«Գիշերը քնած էի, կարծես թե ձայն տվեց` մա՛մ… Վեր թռա… Նայեցի, կողքիս մարդ չկար։ Հետո գլխի ընկա, որ այդ ժամերին էր»
Ճամբարակում զոհված Մհեր Երզնկյանը երկուսուկես ամսվա ծառայող էր։ Մհերը հրազենային վիրավորում է ստացել ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը։ Մհերի ընտանիքն ապրում է Երևանում։ Մհերի ավագ եղբայրը պայմանագրային զինծառայող է, ունի նաև մեկ քույր. նա 11 տարեկան է։ 1995թ. ծնված Մհերի մայրը` տիկին Արմինեն, խոսելով որդու մասին, ասում է` բոլորին հասնում էր, լավ ընկեր էր, հարգում էր թե՛ մեծերին, թե՛ փոքրերին. «Ոչ ոք չի հավատում, որ Մհերի հետ այսպիսի դեպք է եղել»։
«Շատ լավ տրամադրված ծառայում էր»
«Դպրոցում երեխաների կողմից սիրված էր, հարգված»,- ասում է Մհերի մայրը` նշելով, որ որդին 9-ամյա կրթություն է ստացել, ապա սկսել է ոսկերչություն սովորել։ «Շատ լավ սովորեց։ Վարպետն իրենից շատ գոհ էր։ Նույնիսկ ասաց` շնորհակալություն այսպիսի զավակ ունենալու համար, ամեն բանում օգնում էր, դեռ մի բան էլ ինքն էր ինձ խորհուրդներ տալիս»,- ասում է մայրը` նշելով, որ առողջական խնդրի պատճառով Մհերի ծառայության մեկնելը մի քանի անգամ հետաձգվել է. այդ ընթացքում որդին աշխատել է տարբեր վայրերում։
«Խանութում աշխատեց։ Այնտեղ իրեն հարգում, շատ սիրում էին։ Մի անգամ մտա, ասացին` արի՛, տեսնենք Մհերի մայրն իր նման լա՞վն է, այդ ինչ լավ երեխա եք դաստիարակել։ Բոլորը գոհ էին։ Իրեն շատ էին սիրում։ Հասնում էր բոլորին։ Աղջիկներին տուն էր ճանապարհումգ»,- ասում է Մհերի մայրը։ 2016թ. հունվարի 16-ին Մհերը զորակոչվել է բանակ։
Նրա խոսքով` մինչև գնալը Մհերը մի քիչ անտրամադիր է եղել, քանի որ տարիքով մեծ է եղել. «Ասում էի` Մհե՛ր ջան, մի՛ նեղվիր, միևնույն է` պետք է ծառայես։ Հետո, երբ գնաց, երկրորդ, երրորդ օրը զանգել էր` ուրախ, ասում էր` մա՛մ, այստեղ նույնիսկ 25 տարեկան տղաներ էլ կան։ Միանգամից փոխվեց։ Տրամադրությունը լավ էր, մի բան էլ ինքն էր զանգում, հարցնում` նեղվա՞ծ ես։ Շատ լավ տրամադրված ծառայում էր։ Երբ գնացինք իր մոտ, ես եկել եմ, հանգիստ քնել։ Բոլորը սիրում էին իրեն, բոլորի հետ ընկերական էր»։
Մհերի հայրը` Արամայիսը, պատմում է, որ որդին խմբագրակազմի անդամ էր` իր ձեռքով նկարել, գրել էր։ «Հրամանատարները զարմացել էին, ասում էին` 9-ամյա կրթությամբ երեխան` այսքան կիրթ, գրագետ, ասում էին` շատ հազվադեպ է պատահում»,- ասում է Մհերի հայրը։ Նրա խոսքը շարունակելով` մայրը նշում է. «Հրամանատարն ասել էր` 15 օրվա ծառայող էր, ամբողջ զորամասում իրեն սիրում էին»։ Մարտի 3-ին լրացել է Մհերի 21-ամյակը։ Մարտի 5-ին ընտանիքը զինծառայողին տեսակցության էր գնացել, Մհերը բարձր տրամադրություն է ունեցել։ «Հետո զանգեց, ասաց` ձեզնից բան չհասկացա։ Ընդհանրապես երեք ժամ են տալիս։ Ասացի` կարևորը` տեսանք իրար»,- ասում է Մհերի մայրը։ Ծնողների խոսքով` Մհերի