Ի՞նչ փոփոխություններ են առաջարկվում Ընտրական օրենսգրքում
ՀՀ կառավարությունն այսօր հավանություն տվեց Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու, ինչպես նաև՝ հարակից օրենքներում լրացումներ կատարելու նախագծին:
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար, նախարարի տեղակալ Արթուր Սարգսյանն ասաց, որ, թեև Ընտրական օրենսգրքով ամրագրված է, որ դիտորդների համար իրականացվող դասընթացի նպատակն ընտրական օրենսդրության վերաբերյալ միայն տարրական գիտելիքների և դիտորդի իրավունքների և պարտականությունների իմացության ապահովումն է, սակայն հաշվի առնելով Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումը, ինչպես նաև՝ հասարակական կազմակերպությունների կողմից բարձրաձայնվող մտահոգությունները, նախագծով առաջարկվում է հանել դիտորդի համար սահմանված մասնագիտական դասընթացների մասնակցության և որակավորման վկայական ունենալու վերաբերյալ պարտադիր պահանջները:
Նա նշեց, որ գործող Ընտրական օրենսգրքում, ի տարբերություն նախորդ ընտրական օրենսգրքի, էականորոն վերանայվել են բողոքարկման հետ կապված ընթացակարգերը և երկարացվել են բողոքարկման ժամկետները:
«Սակայն, հաշվի առնելով ընտրական գործընթացում բողոքարկման կարևորությունը, առաջարկվում է տեղամասային ընտրական հանձնաժողովի ընդունած որոշումների, գործողությունների կամ անգործության, քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմում ներկայացնելու ժամկետներ սահմանել քվեարկության հաջորդ օրը՝ ժամը 12:00-ից մինչև 18:00-ն, կամ քվեարկությունից հետո երկրորդ օրը՝ ժամը 09:00-ից մինչև 11:00-ն»,- ասաց նա:
Կառավարության աշխատակազմի ղեկավար, նախարարի տեղակալն ասաց, որ առաջարկվում է Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ թույլ տալ բոլոր ընտրական տեղամասերից քվեարկության ընթացքի և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանում և, ուղիղ ժամանակային ռեժիմում, հատուկ ստեղծված կայքի միջոցով միաժամանակյա համացանցային հեռարձակում: Նրա խոսքով՝ տեսանկարահանումը պետք է իրականացվի մասնագիտացված կազմակերպության կողմից:
Առաջարկվում է ներդնել ընտրողների մատնահետքերով նախնական էլեկտրոնային գրանցման համակարգ: Առաջարկվում է ամրագրել, որ նույնականացման քարտ չունեցող և նույնականացման քարտ ստանալու համար չգրանցված քաղաքացիներն ընտրողների ցուցակում չեն ընդգրկվում, բացառությամբ օրենսգրքով սահմանված դեպքերի: Ընդ որում, քաղաքացին համարվում է նույնականացման քարտ ստանալու համար գրանցված, եթե նույնականացման քարտ ստանալու համար «Նույնականացման քարտերի մասին» օրենքով սահմանված կարգով հանձնել է մատնահետքեր և այլ տվյալներ:
Այն դեպքերում, երբ անձը չի եղել ՀՀ տարածքում, սահմանված ժամկետում չի ստացել նույնականացման քարտ և չի գրանցվել նույնականացման քարտ ստանալու համար, կարող է մասնակցել ընտրություններին` ընդգրկվելով ընտրողների լրացուցիչ ցուցակում:
Առաջարկվում է սահմանել, որ քվեարկության օրն ընտրատեղամասերում ընտրողների գրանցումը կատարվում է տեխնիկական սարքի միջոցով` մատնահետքով: Ընտրողը դուրս է հրավիրվում քվեարկության սենյակից, եթե տեխնիկական սարքավորումը մատնահետքի կամ անձը հաստատող փաստաթղթի համարի հիման վրա պարզում է, որ ընտրողն արդեն իսկ մասնակցել է քվեարկությանը, էկրանին հայտնվում է կարմիր նշան, և մասնագետը տեղեկացնում է հանձնաժողովի նախագահին:
Ըստ Արթուր Սարգսյանի՝ Ընտրողների ստորագրված ցուցակների ստուգումը լիարժեք հասանելի դարձնելու համար առաջարկվում է Ընտրական օրենսգրքի գործող կարգավորումներին զուգահեռ՝ ամրագրել դրույթ, ըստ որի՝ տեխնիկական սարքավորման կողմից տպվող տեղեկանքը պետք է պարունակի հատուկ նշում այն ընտրողների վերաբերյալ, որոնց գրանցումն իրականացվել է անձը հաստատող փաստաթղթի հիման վրա:
Բացի այդ, Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող թեկնածուի կամ կուսակցության վստահված անձանցից մեկին հնարավորություն է տրվում օրենքով սահմանված ժամկետում դիմել տարածքային ընտրական հանձնաժողով և ստանալ տեխնիկական սարքավորման միջոցով գրանցված ընտրողների վերաբերյալ տեղեկատվություն:
Նա նշեց նաև, որ նախագիծը նախատեսում է նաև անցումային դրույթներ, որոնք կարգավորում են նախագծի՝ ուժի մեջ մտնելու հետ կապված առանձնահատկությունները:
«Եթե մինչև սույն թվականի սեպտեմբերի 1-ը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հանդես չգա հայտարարությամբ այն մասին, որ անհրաժեշտ ֆինանսական միջոցներ առկա են տեխնիկական սարքավորումներ և ծրագրային ապահովում, նույնականացման քարտեր ձեռք բերելու համար, ապա այս նախագիծը չեղյալ է համարվում»,- ասաց նա:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հարցրեց՝ արդյո՞ք սեպտեմբերի 1-ը ողջամիտ ժամկետ է:
«Կարծում եմ՝ շատ կարևոր է ֆիքսել, որ սա բացառիկ պայմանավորվածության արդյունք է, երբ ստանալով Ազգային ժողովում ձայների գրեթե 4/5-րդը, Ընտրական օրենսգրքի քննարկման արդյունքում, կառավարությունը և աշխատանքային խումբը, որը գործում էր, ընդառաջ գնալով ընդդիմության առաջարկություններին և քաղաքացիական հասարակության գաղափարներին, լրացուցիչ առաջարկությունների բավականին լուրջ փաթեթ ընդունեց, որոնք իրականում, բացի բարի կամքից և բոլոր պետական մարմինների և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շատ մեծ ջանքից, պահանջում են, իրոք, ֆինանսավորման լուրջ փաթեթ»,- ասաց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը՝ նշելով, որ այս ամբողջ ընթացքում շատ մանրամասն աշխատանք է ընթանում պոտենցիալ դոնոր կառույցների հետ: