«Կարելի է հանգիստ առաջ շարժվել». Գրիգորի Տրոֆիմչուկ

Ադրբեջանի միակ եզրակացությունը՝ ՎԻեննայից ու Սանկտ Պետերբուրգից հետո
Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգի Կոնստանտինյան պալատում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջնորդությամբ կայացած եռակողմ Սարգսյան-Պուտին-Ալիև հանդիպման արդյունքները շարունակում են նորանոր հարցեր առաջացնել փորձագիտական և քաղաքական շրջանակներում։ Այս հարցերի շուրջ «168 Ժամը» զրուցել է ռուս միջազգայնագետ, անվտանգության և պաշտպանության ոլորտների փորձագետ Գրիգորի Տրոֆիմչուկի հետ։

– Պարոն Տրոֆիմչուկ, Սանկտ Պետերբուրգում կայացան ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հերթական բանակցությունները։ Դրանք անցկացվեցին մի քանի փուլով։ Մեր լրատվամիջոցին հանդիպումից առաջ տված ձեր հարցազրույցում ասել էիք. «Եթե հանդիպումն անցկացվի ՌԴ-ի տարածքում, ապա դա լինելու է «Եկեք խաղաղ ապրենք» ոգով հերթական հանդիպումը»։ Ձեր գնահատմամբ՝ Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում անցկացված բանակցություններն ի՞նչ արդյունքներով ավարտվեցին։

– «Հունիսյան հանդիպման» վերաբերյալ իմ կանխատեսումը, որին բոլորը սպասում էին մեծ ուշադրությամբ և լարվածությամբ, հաստատվեց՝ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի համար գագաթաժողովը բեկումնային չդարձավ։ Սակայն հանդիպմանն արձանագրվեց ոչ անկարևոր տակտիկական հաջողություն՝ բանակցությունները թույլ տվեցին երկարաձգել հրադադարը հակամարտության գոտում որոշ ժամանակով։ Կարելի է ուղիղ ասել՝ Բաքվին ձեռք չեն տալիս Սանկտ Պետերբուրգում կայացած բանակցությունների արդյունքները, քանի որ բանակցությունների նախօրեին Ադրբեջանի նախագահը բաց կերպով հասկացնել տվեց, որ «ստատուս-քվոյի» շարունակությունն ադրբեջանական կողմի համար անընդունելի է։

Հայկական կողմի համար առաջընթաց կարելի է համարել հակամարտության գոտում դիտորդական առաքելության ընդլայնման որոշումը։ Հայտարարությունը, որն ընդունվել է Սանկտ Պետերբուրգում կայացած բանակցությունների արդյունքում, թույլ է տալիս պաշտոնապես «ագրեսոր» համարել այն կողմին, որը կխախտի հրադադարը գագաթաժողովից հետո։ Հանդիպման ևս մեկ կարևոր արդյունքը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում Ռուսաստանի` գլխավոր խաղաղարարի դերի պահպանումն էր։ Բայց իրավիճակն այս առնչությամբ ծայրաստիճան փխրուն ու անկայուն է, քանի որ Վաշինգտոնը մեծացնելու է իրավիճակի նկատմամբ իր ազդեցությունը՝ իր համար արձանագրելով նույն կետը՝ Մոսկվան Պետերբուրգում չառաջարկեց ոչ մի նորարարություն, մնալով, ըստ էության, իր նախկին դիրքերին, որոնք հիմնված են խաղաղության և բարեկամության կոչերի վրա։

– Եռակողմ հանդիպման արդյունքներով՝ նախագահները, ինչպես նշեցիք՝ համաձայնեցին, որպեսզի ընդլայնվի ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը, բայց խոսք չեղավ մոնիտորինգային, վերահսկողական մեխանիզմների ներդրման մասին, ինչը Վիեննայի հանդիպման առանցքն էր։ Ինչո՞ւ։

