68 կողմ, 21՝ դեմ, 18՝ ձեռնպահ. Հարկային նոր օրենսգիրքն ընդունվեց առաջին ընթերցմամբ
Այսօր Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունվեց Հարկային նոր օրենսգիրքը: Քվեարկությունից առաջ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ օրենքի նախագիծը ներկայացված է օրենքի խախտմամբ:
«Նայեցի Հարկային օրենսգրքի հետ ներկայացված տեղեկանքները. այն ներկայացվել է իրավական ակտերի մասին օրենքի 27-ի կետ 1 և Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի 47-րդ հոդվածի խախտումներով, որովհետև ազդեցության գնահատականները, եզրակացությունները չկան նախագծում ներկայացված»,- հայտարարեց Էդմոն Մարուքյանը: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ ասաց, որ ինքը չի կարծում, որ որևէ խախտում կա:
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ նշեց, որ իրենք լուրջ մտահոգություններ ունեն նախագիծն այս վիճակով անցկացնելու հետ կապված. «Մենք առաջարկությունների փաթեթն ենք կազմում հեղինակներին հանձնելու համար, այս պահին մենք ձեռնպահ ենք քվեարկելու»:
Պատգամավոր Հրանտ Բագրատյանն էլ նկատեց, որ այս օրերին պատգամավորները սկզբունքային մտահոգություններ են ներկայացրել. «Այնպես չէ՝ առաջին ընթերցմամբ ընդունենք, հետո աշխատենք, մենք 90 միլիարդ դրամով ավելացնում ենք հարկային բեռը հարկ վճրողների վրա»: Հ. Բագրատյանը կարծում է՝ եթե նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվի, ապա լուրջ փոփոխություններ չեն կարող լինել:
Պատգամավոր Ստեփան Մարգարյան էլ հայտարարեց, որ «Համախմբում» կուսակցությունն անընդունելի է համարում այս օրենքի ընդունումը՝ առաջարկելով հետաձգել նախագծի ընդունումը:
ՀՀԿ-ական պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն էլ հորդորեց ընդունել նախագիծն առաջին ընթեցմամբ, ինչն էլ կդառնա քննարկումների մեկնարկ: «Որպեսզի մենք կարողանանք մեկնարկել այդ քննարկումները, կոչ եմ անում մեկնարկը սկսել, որովեհտև եթե մեկնարկը չի սկսում, օրենսգիրքը հետ է գնում»:
Սակայն ՕԵԿ ղեկավար Հեղինե Բիշարյանը չհամաձայնեց Վ. Այվազյանի հետ, որ եթե նախագիծը հետ տարվի, քննարկում չի լինի: Ըստ նրա՝ կարելի է առաջին ընթերցմամբ չանցկացնել ու աշխատել նախագծի վրա:
«Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանն էլ ասաց, որ Հարկային օրենսգիրքը փորձում են անցկացնել այնպես, ինչպես Ընտրական օրենսգիրքը՝ հանրության կողմից անհամաձայնության պայմաններում:
ՀԱԿ ղեկավար Լևոն Զուրաբյանն էլ ասաց, որ այս նախագծի ընդունումն անընդունելի է, և իրենք դեմ են քվեարկելու:
ՀՀԿ ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ նշեց. «Հարկային օրենսգիրքն ընդունվելուց հետո՝ մենք մանրակրկիտ կքննարկենք: Հորդորում եմ բոլոր ուժերին նախընտրական կրքերից հետ կանգնել ու գալ քննարկումներ կատարենք, որպեսզի երկրորդ ընթերցման ժամանակ ունենանք լիիրավ օրենսգիրք»:
Պատգամավոր Նիկոլ Փաշինյանըի խոսքով՝ խորհրդարանական մեծամասնության և կառավարության շտապողականությունը հաստատում է այն վարկածը, որ հիմա միջազգային ֆիանանսական կազմակերպությունների կողմից կա հստակ պահանջ:
Ռուբիկ Հակոբյանը նույնպես չի հասկանում իշխանությունների համառությունը. «Ւնչո՞ւ եք ուզում հենց այսօր դնել քվեարկության, կարող եք հանել ուղղակի քվեարկությունից: Չգիտեմ՝ ինչու են ուզում անպայման ընդունվի, ի՞նչ է եղել, եկեք հետ վերցրեք, լուրջ քննարկում անենք, դրանից հետո համախմբված քվեարկենք»
Ն. Զոհրաբյանն էլ հայտարարեց, որ ԲՀԿ խմբակցության ԲՀԿ կուսակցության անդամները ձեռնպահ են քվեարկելու, իսկ ինքն ընդհանրպես չի մասնակցելու քվեարկությանը:
ԲՀԿ խմբակցության անդամ, ոչ ԲՀԿ-ական Վահան Բաբայանն ասաց, որ կողմ է քվեարկելու, իսկ նույն խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանը հայտարարեց, որ դեմ է քվեարկելու:
Նախագիծն անցավ՝ 68 կողմ, 21՝ դեմ, 18՝ ձեռնպահ քվեարկությամբ: