Հայաստանի իշխանությունները, ի տարբերություն Ադրբեջանի, ցայտնոտի մեջ են. «Նեզավիսիմայա գազետայի» անդրադարձը՝ եռակողմ հանդիպմանը

Ռուսական «Նեզավիսիմայա գազետան» անդրադառնալով հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայացած Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպմանը, գրում է, թե հանդիպման միակ ձեռքբերումը եղել է շփման գծում ԵԱՀԿ դիտորդների թվի ավելացումը: Մյուս հարցերի վերաբերյալ հնչել են քաջածանոթ, լղոզված՝ «ղեկավարները պայմանավորվածություն են ձեռք բերել» և «հաստատել են ցանկություն՝ հակամարտությունը կարգավորել խաղաղ ճանապարհով» արտահայտություններ:

«Եթե կա ևս ինչ-որ իրական ձեռքբերում, ապա այն գաղտնի է պահվում»,- գրում է պարբերականը:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնած հանդիպմանը կողմերը եկել էին իրենց սպասումներով: Բաքուն պահանջում է դուրս բերել հայկական ուժերը ԼՂՀ-ի շուրջ գտնվող, այսպես կոչված, անվտանգության գոտուց՝ հույս ունենալով, որ Մոսկվան ճնշում կգործադրի իր ռազմավարական դաշնակցի վրա:

Երևանը ռազմական գործողությունների չվերսկսման երաշխիքներ է պահանջում՝ նույնպես հույս դնելով Մոսկվայի աջակցության վրա: Անվտանգության գոտու շրջանների փոխանցումը հայկական կողմը պատրաստ է դիտարկել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնիշխանության ճանաչման համատեքստում: Փակուղի:

Կարդացեք նաև

Կարելի՞ է զգալի ձեռքբերում համարել դիտորդների թվի ավելացումը: Դժվար թե: Դիտորդները խոչընդոտ չեն անգամ փոխհրաձգությունների դեպքում, ուր մնաց՝ պատերազմի: Նրանց շուրջօրյա չես տեղակայի շփման գծի ողջ երկայնքով:

Արժե՞ր արդյոք բեկում ակնկալել Պետերբուրգի հանդիպումից: Նույնպես՝ ոչ: Կողմերի դիրքորոշումները չափազանց հեռու են, որքան էլ բազմանշանակ դիտողություններ թույլ տան իրենց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողները: Որքա՞ն է շարունակվում պաղեստինաիսրայելական հակամարտությունը, կիպրական հարցը: Չեն կրակում, արդեն լավ է:

Ադրբեջանական կողմն ընդգծում է, որ չի կարող սպասել հակամարտության լուծմանն այնքան երկար, ինչպես մյուսները, ու չի սպաելու: Առաջին հերթին՝ համբերության սպառումը ոչ մի դրական արդյունք չտվեց ապրիլի սկզբին Բաքվին, այլ միայն կորուստներ, ցավ՝ զոհերի ընտանիքներում: Ինչպես նաև՝ հակառակ կողմին:

Երկրորդ՝ ևս մեկ նման հարձակում հայկական դիրքերի վրա բլից-կրիգով՝ կհարուցի համաշխարհային քաղաքական կենտրոնների ոչ միայն խիստ քննադատությունը, այլև, միանգամայն հնարավոր է, որ սկսվի ԼՂՀ-ի ինքնիշխանության ճանաչման գործընթաց:

Ադրբեջանին ակնհայտորեն անհրաժեշտ է զսպվածություն ցուցաբերել, վարել բանակցություններ և աստիճանաբար խաղաղ միջոցներով իրավիճակն իր կողմը թեքել, քանի որ ժամանակն Ադրբեջանի օգտին է աշխատում:

Պարբերականի համոզմամբ՝ ապրիլյան քառօրյա պատերազմը մերկացրեց Հայաստանի խնդիրները: ԼՂՀ-ի անկախությունը հայերի համար եղել է գերիշխող անկախության բոլոր տարիներին: Մարդիկ պատրաստ էին ցանկացած զրկանքների դիմանալ՝ հանուն Ղարաբաղի, իսկ իշխանությունը դա օգտագործել է՝ իր համար ծանր օրերին խաղալով այդ զգայուն թեմայի հետ:

Սակայն ապրիլին պարզվեց, որ ամեն ինչ այդքան էլ բարենպաստ չէ, որ ծանր կյանքի տասնամյակներն արդարացվեին: Ու եթե պատերազմի առաջին ժամերին չլիներ ԼՂՀ պաշտպանության բանակի առաջապահ զինծառայողների հուսահատ հերոսականությունը, ապա ընդհանրապես հայտնի չէր լինի, թե ինչպես այսօր կքննարկվեր կարգավորումը:

Նշվում է, որ շատերն են այսօր լքում իրենց տներն ու հեռանում հայրենիքից, սակայն տարածքներն անհրաժեշտ են, քանի դեռ դրա վրա մարդիկ են բնակվում: Առանց նրանց՝ տարածքների նոր տերեր կհայտնվեն կամ կգա նախորդը:

Հայկական իշխանությունները, ի տարբերություն ադրբեջանականի, ցայտնոտի մեջ են, եզրակացնում է հոդվածագիրը:

Տեսանյութեր

Լրահոս