– Սանկտ Պետերբուրգի եռակողմ գագաթաժողովի ժամանակ, ըստ էության, հաստատվեց Վիեննայում դրված նպատակը՝ հրադադարի վերահսկողության ուժեղացում։ Այդ վերահսկողությունը բաղկացած է երկու գլխավոր բաղադրիչներից՝ «կենդանի» դիտորդներ և «մահացած» սարքեր։ Այսպիսով պետերբուրգյան հայտարարությունը չի հակասում վիեննական պայմանավորվածություններին՝ մեկը մյուսին չի խանգարում, միայն փոխադարձորեն լրացնում է։ Առավել ևս, երբ այդ դիտորդության համար պատասխանատու կողմը ԵԱՀԿ-ն է։

Ի դեպ, Մինսկի խումբը, ինչպես հիշում ենք, արդեն հունիսյան հանդիպմանը պետք է պատրաստած լիներ գոնե առաջնային եզրակացություններ այն մասին, թե ինչ բնույթի ավերածություններ են տեղի ունեցել ապրիլյան բախումների հետևանքով, և ով է դրա համար, դիտորդների կարծիքով, պատասխան տալու։ Սակայն նման տեղեկատվություն դիտորդները և իրենք` կողմերը, ցավոք սրտի, չստացան, որն ինչ-որ առումով խախտում է վիեննական պայմանավորվածությունները։ ԵԱՀԿ ներկայացուցիչները պետերբուրգյան գագաթաժողովի շրջանակում էին, բայց ոչ ոք նրանցից չպահանջեց հաշվետվություն նրանց նախնական ստուգումներից, թեև արդեն բավականին երկար ժամանակ է անցել մայիսյան հանդիպումից հետո։ Հստակություն չկա նաև այն հարցում, թե ում շնորհիվ, ինչի շնորհիվ, ինչ երկրների օգնությամբ պետք է ընդլայնվի դիտորդական կոնտինգենտը և մոնիտորինգի համար տեխնիկական միջոցները։

Այնուամենայնիվ, արդեն հասկանալի է՝ ով գերիշխող դիրքեր կունենա այդ վերահսկման գործում, նա էլ վերահսկելու է պաշտոնական եզրակացությունները, դիտորդների արդյունքները։ Պետք չէ հուսալ, որ բանակցային գործընթացը կհայտնվի նոր անվերջանալի փուլի մեջ։ 2016թ. ապրիլը վերջնականորեն գիծ քաշեց նման խոսակցությունների վրա։

– Եռակողմ գագաթաժողովի եզրափակիչ հայտարարությունում ամրագրված է, որ նախագահները պատրաստակամություն են հայտնել շարունակել հանդիպումները նման ձևաչափով՝ զուգահեռ ՄԽ աշխատանքներին։ Ի՞նչ է սա նշանակում։ Արդյո՞ք նշանակում է, որ նախագահները շարունակելու են հանդիպել այս եռակողմ ձևաչափով։

– Ինչպես տեսնում ենք, Մոսկվան նախընտրում է մնալ իր համար երկար տարիների ընթացքում արդեն սովորական դարձած եռակողմ բանակցային ձևաչափում՝ Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ-ի նախագահների մասնակցությամբ։ Ողջ աշխարհին այս ցանկության դեմոնստրացիայի համար էլ անցկացվեց Սանկտ Պետերբուրգի հանդիպումը։ Սակայն, որպեսզի նման ձևաչափը հնարավորինս երկար պահպանվի նաև 2016թ. ապրիլի 5-ից հետո, անհրաժեշտ են բեկումնային որոշումներ։ Այդպիսի որոշումներ չկան, և բոլորը դա, ցավոք սրտի, տեսնում են և հասկանում։ Բանակցությունները շարունակելու որոշումն այն որոշումը չէ, որը կարող է տարածաշրջանում կայունության հույս ներշնչել։ Բանակցություններ՝ հանուն բանակցություններին՝ պատերազմի շարունակության ուղին է։ Իհարկե, կարելի է փորձել ընդլայնել բանակցությունների մասնակիցների կազմը։ Բայց նման ընդլայնում կարող է տեղի ունենալ միայն բանակցություններում ԼՂՀ մասնակցության հաշվին։

