Դոլարայնացման մակարդակը Հայաստանում
Դոլարայնացման մակարդակը Հայաստանի Հանրապետությունում 2016 թվականի ապրիլի դրությամբ ավանդների տեսանկյունից հիմնականում նվազել է, վարկավորման տեսանկյունից՝ աճել։
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ Կենտրոնական բանկի տեղեկագրից՝ ՀՀ ռեզիդենտների արժութային ավանդների և փողի զանգվածի հարաբերակցությունը (D1 ցուցանիշ) ապրիլին եղել է 52%: Այս ցուցանիշը 2015 թվականի դեկտեմբերին 52.2% էր, իսկ 2016-ի մարտի՝ 53.4%:
D2-ը (ռեզիդենտների արտարժութային ավանդների և ռեզիդենտների ընդհանուր ավանդների հարաբերակցությունը) նույնպես նվազել է՝ հասնելով 62.2%-ի:
Ռեզիդենտ ֆիզիկական անձանց արտարժույթով ցպահանջ ավանդների կշիռը ռեզիդենտ ֆիզիկական անձանց ընդհանուր ցպահանջ ավանդներում (D3) 54.5% է, ինչը բարձր է 2015 թվականի դեկտեմբերի 51.8%-ից, սակայն ցածր է նախորդ ամսվա՝ մարտի ցուցանիշից (55.7%):
Ամենադոլարայնացվածը շարունակում են մնալ ժամկետային ավանդները։ Այսպես, ռեզիդենտ ֆիզիկական անձանց արտարժույթով ժամկետային ավանդների կշիռը ռեզիդենտ ֆիզիկական անձանց ընդհանուր ժամկետային ավանդներում (D4 ցուցանիշ) 2016 թվականի ապրիլին կազմել 74.6%: Սակայն դոլարայնացման մակարդակն այս ուղղությամբ նվազել է թե՛ նախորդ ամսվա համեմատ, թե՛ տարվա սկզբի։
Ինչ վերաբերում է վարկերի դոլարայնացմանը, ապա տարվա սկզբի համեմատ 0.2 տոկոսային կետով աճ կա, սակայն նախորդ ամսվա համեմատ՝ 0.3 տոկոսային կետով նվազում։ Ռեզիդենտ իրական հատվածին արտարժույթով տրամադրված վարկերի և ռեզիդենտ իրական հատվածին տրամադրված ընդհանուր վարկերի հարաբերակցությունը (D5) 2016 թվականի ապրիլին կազմել է 66.4%: