«Պոլսո հայ համայնքը ճնշված չէ, Աթեշյանի նամակն Էրդողանին սիրելի երևալու նրա մարմաջի հետևանքն է». Բագրատ Էստուկյան

«Պոլսո հայ համայնքի միակ ճարը Պոլսո պատրիարքի նոր ընտրությունների անցկացումն է»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի հայերեն բաժնի պատասխանատու խմբագիր Բագրատ Էստուկյանը՝ անդրադառնալով Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանին ուղարկած նամակին:

Հիշեցնենք, որ Աթեշյանն իր նամակում ասել էր, որ դաշնային խորհրդարանը չի կարող իրեն տեսնել՝ որպես դատավոր: «Որոշումը մեր ազգի մոտ խորը տխրություն է առաջացրել»,- նշել էր Աթեշյանը: Նա նաև ասել է, որ Օսմանյան թուրքերին ամբողջությամբ հանցավոր հայտարարելն էթիկայի առումով քննարկելի հարց է: Աթեշյանը շեշտադրել էր, որ երկու վաղեմի և հարևան ժողովուրդներին պետք չէ՝ ատելություն և թշնամության խոսքերով մեկը մեկից հեռացնել, և պատմությունը քաղաքականացնելու փոխարեն՝ հարկավոր է աշխատել բարեկամության և խաղաղության ջանքերի շուրջ:

Խոսելով ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի արձագանքի մասին, թե Աթեշյանի նամակը ցույց է տալիս, որ Պոլսում հայությունը գտնվում է ճնշված վիճակում, նա ասաց, որ այդ մեկնաբանությունը սխալ է, քանի որ Պոլսո հայ համայնքում բացարձակապես ճնշվածություն չկա: Նրա հստակեցմամբ՝ Աթեշյանի նամակն Աթեշյանի քաղաքական դիրքորոշման հետևանքն է, և ոչ ավելին: «Իշխանություններին սիրելի երևալու Աթեշյանի մարմաջի հետևանքն է: Ոչ մեկը ճնված չէ, Աթեշյանը՝ ևս: Անշուշտ, նա կարող էր պաշտպանել հայ համայնքի շահերը և հայկական դիրքորոշումը, նրան դրանում որևէ մեկը չի ճնշում, ինչպես նախորդ պատրիարքներին, սա իր նախասիրությունն է պարզապես»,- ասաց Էստուկյանը:

168.am-ի հարցին, թե ի՞նչ միջոցներ կան նրան կարգալույծ անելու համար` Բագրատ Էստուկյանն արձագանքեց՝ ասելով, որ որևէ միջոց գոյություն չունի: «Չկա մի մարմին, մի եղանակ, որով հնարավոր է նրան   կարգալույծ անել: Ուստի մեր միակ ճարը պատրիարքի հերթական ընտրության սպասելն է, երբ այդ ընտրությունը տեղի ունենա, նա, ամենայն հավանականությամբ, չի ընտրվի, քանի որ Պոլսո պատրիարքը ժողովրդի ձայներով է ընտրվում, և ժողովրդի մոտ նա այդքան հեղինակություն չունի, եթե ընտրություն լինի, նա մեծ հավանականությամբ պատրիարք չի լինի»,- պարզաբանեց Բագրատ Էստուկյանը` հավելելով, որ Պոլսո հայ համայնքի մի կարևոր հատվածն իր դիրքորոշումը հայտնել է այս նամակի վերաբերյալ, ավելին, բազում անգամներ Պոլսո հայ համայնքն իր դիրքորոշումն է հայտնել Պոլսո ներկայիս պատրիարքի անձի վերաբերյալ:

Նշենք, որ 2008 թվականին Ստամբուլի պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մոտ հայտնաբերվել էր անբուժելի հիվանդություն: Ըստ եկեղեցական և Թուրքիայի Հանրապետության սահմանած որոշ օրենքների՝ պետք էր անցկացնել պատրիարքի ընտրություն: Ինչպես ավելի վաղ թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն էր ասել, 2009 թվականին սկսեցին խոսակցություններ պատրիարքի ընտրությունների վերաբերյալ և արվեցին որոշ քայլեր. անգամ պարզ դարձան հավանական թեկնածուները:

Սակայն որոշ ժամանակ անց, ըստ Մելքոնյանի,  այլևայլ պատճառներով ընտրություններ անցկացնելու հարցը դուրս բերվեց օրակարգից, իսկ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը նշանակվեց պատրիարքական փոխանորդ: Եվ արդեն ութ տարի ընտրություններն անցկացնելու հարցն արհեստականորեն ձգձգվում է, թեև հայ համայնքն այս ընթացքում տարբեր ակցիաներով և նախաձեռնություններով պահանջել է անցկացնել ընտրություններ: Ըստ Պոլսո հայ համայնքի ներկայացուցիչների՝ սա իրենց լինել-չլինելու հարցն է, ընտրությունները վաղուց պետք է անցկացվեին, պարզապես Արամ Աթեշյանը, ելնելով անձնական շահախնդրությունից, հետաձգում է ընտրությունների անցկացումը` հասկանալով, որ ընտրությունների արդյունքում ինքը չի ընտրվելու Պոլսո պատրիարք:

Տեսանյութեր

Լրահոս