«Իմ տեղեկությունների համաձայն, հետաքննական մեխանիզմների ներդրման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են Վիեննայում». ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
«Վստահության մեխանիզմների ներդրումը նաև Ձեր երկրի որդեգրած դիրքորոշումն է»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն՝ անդրադառնալով հետաքննական մեխանիզմների ներդրման հարցին:
Դեսպան Շարպանտիեի խոսքով՝ անցնող ամիս Վիեննայում տեղի ունեցած հանդիպումների կենտրոնական հարցերից մեկը հետաքննող մեխանիզմների ներդրման թեման էր, ավելին՝ այդ հանդիպումների առանցքային հարցը, որի ներդրման շնորհիվ հնարավորություն կտրվի վստահության մեխանիզմների հաստատման համար:
«Սա ենթադրում է ԵԱՀԿ գործող նախագահի մշտական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի իրավասությունների ընդլայնում, ինչպես նաև՝ սահմանի ողջ երկայնքով հետաքննողական հսկողության մեխանիզմների ներդրում, այդ մեխանիզմները թույլ կտան նաև բացահայտել քառօրյա պատերազմի դեպքերն ու իրադարձությունները: Բնականաբար, սատարում ենք նման մոտեցման կենսագործմանը: Վիեննայում այսօր էլ շարունակվում են աշխատանքները, մեր գործընկերների հետ աշխատում ենք այս ուղղությամբ, Վիեննա ասելով ԵԱՀԿ կառույցի շրջանակը նկատի ունեմ: Սա իսկապես բացառապես այն կարևոր միջոցն է, որի շնորհիվ հնարավորություն պետք է ընձեռվի վստահության մեխանիզմների հաստատման համար»,- նման տեսակետ հայտնեց դեսպանը:
Արձագանքելով դիտարկմանը, թե քառօրյա պատերազմի օրերին դիվանագիտությունը լռեց, փոխարենն իրենց խոսքն ասացին զինվորականները, Շարպանտիեն ասաց, որ համաձայն չէ նման ձևակերպման հետ:
«Եթե հասարակայնության համար տեսանելի չէ, դա դեռևս չի նշանակում, որ ոչինչ չի կատարվում: Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը մոբիլիզացնում տեղի ունեցավ շահագրգիռ բոլոր երկրների մայրաքաղաքներում՝ հատկապես ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրներում, անգամ ես ինչ-որ չափով ինտեգրված եմ եղել այդ մոբիլիզացման գործընթացում: Հետևել ենք այդ զարգացումներին: Բավականին արագ կայացավ Ֆրանսիայի եվրոպական հարցերի պետական քարտուղարի այցը Հայաստան և Ադրբեջան, այդ այցը համաձայնեցված էր նախագահող երկրների ղեկավարների հետ, այն փաստահավաք, տեղեկատվություն հավաքելու նպատակ էր հետապնդում,մեր ցանկությունն էր արագ լծվել աշատանքին, որը հնարավորություն պետք է ընձեռեր վերսկսել երկխոսությունը:
Դուք գիտեք, երբ երկու պետություններ առճակատվում են, առաջին հերթին միջամտում են զինվորականները, որպեսզի դադարեցնեն այդ կրակոցները: Բնականաբար, մենք չենք կարող մեր գոհունակությունը չհայտնել, որ ՌԴ-ին հաջողվեց երկու երկրների գլխավոր շտաբերի ղեկավարների մակարդակով ձեռք բերել բանավոր հրադադարի պայմանավորվածությունը:
Իսկ ինչ վերաբերում է դիվանագիտւթյանը, դիվանագիտության գործառույյթն է միջամտել, որպեսզի հետագայում նման գործողությունների վերսկսում թույլ չտրվի: Չկրկնվելու լավագույն տարբերակը վստահության մեխաիզմների հաստատումն է, հետաքննողական մեխանիզմների ներդրումը: Իսկապես շատ եմ ցանկանում, որպեսզի այդ մեխանիզմները ներդրվեն՝ հուսալով, որ դրանք լույս կսփռեն բոլոր իրադարձությունների վրա, որոնք տեղի ունեցան ապրիլին:
Ինչ վերաբերում է հետաքննությանը, ապա կստեղծվի հանձնաժողով, տեղերում ամեն մեկն իր աշխատանքը կկատարի, դիվանագետի գործառույթն է առաջ ընթանալ, անել այնպես, որպեսզի բանակցային գործընթացը, որի սկիզբը նշմարվում է, ընթանա առաջ»,- նման վերլուծությամբ հանդես եկավ Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն:
Հարցին, թե ինչո՞ Սանկտ Պետերբուրգի հանդիպմանը հաջորդած հայտարարությունում նշված չէր հետաքննությա մեխանիզմների ներդրման մասին` դեսպանը պատասխանեց, որ իր տեղեկությունների համաձայն, այդ աշխատանքները շարունակվում են Վիեննայում: «Ամեն դեպքում այս պահի դրությամբ համապատասխան տեղեկատվության չեմ տիրապետում, որ հետաքննողական մեխանիզմների ներդրման հարցն անտեսվել է, աշխատանքները կատարվում են Վիեննայում, եթե այդ մասին չի նշվել հայտարարության տեքստում, դա դեռ չի նշանակում, որ այդ ուղղությամբ աշխատանքներ չեն կատարվում»,- ասաց ֆրանսիացի դիվանագետը:
Լրագրողների խնդրանքով դեսպանը փորձեց պարզաբանել, թե իրենցից ինչ են ներկայացնում հետաքննողական մեխանիզմները: Նա նշեց, որ ԵԱՀԿ գործող նախագահի մշտական ներկայացուցչի իրավասություների ընդլայնում և հետաքննողական մեխանիզմների տեղակայում: «Խոսքը խաղաղապահ ուժերի տեղակայման մասին չէ, դիտորդական առաքելության, կոնտիգենտի քանակի ընդարձակման մասին: Ես ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի պաշտոնն եմ ստանձնել, այս հարցերի լուծման հարցում մասնագիտացված չեմ, հատուկ նշանակված դեսպան ունենք, ով սիրով կպատասխանի Ձեր հարցերին: Իմ մասնագիտացումն այս հարցերում չէ»,- ասաց դեսպանը:
Հարցին, թե դեսպանը ևս տպավորություն ունի, որ վերջին երկու հանդիպումների շեշտը մեխանիզմներն էին և ոչ բովանդակային խոսակցությունները, Շարպանտիեն պատասխանեց, որ եթե չկան վստահության մեխանիզմներ, բնականաբար, երկխոսության վերսկսումը դժվարանում է: «Դա նաև Ձեր երկրի որդեգրած դիրքորոշումն է»,- նկատեց նա: