«Թուրքիայում դժվար է հայ լինելը». Սաիթ Չեթինօղլու

Ժամանակակից Թուրքիայում Հայոց ցեղասպանության հետ կապված իրադրությունն ու տրամադրվածությունը գրեթե չի փոխվել: Թեպետ «ցեղասպանություն» եզրույթի կիրառումը երկրում այլևս քրեորեն դատապարտելի արարք չի համարվում, այդուհանդերձ, դա պատճառ է դառնում, որպեսզի եզրույթը կիրառող անձինք թիրախավորվեն: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց պատմաբան Սաիթ Չեթինօղլուն, ով Թուրքիայում Հայոց ցեղասպանության ճանաչման տեսանկյունից դրական ազդակներ դեռևս չի տեսնում:

«Թուրքիայում ազատական գաղափարախոսություն ունեցող կուսակցություններն ու մտավորականները հայտարարում են, որ ընդունում են Հայոց ցեղասպանությունը և ներողություն են խնդրում դրա համար: Այդ հայտարարության տակ ստորագրել է 30 հազար մարդ: Այդ մարդկանց շարքում են նաև նրանք, ում ընտանիքները քիչ թե շատ օգտվել են Ցեղասպանության հետևանքներից, գրավել են հայերից մնացած գույքը: Պարտադիր չէ, որ նրանք անմիջապես վերադարձնեն այդ գույքը, սակայն նրանք կարող են գոնե ցանկություն հայտնել վերադարձնելու վերաբերյալ: Նրանք անգամ դա չեն անում: Շատերը մինչև օրս ապրում են հայերի թողած տներում, որտեղ պատերին հայերեն տառեր են փորագրած: Երբ գալիս է հայերի ունեցվածքը հետ տալու ժամանակը, այդ 30 հազարից չեք կարողանում անգամ 30-ին գտնել»,- ընդգծեց Չեթինօղլուն՝ ասելով, որ խնդիրն իսկապես շատ բարդ է:

Անդրադառնալով Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը՝ թուրք պատմաբանը պատմական էքսկուրս կատարեց դեպի անցյալ, երբ գերմանական դատարանի առաջ կանգնած էր Ցեղասպանության ոճրագործներից մեկին՝ Թալեաթ փաշային սպանած Սողոմոն Թեհլերյանը: «Խիստ կարևոր է Թեհլերյանի գործով դատարանի որոշումը: Նա դատարանում ասաց. «Այո, ես մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ»: Դատարանը սա ընդունեց: Այդ ժամանակաշրջանում դատարանը թաքցրեց Հայոց ցեղասպանության հարցում Գերմանիայի մեղսակցությունը, երկու օրում որոշում կայացրեց և ազատ արձակեց Թեհլերյանին: Ներկայում թաքցնելու ոչինչ չկա: Մարդկությունը ցեղասպանության հարցը լուծելու ճանապարհին է: Գերմանիան հանցակից է և ընդունեց դա: Այդուհանդերձ, Գերմանիայից բացի, այլ մեղավորներ էլ կան, օրինակ, Անգլիան»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Չեթինօղլուն:

Պատմաբանն ընդգծեց, որ Բունդեսթագի որոշումը չի պայմանավորում Թուրքիա-ԵՄ հարաբերություններով: Ավելին, նա համոզմունք հայտնեց, որ այդ հարաբերությունների օրակարգում գտնվող կարևորագույն խնդիրներից մեկը՝ փախստականների հարցը, ստեղծել է հենց Թուրքիան և այժմ կիրառում է Եվրոպայի դեմ որպես «զենք», որպես սպառնալիքի առարկա: Նա Սիրիայում ընթացող վերջին զարգացումները դիտարկեց որպես Թուրքիայի կողմից ցեղասպանությունն իր սահմաններից դուրս տանելու գործողություն: «Ռոժավայում՝ քրդերի հսկողության տակ գտնվող տարածքներում, ոչ մի հայ այլևս չկա: Ասորիներն աքսորվում են, ճնշումների տակ են: Այդ տարածքներում էթնիկ զտումներ են իրականացվում: Մեծամասամբ հայ բնակչություն ունեցող Քեսաբի վրա հարձակում իրականացվեց հենց Թուրքիայից՝ թուրքական զենքերով: Սա բոլորին է հայտնի: Ղարաբաղի խնդիրը ևս չպետք է դիտարկել Սիրիայի հարցից առանձին: 100 տարի անց ղարաբաղյան հակամարտությունն օգտագործվում է հայերին վախեցնելու համար՝ ասելու, թե տեսեք, 100 տարի առաջ նման բան ենք արել, 100 տարի հետո էլ նման բան կարող ենք անել»,- ասաց մտավորականը:

Նա փաստեց, որ մեր օրերում խիստ դժվար է Թուրքիայում լինել հայ և ազատ ստեղծագործել: Դրա վառ ապացույցն է պոլսահայ նշանավոր լեզվաբան Սևան Նիշանյանը, ով բանտարկված է առնվազն մեկ տասնյակ տարով: «Սևանը շատ կարևոր բաներ է արել: Այսօր նա բանտում կրոնական հարցերի պատճառով չէ, որ հայտնվել է: Նա իր գրքերով ցնցել է հանրապետության հիմքերը»,- ասաց պատմաբանը՝ նշելով, որ թեպետ մինչև օրս Նիշանյանը սպառնալիքներ է ստանում, այդուհանդերձ չի դադարում նոր աշխատություններ գրել:

Խոսելով Հայոց ցեղասպանության մասին` Չեթինօղլուն ընդգծեց, որ Օսմանյան կայսրությունում իրականացված հայերի ու Պոնտոսի հույների ցեղասպանությունները Հոլոքոստից տարբերվող շատ կարևոր մի կողմ ունեն: «Արևմուտքը երբեք հրեայի գենետիկ ավազանից չի օգտվել, սպանել է և վերջ. Թուրքիայում, սակայն, ցեղասպանություններն այդպիսին չեն եղել: Մի մասին սպանել են, իսկ մյուսին` առևանգել, բռնի մուսուլման դարձրել: Սա շատ կարևոր առանձնահատկություն է»,- նկատեց պատմաբանը, ով մեծանալով հենց Պոնտոսի տարածաշրջանում` ժամանակակից Թուրքիայի հյուսիսային, սևծովյան հատվածում, մանկուց ի վեր իմացել է Ցեղասպանության մասին:

«Պետության քաղաքականությունն ու մարդկային արժեքները տարբեր են: Պետք է կարողանալ մադկային արժեքնները վեր դասել պետության շահերից: Արևմուտքը պետք է կյանքի կոչի իր իսկ հռետորաբանությունն ու որդեգրած արժեքները: Ցավոք, հաճախ խոսքերն ու գործողությունները իրարից տարբերվում են, և հենց դա է, որ մեզ խիստ վիրավորում է, բարդ իրադրության մեջ է դնում:

Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին ես Երևանում էի և տեսա, թե ինչպես են ողջ աշխարհի ճնշված ժողովուրդները համերաշխության մեջ հայերի հետ: Դա ինձ մեծ հույս ներշնչեց: Հայաստանն ու հայկական հասարակությունն ասես դարձել են ողջ աշխարհի ճնշված ժողովուրդների հովանոցը»,- նման կարծիք հայտնեց Սաիթ Չեթինօղլուն:

Արաքս Կասյան

Տեսանյութեր

Լրահոս