համար ծառայության 2.5 ամիսը թեթև անցավ։ «Մարտի 5-ին, երբ գնացել էինք, հանեցի, որ երեխային գումար տամ, ինքը սկսեց գումար տալ»,- ասում է Մհերի հայրը։ Մայրն էլ շարունակում է. «Ինձ տվեց, տատիկին տվեց, ասաց` ձեզ նվեր կգնեք մարտի 8-ին»։ «Ձյան մեջ խրվելով` գնում էի, որ նկարեի։ Նայում էր, թե ես ինչպես պետք է հասնեմ իրեն։ Շունչս կտրվելով` գնացի, հասա իրեն, ինքը հանգստացավ։ Անընդհատ ժպտաց։ Իրոք, հավեսով ծառայում էր»,- հիշում է Մհերի մայրը։
«Կարող էր թաքնվել, բայց չի թաքնվել. սկսել է կռվել»
«Կռվի ժամանակ երբ զանգում էինք, հարցնում` Մհեր, ձեզ հո չե՞ն տանելու սահման, ասում էր` մա՛մ, հանգի՛ստ եղիր, մեզ մոտ տագնապ է, բայց հանգիստ է, մենք լավ ենք, ոչինչ չկա։ Դեպքի օրն ինքը ճաշարանի նարյադ էր եղել, բայց կարաուլ էր ուզել։ Հարցրի` հաց կերե՞լ ես. պատասխանեց` հա։ Հարցրի` քաղցր ունե՞ս։ Ասաց` հա։ Ասացի` դե լցրո՛ւ գրպանդ։ Վերցրել էր։ Հրամանատարն ասաց` երեխու գրպանում քաղցրեղեն կար»,- ասում է Մհերի մայրը։ Վերջին խոսակցությունը Մհերի հետ ապրիլի 5-ին էր եղել։
«Գիշերը քնած էի, կարծես թե ձայն տվեց` մա՛մ։ Վեր թռա, մտածեցի` աղջիկս էր։ Նայեցի, կողքիս մարդ չկար։ Եկա, աղջիկս քնած էր։ Հետո գլխի ընկա, որ այդ ժամերին էր։ Չգիտեմ` երա՞զ էր, թե՞ ինչգ Առավոտյան արթնացա, հեռուստացույցը միացրի, լսեցի, որ հրադադար է, հանգստացա։ Այդ մի քանի օրերի ընթացքում շատ նեղված էինք։ Իր համար հանգիստ էի…»,- պատմում է Մհերի մայրը։
Հայրն էլ ասում է, որ որդին ականանետային խմբի նշանառու էր, տարել էին զորավարժությունների. Մհերը երեք փամփուշտից երեքն էլ ճիշտ նշանակետին էր կրակել. «Ընդունակ երեխա էր։ Դիմել էր, որ հետախուզությունում ծառայեր, մերժել էին առողջական խնդրի պատճառով։ Իրեն այնպես էր դրսևորել, որ նկարը դրել էին` որպես շաբաթվա լավագույն ֆիզպատրաստված զինվոր»։ Մհերի մայրը հիշում է` որդին խոսակցություններից մեկի ընթացքում ասել էր` սպասի՛ր խրախուսանքների։
«Շատ էր սիրում ծառ ու ծաղիկ մշակել։ Բակի ծաղիկներն ինքն է մշակել։ Աշխատանքից շնչակտուր գալիս էր, սկսում ջրել»,- ասում է Մհերի մայրը։ Նրա խոսքով` որդին շատ կապված էր քրոջ հետ։
«Դեկտեմբերին քրոջ 11-ամյակն էր։ Աշխատանքից եկավ, քույրն արդեն քնած էր։ «Ծնունդդ շնորհավոր» գրությամբ պաստառ էր բերել, փուչիկներ, նվեր։ Առավոտյան` մինչև աշխատանքի գնալը, քրոջն արթնացրեց, ուրախացրեց։ Մեր ծննդյան օրերին էլ գիշերը մեկ էլ տորթ կբերեր։ Մի քանի տարի առաջ ծննդյանս օրը տուն մտա, հետ ուղարկեց ինձ, ասաց` չմտնես։ Մտա, տեսնեմ` ամբողջ սեղանին նվերներ, փուչիկներ, տորթ… Ուրիշ երեխա էր։ Ես հիմա չեմ պատկերացնում` ոնց կարող ենք առանց Մհեր… Ասել են` դիմացի՛ր, հասնում ենք։ Կարող էր թաքնվել, բայց չի թաքնվել։ Սկսել է կռվել»։
Հունվարի 14-ին սոցիալական ցանցում հրապարակելով այս նկարը` Մհերը գրել էր. «Ինձ բարի ծառայություն»։