«Ինքը գնաց, իր երգը մեզ հետ է ու կապրի». Տիգրան Մանսուրյանը՝ Օֆելյա Համբարձումյանի մասին
Մեզանից հեռանում է սիրված, խոնարհումի ու հիացմունքի արժանացած երգչուհին՝ Օֆելյա Համբարձումյանը:
Երգեցիկ ոգի էր, երգող շունչ, որ իր երգի միջոցով կենդանի էր պահում այն մեղեդին, որը հասանելի էր հանուրիս՝ չլինելով պարզունակ ու միանշանակ, այլ շքեղորեն հարուստ ու կենսագրություն ունեցող: Երգեց աշուղական երգեր, ժողովրդական երգեր ու էլի երգեր՝ պատմական անցյալի այլևայլ շերտերից եկած: Եվ այդ բոլորը իր եզակի տաղանդով ու ներծնչվածությամբ հունցված:
Նրան տրված «ժողովրդական» տիտղոսը մինչև պետական որոշում ու վկայագիր դառնալը բոլորիս համար ընդունելի ու որևէ փաստաթուղթ չպահանջող իրողություն էր: Նրա նմաններին ժողովուրդն է ծնում իր անզարդ օրը, իր սովորական առօրյան վեր պահելու, դրանց բանաստեղծական շունչ ու ոգի հաղորդելու:
Տարբեր ժողովուրդներ ունեն ժողովրդական երգ ասող այդպիսի մայրիկներ: Այդպիսիք իսպանացիներն ունեն, ամերիկացիներն ունեն, մեքսիկացիներն ունեն, արաբական աշխարհում կան նրանք: Եվ բոլորին հավասարապես սիրում են բոլորը՝ որ ազգին էլ որ պատկանեն նրանք:
… Իր երգն ես առաջին անգամ լսել եմ 1947 թվականին Բաթումում, երբ հայրենադարձների մեծ խմբով նավից նոր էիք իջել ու գալիս էինք Հայաստան: Մեզ «Բարի գալուստ» ասելու էր եկել Հայաստանից երաժիշտների մի խումբ, որի կազմում էր Օֆելյա Համբարձումյանը:
… Ինքը գնաց, իր երգը մեզ հետ է ու կապրի:
Տիգրան Մանսուրյան