմանի կարգավորման: Եռանախագահներն էլ համապատասխանաբար կշարունակեն աշխատանքը կողմերի հետ հետաքննությունների մեխանիզմի ձևավորման առաջարկի ու կարգավորման տարրերի շուրջ, որպեսզի ընդհանուր խնդիրների շուրջ առաջընթաց լինի:
– Պարոն Ուորլիք, շատ է քննարկվում, ուստի հավելյալ պարզաբանումների կարիք կա` ի՞նչ ասել է՝ հետաքննական, վերահսկողական կամ մոնիտորինգային մեխանիզմներ, կոնկրետ ի՞նչ է իրենից ներկայացնելու այդ մեխանիզմը և ինչպե՞ս, որտե՞ղ է գործելու: Ի՞նչ ուժեր են դրանք գործարկելու Ղարաբաղում:
– Հետաքննությունների մեխանիզմի հետ կապված մանրամասները, օրինակ՝ այն, թե ինչպիսի առաջադրանք կիրականացնեն հետաքննիչները, ինչ հանգամանքներում նրանք կտեղակայվեն շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին, դեռևս քննարկվում է կողմերի միջև: Այդ մեխանիզմի ներդրման հարցով պատասխանատու կազմակերպությունը կլինի ԵԱՀԿ-ն, իսկ Եռանախագահները՝ որպես ԵԱՀԿ միջնորդներ, կշարունակեն աշխատել կողմերի հետ՝ առաջարկները հղկելու ուղղությամբ: