«Այժմ եկել է Ալիևի հերթը». Արման Մելիքյան

ԼՂՀ արտաքին գործերի նախկին նախարար, քաղաքագետ Արման Մելիքյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հանդիպումից առավել մեծ սպասելիքներ ռուսաստանյան կողմը պետք է ունենա, քանի որ, ըստ նրա՝ ապրիլյան ռազմական գործողությունից հետո պաշտոնական Բաքուն պետք է հստակեցնի սեփական մոտեցումը ռուս-ադրբեջանական հարաբերությունների մասով.

«Կրեմլը կարողացավ առարկայորեն ցույց տալ, որ միանգամայն վերահսկում է ՀՀ քաղաքական վերնախավի գործողությունները, և անհրաժեշտության դեպքում ունակ է վերջինիս պարտադրել սեփական ազգային շահերին արմատապես հակասող որոշումներ, և այժմ եկել է Ալիևի հերթն ասելու` արդյո՞ք նա պատրաստ է անմնացորդ կերպով լծվել Կրեմլի աշխարհաքաղաքական շահերի սպասարկման գործին՝ արցախյան տարածքների մեծ մասը ստանալու գնով, թե՞ ոչ: Դա նշանակում է, որ այժմ Ռուսաստանը շահագրգռված չէ միջադեպերի հետաքննության արդյունավետ մեխանիզմների ներդրումով և կգերադասի հակամարտության կողմերին մղել ստատուս-քվոյի այնպիսի խախտման, որ դրա արդյունքում հայկական կողմերի հետ ունեցած հարաբերություններում կամուրջները վերջնականապես չայրվեն, իսկ Ադրբեջանի հետ նոր որակի հարաբերությունները հաստատելու դուռ բացվի»:

Այս տեսանկյունից, Ա. Մելիքյանի խոսքով՝ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի (որը ևս մասնակցելու է այդ հանդիպմանը.- Ռ.Մ.) արտահայտած տեսակետը, թե հուսով է, որ կողմերը կամփոփեն ԵԱՀԿ-ին միջադեպերի հետաքննության մեխանիզմների իրականացման մասին պայմանավորվածության արդյունքները, և կվերսկսվեն համակողմանի խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցությունները, կարևոր է համանախագահ պետությունների մոտեցումներում առկա աներևույթ տարբերությունները տեսնելու և հասկանալու համար:

Տարբեր փորձագետներ այն կարծիքին են, որ «Ֆորմուլա 1»-ի ավարտից հետո քառօրյա պատերազմի սցենարը կարող է կրկնվել. նման կարծիք են հայտնել նաև վերջերս Ադրբեջանում կայացած սոցհարցման մասնակիցները: Մեր հարցին՝ նման զարգացումներ հնարավո՞ր են, ԼՂՀ նախկին արտգործնախարարը պատասխանեց.

Կարդացեք նաև

«Պատերազմական գործողությունների վերսկսումը հավանական եմ համարում, սակայն դա չեմ կապում ինչ-ինչ մարզական իրադարձությունների մեկնարկի կամ ավարտի հետ: Ամեն ինչ կախված կլինի այն բանից, թե պաշտոնական Բաքուն ինչ չափով կհամաձայնի մաս կազմել ռուսական աշխարհաքաղաքական ծրագրերին ու նախագծերին: Ադրբեջանում անցկացված սոցհարցումներին ուշադրություն դարձնելու կարիք չկա. դրանք, ակնհայտորեն, ներդաշնակեցված են պաշտոնական Բաքվի կողմից վարվող քաղաքականությանը»:

Տեսանյութեր

Լրահոս