Ստեղծվել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամ
ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ՝ ստեղծվեց Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամ: Որոշման նախագիծը կառավարության նիստի ընթացքում ներկայացրեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը՝ նշելով, որ որոշման ընդունումը պայմանավորված է խաղողագործության և գինեգործության ոլորտներում արձանագրված հաջողություններն ամրապնդելու և զարգացման հետագա գործընթացն ապահովելու անհրաժեշտությամբ:
Սերգո Կարապետյանն ասաց, որ Հայաստանի ագրոպարենային տնտեսության առաջատար և առավել հեռանկարային խաղողագործության և խաղողի հումքով ոգելից խմիչքների արտադրության ոլորտներում վերջին տարիներին իրականացված բազմաբնույթ և մեծածավալ աշխատանքների շնորհիվ նկատվում են խաղողի արտադրության վերականգնման և գինեգործության զարգացման ակնհայտ միտումներ:
Սակայն, ըստ նրա, ոլորտներում առկա հիմնական խնդիրների վերլուծությունը, նախորդ տարվա գինեգործական արտադրանքի արտահանման և խաղողի բերքի մթերման հետ կապված խնդիրները ցույց են տվել, որ օբյեկտիվ տնտեսական պատճառներից բացի՝ դրանք պայմանավորված են նաև այն հանգամանքով, որ Հայաստանում գրանցված տվյալ ոլորտի միություններն ի զորու չեն կյանքի կոչել և իրականացնել ոլորտի զարգացմանն ուղղված միասնական քաղաքականություն: «Բացի այդ՝ անհրաժեշտ է նշել, որ մինչև օրս չեն գտնվել արդյունավետ ուղիներ, որոնք հնարավորություն կընձեռեին բարձրացնելու խաղողագործության և խաղողի հումքով ոգելից խմիչքների արտադրանքի որակը, ընդլայնելու տեսականին, ձևավորելու հայկական միասնական բրենդը և բարձրացնելու դրա ճանաչելիությունը: Մինչդեռ դրանք են այն հիմնական շարժիչները, որոնք նպաստում են վաճառքի աճին, ուստի` նաև ոլորտի հետագա զարգացմանը»,- ասաց գյուղանտնեսության նախարարը:
Նրա խոսով՝ հիմնադրամը կգործի պետություն-մասնավոր հատված համագործակցության սկզբունքով և հետամուտ կլինի բարձրորակ և միջազգայնորեն մրցունակ արտադրանքի արտադրության, ներքին և արտաքին շուկաներում հայկական գինու վարկանիշի բարձրացմանն ուղղված միջձոցառումների իրականացմանը:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այս առնչությամբ ասաց. «Պարո՛ն Կարապետյան, ես լուրջ ակնկալիքեր ունեմ այս հիմնադրամի ստեղծումից հետո և նաև փոխվարչապետին՝ պարոն Գաբրիելյանին էլ եմ հանձնարարել, որ համատեղ պետք է լուրջ զբաղվեք և օգնեք, աջակցեք, որպեսզի արտահանվեն մեր ընկերությունների կողմից արտադրված գինիները: Իրոք, որակը դեպի լավն է գնում, մենք ահագին լավ գինիներ ունենք արդեն, և նաև մշակույթ է ձևավորվում՝ շատերը նաև գինի են օգտագործում: Ես կարծում եմ՝ պիտի լուրջ քայլեր ձեռնարկենք և եթե անհրաժեշտություն լինի, նաև ֆինանսավորում ավելացնենք, փորձենք ունենալ մեծ արդյունքներ: Օրինակ՝ Վրաստանում այս հիմնադրամը շատ լուրջ արդյունքներ է արձանագրել: Հինգ ամսվա ընթացքում մոտ 25 մլն շիշ գինի են արտահանել Վրաստանից»: