ՌԴ Կենտրոնական բանկը զգուշացրել է հայաստանյան ընկերությունների կասկածելի գործարքների մասին

Ինչպես տեղեկացնում է ռուսական հեղինակավոր «Վեդոմոստի» պարբերականը, ՌԴ Կենտրոնական բանկը զգուշացրել է Հայաստանի և Ղրղզըստանի ֆիկտիվ ներմուծման սխեմայի առկայության մասին:

Կենտրոնական բանկը նախազգուշացրել է ռուսաստանյան բանկերին, որ նրանք կարող են ներգրավվել կասկածելի գործարքների մեջ, որոնք ներկայացնում են իրենց հաճախորդները Մաքսային միության երկրների ապրանքների հաշվարկի ժամանակ:
Բանկերին ուղղված համապատասխան նամակը, ՌԴ ԿԲ-ի նախագահի տեղակալ Դմիտրի Սկոբելկինի ստորագրությամբ, հրապարակվել է Ռուսաստանի բանկի տեղեկատուում: Այս անգամ կարգավորողի ուշադրության կենտրոնում հայտնվել են Հայաստանն ու Ղրղըզստանը, որոնց քաղաքացիների հետ օպերացիաների մասին ՌԴ ԿԲ-ն նախկինում չի հիշատակել:

ՌԴ ԿԲ-ի մամուլի ծառայության պատասխանում ասվում է, որ Մաքսային միության ընդլայնումից հետո (միացան Հայաստանը և Ղրղըզստանը) ռիսկեր են առաջացել՝ կապված այսպես կոչված բելառուսա-ղազախական սխեմայի տարածման հետ, որը ենթադրում է դրամական միջոցների անօրինական դուրսբերում և վերոնշյալ երկրներից դեպի Ռուսաստան ապրանքների ներմուծում ենթադրող գործարքներում հնարավոր ռիսկեր:

Նամակը հրապարակվել է՝ նվազագույնի հասցնելու բանկերի ներգրավվածությունը հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման կամ ահաբեկչության ֆինանսավորման հարցում:

ԿԲ-ում մտավախություն ունեն, որ այդ երկրների անբարեխիղճ հաճախորդները կարող են ապրանքների և ծառայությունների հաշվարկի անվան տակ իրականացնել կասկածելի գործարքներ՝ դրանց համար ներկայացնելով համապատասխան փաստաթղթեր:

ԿԲ-ն կոչ է արել առանձնահատուկ ուշադրություն հրավիրել Հայաստանի և Ղրղըզստանի սահմաններից դուրս՝ ոչ ռեզիդենտների հաշվին դրամական փոխանցումների վրա, այն ժամանակ, երբ այդ ապրանքները ներկրվում են այդ երկրներից:

Եթե հաճախորդների գործարքները ունեն նման նշաններ, ապա դրանք համարվում են անսովոր ու կարող են ճանաչվել կասկածելի:

Հաճախորդների գործարքների ստուգման ժամանակ, որոնք ապրանքներ են գնում Հայաստանից և Ղրղըզստանից, ԿԲ-ն կոչ է անում ղեկավարվել նույնպիսի չափորոշիչներով, որոնք գործում են Բելառուսի և Ղազախստանի հետ ֆինանսական օպերացիաների ժամանակ: Բանկի կասկածի հաստատման դեպքում առաջարկվում է մերժել հաճախորդներին ու փակել հաշիվը:

Ներմուծողները, օգտվելով միության ներսում սահմանների բացակայությունից, ստեղծում են ապրանքի ներկրման տեսանելիություն, որի օգնությամբ դրամական միջոցները ուղարկում են արտասահման:

Տեսանյութեր

Լրահոս