Սա ընդունելի է Ռուսաստանի համար, ընդունելի է Արևմուտքի համար, սակայն բացարձակապես անընդունելի է Ադրբեջանի համար։ Այնուամենայնիվ, եթե Արևմուտքը պնդի բանակցային գործընթացում ԼՂՀ մասնակցությունը, բայց դրա համար Ռուսաստանին պատասխանատու կողմ դարձնելով, ապա ձևաչափի նման ընդլայնումը կարող է իրականություն դառնալ։ Վերջիվերջո, եթե չակերտներից դուրս ենք թողնում Ադրբեջանին տարածքների վերադարձի սխեման, ապա բանակցային գործընթացում ԼՂՀ ակտիվացումը մնում է բանակցային նոր փուլի գրեթե միակ «ինովացիոն» ռեսուրսը։

– Որոշ միջազգայնագետներ պնդեցին, որ այս հանդիպման արդյունքները շատ ավելի կարևոր էին Մոսկվա-Վաշինգտոն հարաբերությունների կոնտեքստում, որ առճակատվող կողմերը որոշակի համաձայնությամբ են սկսել գործել։ Ի՞նչ եք կարծում այս մասին։

– Մոսկվան ու Վաշինգտոնը համաձայնեցված չեն գործում արդեն բավականին վաղուց (վերջին անգամ երկու մայրաքաղաքները համաձայնեցված գործել են 1975թ. «Ապոլլոն-միություն» ծրագրի շրջանակում)։ Ուկրաինական և սիրիական պատերազմների շուրջ իրավիճակը դա բավականին հստակ ցույց է տալիս։ Այնուամենայնիվ, ինչպես արդեն նկատեցի, պետք չէ բացառել, որ «համաձայնեցված քայլերի» ներքո ԱՄՆ-ը կփորձի «գցել» ՌԴ-ին ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում։

Որպեսզի հետո, օգտագործելով Բաքվի դժգոհությունը, արմատապես ուժեղացնի իր ազդեցությունը ոչ միայն՝ հենց ԼՂՀ-ի նկատմամբ, այլև Հարավային Կովկասում տիրող իրավիճակի, այդ թվում՝ Հայաստանում։ Ամեն դեպքում Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումից հետո Վաշինգտոնը մեծացնելու է ճնշումը Մոսկվայի նկատմամբ, քանի որ չարձանագրեց սենսացիաներ, որը նրանից ակնկալում էին։ Ավելի ճիշտ, Վաշինգտոնն իր համար պարզ եզրակացություն է կատարել, որ այս դաշտում Մոսկվան արդեն սպառվել է։

– Ի՞նչ սպասել այս հանդիպումից հետո։

– Իրականում շփման գծում վերահսկողությունը ոչինչ չի տալու, քանի որ յուրաքանչյուր կողմ հակառակորդին է մեղադրելու, պնդելու իր դիրքորոշումը՝ խախտումների սեփական հաշվարկները ներկայացնելով։ Ղարաբաղյան պատերազմը կանխված չէ, այն պարզապես հետաձգված է ժամանակավորապես։ Իրականում գնահատման և իրավիճակի հետագա զարգացման գլխավոր թեստը դառնում է այն նեղ տարածքային գոտին, որը վերահսկվում է ադրբեջանական բանակի կողմից ապրիլի 5-ից հետո։ Եվ քանի որ այդ մասին որևէ մեկը չի խոսել, որևէ մեկն ուշադրություն չի դարձրել այս հարցին ո՛չ Վիեննայում, ո՛չ Պետերբուրգում, ապա պետք է մտածել, որ Ադրբեջանն իր համար կանի գլխավոր և միակ եզրակացությունը՝ կարելի է հանգիստ առաջ շարժվել։

Տեսանյութեր

Լրահոս