Գազային կրքեր. «Գազպրոմը» մուտք է գործում վրացական շուկա
«Գազպրոմը», որը երկար ժամանակ փորձում էր պայմանավորվածություն ձեռք բերել պաշտոնական Թբիլիսիի հետ գազամատակարարման վերաբերյալ, այլընտրանքային եղանակ է գտել և 100 միլիոն խմ գազ է վաճառել մասնավոր «Գազկո+» գնորդին, հայտնում է «Կոմերսանտը»:
Վրաստանում պայմանագիրը, ինչպես և ենթադրվում էր, ընդունվել է՝ որպես քաղաքական դեմարշ. ընդդիմությունը մեղադրել է կառավարությանը, որը, գուցե, չի իմացել «Գազկո+»-ի բանակցությունների մասին, «երկիրը ռուսական էներգահսկային հանձնելու մեջ»:
Այդ մասին հայտնի դարձավ այն ժամանակ, երբ Սանկտ Պետերբուրգում ընթացող միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերն ու վրացական «Գազկո+» ընկերության ղեկավար Գիորգի Մամալաձեն համաձայնագիր ստորագրեցին, ըստ որի՝ հուլիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն Արևմտյան Վրաստանի սպառողների համար կգնվի 100 միլիոն խորանարդ մետր ռուսական գազ:
Պայմանագրի մասին առաջինը հայտնեց Վրաստանի Կենտրոնական բանկի նախկին նախագահ, «Ազգային միացյալ շարժում» կուսակցության անդամ Ռոման Գոցիրիձեն:
Նրա խոսքով՝ «Ժողովրդի թիկունքում իշխանությունները փորձում են երկիրը հանձնել ռուսական էներգահսկային», որը վաղուց բնական գազ չի մատակարարել Վրաստանին:
Նա ընդդիմության անունից հայտարարել է, որ «անընդունելի է ռուսական մենաշնորհի վերադարձը», քանի որ դա «խաթարում է Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունը», որը 2007 թվականից փաստացի Վրաստան գազի հիմնական մատակարարն է:
Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն հայտարարել է, թե «կառավարությունը ոչ մի առնչություն չունի պայմանագրին», քանի որ այն կնքվել է երկու առևտրային ընկերությունների միջև:
Ընդ որում, ինչպես՝ Վրաստանի փոխվարչապետի, այնպես էլ՝ էկոնոմիկայի նախարար Դմիտրի Կումսիշվիլիի խոսքերից կարելի է եզրակացնել, որ վրացի պաշտոնյաներն իսկապես ԶԼՄ-ներից են իմացել պայմանագրի մասին, գրում է պարբերականը:
Ռոման Գոցիրիձեն, սակայն, պնդում է, որ երկու նախարարներն էլ ստում են:
«Գազամատակարարումները երկիր հնարավոր են միայն Ռուսաստան-Վրաստան-Հայաստան խողովակաշարով, և կառավարությունը չէր կարող չիմանալ այդ պայմանագրի մասին»:
Վրաստանը Ռուսաստանից գազ չի գնում 2007-ից:
«Գազկո+»-ի պայմանագրին արդեն արձագանքել է Բաքուն: SOCAR Energy Georgia (գազամատակարար) ընկերության գլխավոր տնօրեն Մախիր Մամեդովն ասել է, թե ռուսական «Գազպրոմի» հետ պայմանագիրը չի ազդի ադրբեջանական SOCAR-ի վառելիքի մատակարարումների վրա:
Ներկայում Ադրբեջանից գազամատակարարումները ծածկում են Վրաստանի գազի պահանջարկի 90%-ը: