«Ամենակարևորը Սարգսյան-Ալիև հանդիպումների դինամիկան չկորցնելն է»

«Պետք է շուտափույթ հստակեցնել նախագահների հերթական հանդիպման ժամկետները»,- այս մասին «168 Ժամի» թղթակցի հետ զրույցում ասաց գերմանացի վերլուծաբան Ուվե Հալբախը` գնահատելով Սանկտ Պետերբուրգում կայացած ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված եռակողմ Սարգսյան-Պուտին-Ալիև գագաթաժողովի արդյունքները։

Հիշեցնենք, որ կայացած հանդիպման արդյունքներով նախագահները հայտարարություն էին տարածել.

«Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության նախագահները վերահաստատեցին Վիեննայում ս.թ. մայիսի 16-ին կայացած հայ-ադրբեջանական գագաթաժողովի պայմանավորվածությունները` ուղղված հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանը և խաղաղ գործընթացի առաջընթացին նպաստող մթնոլորտի ստեղծմանը։ Այդ նպատակով նրանք համաձայնեցին մասնավորապես ավելացնել հակամարտության գոտում միջազգային դիտորդների քանակը։ Նրանք գոհունակություն հայտնեցին վերջին շրջանում շփման գծում հրադադարի ռեժիմի պահպանման կապակցությամբ։ Կայացավ կարգավորման առանցքային հարցերի շուրջ մտքերի հանգամանալից փոխանակում։

Պետությունների ղեկավարները փաստեցին մի շարք հարցերի կապակցությամբ փոխըմբռնման հասնելու հանգամանքը, որոնց լուծումը հնարավորություն կընձեռի պայմաններ ստեղծել առաջընթաց արձանագրելու ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում։ Նախագահները նշեցին իրենց կանոնավոր շփումների կարևոր նշանակությունը և պայմանավորվեցին շարունակել դրանք նման ձևաչափով` ի լրումն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի։ Համանախագահները հրավիրված էին ներկա գտնվելու Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպման եզրափակիչ հատվածին»։

Գերմանացի վերլուծաբանը նշեց, որ հանդիպումն ուշագրավ էր այն տեսանկյունից, որ Ռուսաստանը, որը փորձում էր հակամարտության գոտում իր գերիշխող դիրքերը հաստատել ապրիլյան քառօրյա պատերազմական գործողություններից հետո, կարողացավ հակամարտության գոտում իր դիրքերի օգտին քայլ արձանագրել։ Իհարկե, ըստ նրա, ՌԴ նախագահի միջնորդությունից գուցե շատ գործիչներ ավելին էին սպասում` հաշվի առնելով նրա ազդեցությունը հակամարտող երկրների նախագահների նկատմամբ։

Սակայն, նրա որակմամբ, հանդիպումն ավարտվեց ամենանվազագույն արդյունքներով, ինչը կարելի էր ակնկալել Վիեննայի պայմանավորվածություններից հետո։

«Վիեննայում կայացած բարձրաստիճան հանդիպման արդյունքների շրջանակը շատ ավելի լայն էր, այն դիտարկում էր շփման գծում վերահսկողական մի շարք քայլեր, այնինչ ընդլայնվեցին միայն Կասպրչիկի դիտորդական առաքելության իրավասությունները, կազմը։ Սա դրական ազդանշան է կարգավորման գործընթացում քաղաքականապես, քանի որ կողմերը զիջումների են գնում այս անվտանգության միջոցառումների հարցում, որն էլ ավելի կառուցողական հուն կարող է տեղափոխել հետագա բանակցությունները։

Գերմանական կողմը կարծում է, որ ԵԱՀԿ իրավասությունների ընդլայնումը կարող է իսկապես ապահովել հրադադարի ռեժիմի պահպանումը շփման գծում, ես այն համոզմանն եմ, որ հրադադարը կողմերի ցանկության դեպքում կարող էր պահպանվել նաև այսօր և կարող է խախտվել նույնիսկ այս միջոցառումների անցկացման, մեխանիզմների ներդրման դեպքում, ուստի իրավիճակին ամենալավ լուծումը հանդիպումների դինամիկան չկորցնելն է, քանի որ հանդիպումները նվազեցնում են բախումների հավանականությունը։

Համանախագահներն ապրիլյան պատերազմից հասկացան, որ այլևս իրավունք չունեն անուշադրության մատնել»,- նման համոզմունք հայտնեց գերմանացի վերլուծաբանը։

Վերջինս, դատելով տարածված հայտարարությունից, ասաց, որ ռուսական կողմը կցանկանար պահպանել այս եռակողմ ձևաչափը։ Բայց դրա արդյունավետությունը, նրա գնահատմամբ, ցածր է, ուստի Մինսկի խումբը շուտով կներգրավվի աշխատանքներին` փորձելով մոնիտորինգային մեխանիզմների ներդրման հարցում որոշում կորզել կողմերից։ «Վստահ եմ, որ այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են` և պետերբուրգյան հանդիպմանը չեղավ առաջընթաց մեխանիզմների ներդրման հարցում, որովհետև այդ մեխանիզմները, ամենայն հավանականությամբ, մշակման և վերջնականացման փուլում են, ուստի այս առնչությամբ որոշումներ պետք է սպասել հաջորդ հանդիպումների ժամանակ։ Կարծում եմ, որ հաջորդ հանդիպումները չպետք է ուշացնել, քանի որ իրավիճակը ներկայումս ևս նույնքան փխրուն է, ինչ ապրիլյան պատերազմից հետո, երբ առարկայական քայլեր չեն ձեռնարկվել կայուն հրադադարի հաստատման և բանակցային լուրջ գործընթացն առաջ մղելու համար։ Վստահ եմ, որ առաջիկա օրերին արևմտյան համանախագահները կակտիվանան»,- ասաց Ուվե Հալբախը` ընդգծելով, որ հերթական հանդիպման հարցում հստակության բացակայությունը վտանգավոր է։

Նրա համոզմամբ, պետք է շուտափույթ հստակեցնել հաջորդ հանդիպման ժամկետները։

Տեսանյութեր

Լրահոս