Իշխանությունն՝ ընդդեմ իշխանության

ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգում ներառված է մի որոշում, որի համաձայն՝ 2016 թվականի հուլիսի 1-ից կիրառությունից կհանվեն Հայաստանի Հանրապետություն ներմուծվող կամ Հայաստանի Հանրապետությունում արտադրվող` «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ դրոշմավորման ենթակա ապրանքների դրոշմավորման համար «2012» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշերը։

Նույն որոշման համաձայն՝ ՀՀ ներմուծված կամ Հայաստանում արտադրված` «2012» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված արտադրանքի իրացումը թույլատրվում է մինչև 2018 թվականի հունվարի 1-ը։ Եվ վերջապես՝ որոշման նախագծի 3-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի նախագահին հանձնարարվում է` մինչև 2016 թվականի հոկտեմբերի 1-ը հաստատել դրոշմավորման համար նախատեսված` հարկ վճարողներին չտրամադրված կամ հարկ վճարողների կողմից հարկային մարմին վերադարձված՝ չօգտագործված (այդ թվում՝ վնասված)՝ «2012» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշերի դուրսգրման ու ոչնչացման կարգը և ապահովել այդ աշխատանքների կատարումը։

Պարզ, տեխնիկական բնույթի որոշում է, որը որևէ ազդություն չի ունենալու բիզնեսի կամ հարկերի հավաքագրման վրա։ Սակայն ամենաուշագրավը ոչ թե որոշման նախագիծն է, այլ այն, ինչ դրան հաջորդում է։

Ինչպես ընդունված է՝ տարբեր գերատեսչություններ իրենց եզրակացություններն ու առաջարկներն են ներկայացնում ընդունվելիք որոշումների առնչությամբ։ Օրինակ՝ Ֆինանսների նախարարությունը եզրակացրել է, որ Հայաստանի Հանրապետության կառավարության այս որոշման ընդունմամբ պետության եկամուտների նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում։ Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկներ չի ներկայացրել։

Եզրակացություն ու առաջարկ ներկայացնող միակ մարմինն Արդարադատության նախարարությունն է։ Այն էլ՝ ինչ կոշտ եզրակացություն։ ՀՀ արդարադատության նախարարությունը, ոչ ավել, ոչ պակաս, եզրակացրել է, որ որոշման նախագիծը հակասում է ՀՀ Սահմանադրությանը։ «Որոշման նախագիծը (այսուհետ՝ նախագիծ) չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։ ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր։

Մինչդեռ նախագծի 3-րդ կետի համաձայն՝ ՀՀ ֆինանսների նախարարին հանձնարարվում է մինչև 2016 թվականի հոկտեմբերի 1-ը հաստատել դրոշմավորման համար նախատեսված` չօգտագործված և (կամ) վնասված «2012» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշերի դուրսգրման ու ոչնչացման կարգը և ապահովել այդ աշխատանքների կատարումը։ Ելնելով վերոգրյալից՝ գտնում ենք, որ նախագծի վերոնշյալ կետի դրույթները չեն համապատասխանում ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի դրույթներին։ Այդ առումով առաջարկում ենք դրոշմավորման համար նախատեսված` չօգտագործված և (կամ) վնասված «2012» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշերի դուրսգրման ու ոչնչացման կարգի վերաբերյալ դրույթները սահմանել ներկայացված ՀՀ կառավարության որոշման նախագծում»,- նշում է ԱՆ-ն՝ անհրաժեշտ համարելով նախագիծը համապատասխանեցնել սույն եզրակացությանը։

Սա էլ դեռ ամենը չէ։ Պարզվում է՝ Արդարադատության նախարարության այդ առաջարկը Կառավարությունը չի ընդունել։ Սա նշանակում է երկու բան. կա՛մ կառավարությունը համարում է, որ որոշման նախագիծը չի հակասում Սահմանադրությանը՝ դրանով իսկ կասկածի տակ դնելով Արդարադատության նախարարության կոմպետենտությունը։ Կա՛մ համաձայն է, որ հակասահմանադրական է, սակայն դա չի խանգարում։ Երկու դեպքում էլ շատ հարցեր են առաջանում։

Սակայն մեր ասելիքը կոնկրետ այս որոշմանը չի վերաբերում (ի վերջո, դա ավելի շատ իրավական բնույթի տեխնիկական խնդիր է, որը հեշտությամբ կլուծվի)։ Ավելի կարևոր է՝ արձանագրենք այն փաստը, որ պետական մի գերատեսչությունը հակադրվում է մյուսին։ Սա վատ չէ։

Անցնենք առաջ։ Մամուլն արդեն գրել է, որ 2 տարի մշակվող Հարկային օրենսգրքի նախագիծն արդեն պատրաստ է և քննարկվում է Ազգային ժողովում։ Այն շուտով պետք է ներկայացվի պատգամավորների դատին, քանի որ նախագծի մշակման աշխատանքները ֆինանսավորած միջազգային ֆինանսական կազմակերպությունները ՀՀ կառավարության առջև վերջնաժամկետ են դրել՝ ՀՕ-ն պետք է ընդհանուր առմամբ պատրաստ լինի առավելագույնը երկու տարվա ընթացքում։

