«Այդ հարցով զբաղվում է Մինսկի խումբը, և մենք չունենք ոչ թե բարոյական, այլ իրավական տեսանկյունից իրավունք՝ խառնվելու և գնահատականներ տալու». Ղազախստանի դեսպան
«Հայ-ղազախական հարաբերություններում առաջին հարցը կապված է առևտրատնտեսական ոլորտի հետ, որովհետև ապրանքաշրջանառության աճը, սուբյեկտների, բիզնեսների միջև տնտեսական հարաբերությունների ամրացումը, բարեկեցիկ կյանքի հիմքն են ինչպես՝ Հայաստանում, այնպես էլ՝ Ղազախստանում: Եթե մեր քաղաքացիները չապրեն պատշաճ սոցիալ-տնտեսական պայմաններում, ապա մեզ համար ավելի ու ավելի դժվար կլինի խոսել պետության զարգացման մասին: Մարդուն պետք է կերակրել ոչ թե առակներով ու լավ խոսքերով, այլ նրան պետք է տալ սոցիալ-տնտեսական ապահովություն, աշխատանք:
Այս առումով տարբեր քայլեր են ձեռնարկվում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով հայ-ղազախական հարաբերություններին՝ այս մասին նշեց Հայաստանում Ղազախստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևը:
Հարցին՝ որպես ՀԱՊԿ անդամ ու ԵՏՄ գործընկեր, ի՞նչ կարծիք ունի Ղազախստանը Ղարաբաղի հարցի կարգավորման հարցում, և արդյո՞ք պետք չէ գնահատել, թե ով է մեղավոր, ով՝ ոչ, որ նման պատերազմներ ընդհանրապես չլինեն, դեսպանը պատասխանեց.
«Առաջին հերթին՝ ԵՏՄ-ն տնտեսական կառույց է, մենք չպետք է քաղաքականացնենք մեր տնտեսական ինտեգրացիան, որովհետև ցանկացած քաղաքականացում կբերի տնտեսական ինտեգրացման խնդիրների, և ԵՏՄ-ն չի տա այն արդյունքը, ինչ մենք ակնկալում ենք ունենալ:
Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, կարող եմ ասել, որ Ղազախստանի կառավարությունը միշտ շատ պատասխանատու է մոտենում ՀԱՊԿ-ում ստանձնած իր պարտականություններին: Իսկ ապրիլյան իրադարձությունները, որը ձեզ մոտ անվանում են քառօրյա պատերազմ, իհարկե, մեզ շատ է մտահոգում: Այդ բախումներն առաջին հերթին՝ բերել են մարդկային կորուստների, և մենք, անկեղծ ասած, ցավում ենք երկու կողմերի զոհերի համար էլ:
Այդպես չպետք է լինի, սա 21-րդ դարն է: Ինչ վերաբերում է գնահատականներին, մենք, ցավոք, ավելի ճիշտ՝ այդպես ստացվել է, որ մենք ԵԱՀԿ Մինսկի խմբի մեջ չենք մտնում: 1992-ին Ելցինի հետ Նազարբաևը գնացել է Ստեփանակերտ՝ տեղում փորձելով լուծել հարցը, բայց դրանից հետո այդ հարցով զբաղվում է Մինսկի խումբը, և մենք չունենք ոչ թե բարոյական, այլ իրավական տեսանկյունից իրավունք՝ խառնվելու և գնահատականներ տալու: Անկեղծ ասեմ՝ մեր նախագահը պատրաստ է իր ուժերի սահմաններում հակամարտության լուծմանը նպաստել»: