«Մամեդովի սուտը նպատակ ունի Ադրբեջանի հասարակությունից թաքցնել Բաքվի դիվանագիտական ձախողումը». Մոդեստ Կոլերով
168.am-ի զրուցակիցն է ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական, ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության, «Ռեքս» վերլուծական կայքի գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը
– Պարոն Կոլերով, Սանկտ Պետերբուրգում կայացան Սարգսյան-Պուտին-Ալիև բանակցությունները մի քանի փուլով: Ձեր կարծիքով՝ ի՞նչ արդյունքներով ավարտվեց հանդիպումը ԼՂ հակամարտության կարգավորման համար:
– Պետերբուրգում կայացած գագաթաժողովի արդյունքները պետք է գնահատել՝ որպես անսպասելի դրական, քանի որ այդ գագաթաժողովը հաստատեց, ամրագրեց Վիեննայի հանդիպման գլխավոր արդյունքը: Վիեննայում որոշվել էր, որ ընդլայնվում է միջազգային դիտորդների կոնտինգենտը, ստեղծվում են միջադեպերի հետաքննության և վերահսկողության մեխանիզմներ, այսինքն՝ հաստատվեցին Վիեննայի որոշումները, որոնցից Իլհամ Ալիևը պետերբուրգյան հանդիպումից առաջ վերջին օրերին ցանկանում էր հրաժարվել, այսինքն՝ դիվանագիտական պարտությունը, որը կրեց Ադրբեջանը Վիեննայում, հաստատվեց Պետերբուրգում: Սա գլխավոր արդյունքն էր:
– Ինչպես կհիշեք, Վիեննայի հանդիպման արդյունքում ամրագրվել էր, որ համաձայնություն կա՝ շարունակել աշխատանքները վերահսկողության մեխանիզմները ներդնելու ուղղությամբ, բայց պետերբուրգյան հանդիպման ամփոփիչ հայտարարության մեջ չկար որևէ խոսք այդ մասին: Ինչո՞ւ, ըստ Ձեզ: Ի վերջո, մեխանիզմներն ու դիտորդներն էին կազմում Վիեննայի հանդիպման գլխավոր ձեռքբերումը:
– Խնդիրներ, իհարկե, կան այդ մեխանիզմների ներդրման հարցում, քանի որ Բաքվին այդ մեխանիզմները ձեռնտու չեն, բայց դիտորդների կոնտինգենտի ընդլայնումն այդ մեխանիզմի հենց կենտրոնական հատվածն էր, ուստի այստեղ ես նահանջ չեմ տեսնում: Այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են, սա ընթացք է:
– Եռակողմ հանդիպման արդյունքում նախագահները համաձայնություն են ձեռք բերել շարունակել նման ձևաչափով հանդիպումները՝ Մինսկի խմբի (ՄԽ) աշխատանքներին զուգահեռ: Այս ձևակերպումը Երևանում շատ քննարկվեց: Տեսակետներ են հնչում, թե սա նշանակում է, որ ԼՂ հակամարտության կարգավորման հետագա բարձրաստիճան հանդիպումներն անցկացվելու են ՌԴ հովանավորչության ներքո: Ի՞նչ եք կարծում այս մասին:
– Այդ պարբերությունը խոսում է այն մասին, որ երկու կողմերը լավ արդյունքներ են ստացել այդ հանդիպման ընթացքում: Այսօր «Ռեգնումի» լրահոսում կարող եք ծանոթանալ մեր փորձագետ ու սյունակագիր Ստանիսլավ Տարասովի հոդվածին, որում նա մանրամասն մեկնաբանում է պետերբուրգյան հանդիպման արդյունքները: Նա հիմնավոր կերպով մեկնաբանում է, որ կարգավորման գործընթացում Պուտինի էստաֆետան Օլանդն է ընդունում, և, որ Մինսկի խումբը ստորագրման է պատրաստում կարևոր փաստաթուղթ: Այնպես որ, Պուտինին կարգավորման գլխավոր պատասխանատուն դարձնելու՝ Բաքվի պրոպագանդիստական փորձերը չհաջողվեցին, տապալվեցին, քանի որ Պուտինն արեց իր գործը՝ չդարձնելով իրեն անփոխարինելի, Մինսկի խումբն այն կշարունակի:
-Պարոն Կոլերով, երեկ ողջ օրը հասարակությունը քննարկեց Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովի հարցազրույցն այն մասին, որ Պետերբուրգում նախապատվություն է տրվել կարգավորման փուլային տարբերակին՝ սկզբից՝ 5, ապա՝ 2 շրջանների վերադարձ: Հայկական մի շարք փորձագետներ կարծում են, որ սա պետք է անտեսել, այնուամենայնիվ ճիշտ չէ անտեսել մի պաշտոնյայի հայտնած տեղեկություն, որն անմիջականորեն Ալիևի հրամաններն է կատարում: Այս տեղեկությունը հերքեց ՀՀ ԱԳ նախարար Նալբանդյանը: Ամենայն հավանականությամբ, սա տեղեկատվական խայծ էր ադրբեջանական կողմի կողմից՝ հատուկ նպատակով: Ըստ Ձեզ՝ ո՞րն էր դրա նպատակը:
– Վստահ եմ, որ Նովրուզ Մամեդովը ստում է, իսկ Էդվարդ Նալբանդյանը ճիշտ է ասում ոչ թե՝ այն պատճառով, որ ես սիրում եմ Նալբանդյանին, կարող եմ ասել, որ բացարձակապես չեմ սիրում, բայց նա ճիշտ է ասում: Նովրուզ Մամեդովի այդ արտահայտությունը, սուտը նպատակ ունի թաքցնել Ադրբեջանի հասարակությունից Բաքվի դիվանագիտական ձախողումը: Այսքան բան: Մնացած գործընթացները կշարունակվեն Ֆրանսիայում: