«Աճ կա, իսկ ուրախանալու առիթ՝ ոչ». Գագիկ Մակարյան
«Մինչ այս գրանցված տնտեսական ակտիվությունը նաև պատմականորեն է ստացվել, քանի որ անցած տարի զգալի անկում եղավ արտահանման-ներմուծման առումով, հատկապես՝ Ռուսաստանի պատժամիջոցների հետևանքով, իսկ այժմ Ռուսաստանի տնտեսությունը մի փոքր առողջացել է: Նույնիսկ 4 օր առաջ ԱՄՀ-ի հետ քննարկում ունեցանք, և ԱՄՀ-ն էլ արտահայտեց նույն տեսակետը, որ իրենց կանխատեսումներից ավելի արագ է առողջանում Ռուսաստանի տնտեսությունը, և այն ցուցանիշները, որ իրենք ծրագրել էին, հնարավոր է՝ Ռուսաստանն ավելի լավ արդյունքներով փակի տարին ՀՆԱ աճի տեսանկյունից: Այսինքն՝ Ռուսաստանի տնտեսության առողջացումը կարող է լավացում բերել այստեղ, նաև տրանսֆերտների առումով, և այն, որ մեր շատ արտահանողներ վերականգնում են իրենց արտահանումը»,- 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը՝ մեկնաբանելով հունվար-մայիսին տնտեսական ակտիվության գրանցած 5.5% աճը:
Ըստ նրա՝ հատկապես պտուղ-բանջարեղենի շատ մեծ պահանջարկ կա Ռուսաստանի շատ քաղաքներում, բավականին մեծացել է հետաքրքրությունը Հայաստանի գյուղոլորտի հանդեպ. «Քանի որ մեր տնտեսության ծավալները շատ փոքր են, անգամ մի քանի հատով ավելացումը, սիմվոլիկ ասված, կարող է 3-5-10% աճ ցույց տալ: Այսինքն՝ գլոբալ առումով տնտեսության խորքերը եթե նայենք, մեծ ակտիվություն չկա, բայց զուտ արտահանումների և ներմուծման շնորհիվ ու մի քանի ձեռնարկությունների պատվերների աճի շնորհիվ՝ այդ ցուցանիշը երևում է: Եվ այդ աճը ռեալ է, որովհետև, եթե 100-ի փոխարեն՝ 110 են թողարկում, ապա այդ 10 հատը 10% աճ կլինի»:
Գ.Մակարյանը նշեց, որ ամեն դեպքում՝ Հայաստանի տնտեսությունում խորքային խնդիրները մնում են չլուծված՝ գործազրկության բարձր մակարդակը, աղքատությունը, ձեռնարկությունների փակվել-բացվելը, մարզերի թերզարգացածությունը, մարզերի համայնքների չմասնակցելը տնտեսության զարգացման գործում: Նրա խոսքով՝ գյուղապետարաններ ու քաղաքապետարաններ կան, որ 60-80% դոտացիաներ են ստանում, բայց ոչ մի սոցիալ-տնտեսական զարգացման չեն մասնակցում, դեռ մի բան էլ իրենց մոտ կոռուպցիոն ռիսկեր կարող է կան, որովհետև կան ծախսային ուղղություններ, որ տրամաբանությունից դուրս են. «Այսինքն՝ այսօր Հայաստանը Երևան քաղաքով մի բեռ է տանում, որ ամբողջ Հայաստանի բեռն է, իսկ մարզերը տնտեսության մեջ չեն մասնակցում: Բայց եթե նրանք մասնակցեին, մենք շատ ավելի հիմնավոր գործընթաց կունենայինք: Նաև սրա արդյունքում է, որ մի փոքր ակտիվացումը տոկոսային ոչ քիչ աճ է դառնում»:
«Կարծում եմ՝ այս տարի մենք առնվազն 4% աճ կունենանք՝ ելնելով որոշ աշխարհաքաղաքական դասավորումներից և ռեֆորմներից»,- նշեց Գ.Մակարյանը: