«Հայաստանի հետ ստեղծվող ՀՕՊ-ը վերահսկելու է ՆԱՏՕ-ական երկրներին»
Անցած շաբաթ Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց լիագումար նիստերի օրակարգում «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրն ընդգրկելու մասին հարցին։
Մի շարք վերլուծաբանների պնդումների համաձայն, այդ համաձայնագրով իրականում Հայաստանի օդային տարածքը ևս հանձնվելու է Ռուսաստանին, քանի որ դրանով հայկական կողմը լիովին զրկվում է որոշումների կայացման հարցում ինքնուրույնությունից։
«Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված համակարգի զորքերի և հակաօդային պաշտպանության այլ տարածաշրջանային համակարգերի կազմի մեջ մտնող զորքերի համատեղ գործողությունների համակարգումն իրականացնում է ՌԴ Զինված ուժերի օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարը, իսկ ընդհանուր ղեկավարումը` ՌԴ Հարավային զինվորական օկրուգի զորքերի հրամանատարը»,- ներկայացնելով համաձայնագիրը՝ ասել էր ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը` ավելացնելով, որ Հայաստանի համապատասխան մարմինները որոշումների կայացման լիազորություն են ունենալու միայն տեղական նշանակության հարցերում. «Ինչ վերաբերում է հավաքական անվտանգության առանձին շրջանի հակաօդային պաշտպանության միավորված համակարգի զորքերի համատեղ գործողությունների կառավարմանը, ապա այն իրականացնում է Հայաստանի Զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի պետը»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը պարզաբանել է, թե ինչ է ենթադրում այդ համակարգը։ Հայկական լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում նա ասել է.
«Փաստաթուղթը ստեղծում է իրավական հիմքեր Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում ՀՕՊ համակարգի ստեղծման համար` Հայաստանի և Ռուսաստանի պետական սահմանների շրջանակում։ Դա թույլ կտա ՀՀ օդային տարածքի և պետության տարածքում գտնվող օբյեկտների պաշտպանության ընթացքում կիրառել ոչ միայն Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի ՀՕՊ ուժերը և ավիացիան, այլ նաև` ՌԴ Հարավային ռազմական օկրուգի ուժերը։ Դա ՀՀ և ՌԴ անվտանգության ապահովման հավելյալ երաշխիքներ կտրամադրի»։
«168 Ժամի» հետ զրույցում Ռազմական կանխատեսման կենտրոնի տնօրեն, ռուս ռազմական փորձագետ Անատոլի Ցիգանոկը նշեց, որ անհիմն են ձևակերպումներն այն մասին, որ այս համաձայնագրով Հայաստանը զրկվում է իր օդային տարածքը տնօրինելու իրավունքից։ Նա նշեց, որ Կովկասը գտնվում է երեք ռազմական կառույցների գործունեության գոտում` ՆԱՏՕ, ՀԱՊԿ և Շանհայյան համագործակցության Կազմակերպություն։
«ՀՕՊ միասնական համակարգը պարզապես ՀԱՊԿ անվտանգության համակարգի մի մասն է։ Եթե ուշադիր հետևեք զարգացմանը, ապա կնկատեք, որ անվտանգության համակարգը հիմնականում զարգանում է վերջին 25 տարիների ընթացքում, եթե 25 տարիների ընթացքում համաձայնագրեր են ստորագրվել, ոչինչ չի արվել, 15 տարի ստորագրվել են համաձայնագրեր, ինչ-որ բան արվել է, 5 տարի առաջ առաջին անգամն էր, երբ Ղրղըզստանի իրադարձություններից հետո ՀԱՊԿ-ի շրջանակում լուրջ որոշում կայացվեց։
Երեք տարի առաջ, եթե ուշադիր լինեք, ստեղծվեց ՀՕՊ միասնական համակարգ` Բելառուս, Ռուսաստան, Հայաստան, և անցյալ տարի միացավ նաև Ղազախստանը։ Նախորդ տարի թուրքական ուղղաթիռները չկարողացան մուտք գործել ՀՀ օդային տարածք, որովհետև այս համակարգն արդեն գործում էր, և որովհետև այս համակարգը վերահսկում է թուրքական և վրացական ուղղությունները՝ հաշվի առնելով այս երկրների կապերը ՆԱՏՕ-ի հետ։ ՀՕՊ համակարգը վերահսկում է ՆԱՏՕ-ական երկրներին։
Այս համակարգի շրջանակում համակարգի մաս կազմող երկրներին հնարավորություն է տրվել հավելյալ համատեղ աշխատանք կատարել ու համակարգեր ստեղծել միայն ՀԱՊԿ-ի շրջանակում։ Խոսել այն մասին, որ սա Ռուսաստանին հնարավորություն կտա ազդել անվտանգության համակարգի վրա, սխալ է, քանի որ ՀՀ անվտանգության համակարգը տնօրինելու է ՀՀ նախագահը։
Եթե լինի ռազմական սպառնալիք, հայկական կողմը կտնօրինի իր ուժերը, մենք այդ մասին խոսել ենք»,- նշեց նա` հավելելով, որ համակարգն ակտիվացնում է տեղեկատվության փոխանակումը երկրների միջև, դրանով իսկ ավելի արդյունավետ դարձնելով օդային պաշտպանությունը։ «Հայաստանի նախագահն ինքն է տնօրինում իր ուժերը»,- ամփոփեց Ցիգանոկը։