Թվում է՝ ի՞նչ խնդիր կա. ԱԺ-ն կողմ կքվեարկի, ինչպես կառավարության ներկայացրած գրեթե բոլոր օրենսդրական նախաձեռնությունների դեպքում։ Սակայն ԱԺ-ն կարծես որոշել է անակնկալ մատուցել։ ՀՀ Ազգային Ժողովի Տնտեսագիտական վարչությունը նախագծի վերաբերյալ իր եզրակացության մեջ խիստ քննադատության է ենթարկել այս փաստաթուղթը։ Օրինակ, կասկածի տակ են առնվել ՀՕ-ի հեղինակների հիմնավորումները, որոնք դրված են շրջանառության հարկի շեմը 115 միլիոն դրամից 40 միլիոն դրամի հասցնելու դրույթի հիմքում։

ԱԺ Տնտեսագիտական վարչությունը, ըստ էության, ընդունել է նաև եկամտային հարկի առնչությամբ հնչող քննադատությունները՝ նշելով, որ դրույքաչափերի առաջարկվող փոփոխությունները հետապնդում են գլխավորապես ֆիսկալ նպատակներ` ծանրացնելով եկամտային հարկ վճարողների գերակշիռ մեծամասնության հարկային բեռը։ «Սրա արդյունքում, կարծում ենք, զգալիորեն կնվազի վարձու աշխատողների հիմնական զանգվածի փաստացի գնողունակությունը, և կնպաստի աշխատուժի արտահոսքի մեծացմանը (հատկապես` դեպի Ռուսաստանի Դաշնություն, որտեղ այս հարկի դրույքաչափը կազմում է 13-15 տոկոս)»,- նշվում է եզրակացության մեջ։ Սա, մեղմ ասած, բացահայտ մեղադրանք է գործադիրի հասցեին՝ մարդկանց աղքատացնելու և արտագաղթը խթանելու համար։

Սրանից օրեր առաջ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2015թ. բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ բուռն վիճաբանություն ծավալվեց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի ու ՊԵԿ փոխնախագահ Արմեն Ալավերդյանի միջև՝ հարկերի հավաքագրման, սպառման նվազման ու մեքենաների մաքսազերծման հարցերի հետ կապված։

Կրկին շեշտենք փաստը՝ իշխանության օրենսդիր թևը հանդես է գալիս մյուս՝ գործադիր թևի դեմ։

Մի քիչ էլ ետ գնանք։ Վարչապետը 4 շաբաթ առաջ հայտարարեց մենաշնորհների, կոռուպցիայի, անարդյունավետ ծախսերի դեմ պայքար։ Իհարկե, ոչ բոլորն են հավատում այդ պայքարի հաջողությանը, թերահավատությամբ են մոտենում հայտարարությանն ու դրան հաջորդած քայլերին։

Սակայն եկեք այստեղ էլ ֆիքսենք հետևյալ փաստը՝ կառավարությունը դա արեց սեփական նախաձեռնությամբ, առանց ընդդիմության ճնշումների։ Ճիշտ է, այստեղ դեր խաղաց ապրիլյան պատերազմը, որը մեր բոլոր խնդիրները հանեց ջրի երես և ակնհայտ դարձրեց դրանց լուծման հրատապությունը։ Բայց կրկին շեշտենք՝ խորհրդարանական ընդդիմությունն այստեղ դեր չուներ։

Դեր չուներ նաև այն ժամանակ, երբ կառավարությունը հետաձգեց կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի ներդրումը։

Մի խոսքով, այնպիսի տպավորություն է, որ իշխանությունը պայքար է սկսել ինքն իր հետ՝ իր ներսում։ Շատերն ասում են՝ առջևում ընտրություններ են, պատճառը դա է։ Սակայն անհասկանալի է՝ ընդդիմությունն այդ ընտրություններին չի՞ պատրաստվում։
Խորհրդարանական ընդդիմությունն այս պահին (հատկապես՝ տնտեսական հարցերով) ոչ միայն օրակարգ չի թելադրում, այլ ընդհանրապես ասպարեզում չկա։ Խնդրահարույց օրենքների, որոշումների ու ձեռնարկված քայլերի արդյունավետության հարցով ակտիվ են հիմնականում քաղաքացիական հասարակության կազմակերպություններն ու արտախորհրդարանական որոշ ուժեր, որոնք այսօր մեծ կշիռ չունեն։

Ընդդիմության ներկայացուցիչները երբեմն-երբեմն, ստաժը չկորցնելու համար, ԱԺ կամ հանձնաժողովների նիստերի ժամանակ կառավարությանը փորձում են սուր հարցեր ուղղել, սակայն հարցերը, որպես կանոն, ոչ թե իրենք են վեր հանում, այլ պարզապես կրկնում են մամուլի հարցադրումները։ Իսկ սեփական նախաձեռնությամբ երբեմն տալիս են այնպիսի ոչ պրոֆեսիոնալ հարցեր, որ չեն տալիս անգամ սկսնակ լրագրողները։
Մի խոսքով, ՀՀ խորհրդարանական ընդդիմությունը կամ ընդհանրապես գլուխ չի հանում տնտեսական անցուդարձից (բացառությամբ որոշ անհատ պատգամավորների), կամ էլ պարզապես «զահլա չունի» խորանալ օրենսդրական հաստափոր թղթապանակների մեջ։

Ճիշտ է, մենք երբեք չենք ունեցել դասական «ստվերային» ընդդիմություն, որտեղ համապատասխան ոլորտի պատասխանատուներն իրոք կխեղճացնեին կառավարության անդամներին։ Բայց այս աստիճանի «գլխառադ անելու» պրակտիկա էլ վաղուց չի եղել։

Տեսանյութեր

Լրահոս