Բաժիններ՝

«Հարկային քաղաքականությունը միակ զենքն է մեր պետության ձեռքում». Տիգրան Ջրբաշյան

Հայաստանում Ամերիկյան առևտրի պալատի նախագահ, «Ամերիա» բանկի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ընդգծեց, որ ԱԺ ներկայացված Հարկային օրենսգրքի տեքստը ու ներկայացված հայեցակարգը միմյանց չեն համապատասխանում, և նկատեց, որ Հարկային օրենսգրքի վերջնական տեքստը բավական լուրջ փոփոխությունների է ենթարկվել՝ նախնական քննարկված տարբերակի հետ համեմատած:

Տ. Ջրբաշյանը նշեց, որ, երբ փաստաթուղթն արդեն ներկայացվել էր ԱԺ, մի շարք տնտեսվարողներով նամակով դիմել են ՀՀ կառավարությանը, վարչապետին, իսկ հետո՝ երկրի նախագահին ու ԱԺ նախագահին, որով առաջարկել են հետ կանչել փաստաթուղթն ու վերադառնալ կառավարության ներքին քննարկումների ֆորմատին՝ մասնակցությամբ բիզնես ասոցիացիաների, փորձագետների և այլն.

«Անսպասելին այն էր, որ դրանից հետո՝ վարչապետի կողմից ունենալով նմանատիպ  հանձնարարական, այդ նախագիծն արտահերթ նիստի ֆորմատով մտցվեց օրակարգ: Այդ ժամանակ անգամ ընթանում էր որոշակի բանակցային պրոցես և խոսվում այն մասին, որ՝ գուցե մենք ներառենք օրակարգում, բայց չքվեարկենք ու քվեարկությունը լինի աշնանային նստաշրջանի շրջանակներում, սակայն, կարծում եմ՝ այստեղ ավելի շատ գործեց երկու ֆենոմեն:

Առաջին՝ արդեն փաստաթուղթը ներկայացված էր ԱԺ և, համապատասխանաբար, ելնելով այն փաստից, որ պետք է որոշակի գործողություններ անել, որոշվեց քվեարկվի, բայց ենթադրվի, որ առաջինից երկրորդ ընթերցումներով անցնի լուրջ փոփոխությունների փուլ:

Երկրորդ հիմնավորումն այն է, որ, երբ առաջին ընթերցմամբ ընդունված է փաստաթուղթը, ենթադրվում է, որ բանակցային դիրքը (այս դեպքում` կառավարության և քաղաքական մեծամասնության) շատ ավելի ամուր է, որովհետև կա արդեն քվեարկված տարբերակ, և կոմպրոմիսը պետք է գնա այդտեղից սկսած:

Եթե չկար քվեարկված տարբերակ, կոմպրոմիսի հնարավորություններն ավելի լայն էին: Հետևաբար, որոշակի իմաստով, նպատակ կար բանակցային գործընթացում դիրքավորվելու ու մինիմալ կետը սահմանելու:

Հիմա ակտիվ պրոցես է ընթանում ԱԺ-ի Տնտեսական հարցերի հանձնաժողովի կողմից, մի շարք բիզնես ասոցիացիաներ, փորձագետներ մասնակցում են, հոդված առ հոդված այդ նախագիծն այսօր ընթերցվում և վերանայվում է»:

Սակայն հոդված առ հոդված քննարկումը, ըստ նրա՝ ժամանակատար է, ու հնարավոր է համարում, որ քննարկման ընթացքում կորչի կոնցեպտուալ կետերի համաձայնությունը: Նա նաև նշեց, որ հարկաբյուջետային ոլորտում կան երեք հիմնական ուղղություններ, թե ինչպես է իրականացվում պետության ազդեցությունը տնտեսության վրա.

«Առաջինը հարկային համակարգն է, երկրորդը՝ մաքսային, երրորդը՝ բյուջետային ծախսերի համակարգն է: Երբ նայում ենք, որ մաքսային համակարգն արդեն տրված է անդրազգային մարմնին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովին, պարզ է դառնում, որ այսօրվա գործիքակազմից պետության ձեռքում՝ ազդելու տարբեր խաղացողների տնտեսական վարքագծի վրա, հիմնականում մնում է հարկային քաղաքականությունը:

Հետևաբար՝ հարկային քաղաքականությունը միակ զենքն է մեր  պետության ձեռքում: Եվ Հարկային օրենսգրքին վերաբերող ամենամեծ մտահոգությունն այն է, որ տվյալ զենքի օգտագործման պայմաններում՝ դու պետք է շատ լուրջ էկոնոմետրիկ մոդելավորման տեխնիկաներ ունենաս՝ նրա համար, որ կարողանաս գնահատել՝ այս կամ այն զենքի օգտագործման դեպքում ինչ ազդեցություն է դա ունենալու»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս