
Չնայած «հավերժ աբիժնիկները» խարազանում են Ռադիկ Մարտիրոսյանին, սակայն նրանք բոլորը նույն նախապաշարումների գերին են. «Առավոտ»

«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. «Երկու օր առաջ տեղի ունեցավ հայկական սմարթֆոնների շնորհանդեսը: Միջոցառումը համեստ էր կազմակերպված` ոչ ոք չէր ասում, որ դա ինչ-որ հեղափոխություն է IT ոլորտում: Բայց նպատակը` որ Հայաստանում հավաքված հեռախոսներն ու պլանշետները մրցունակ լինեն մեր եւ (ինչու չէ) այլ երկրների շուկաներում, պետք է միայն ողջունել եւ ավելին` ցանկալի է դրան նպաստել: Որովհետեւ դա շաքարի կամ բենզինի ներկրում չէ, ոչ էլ նույնիսկ` հանքարդյունաբերություն: Դա գիտելիքի վրա հիմնված բիզնես է, որը, վստահ եմ, պատշաճ ուշադրության դեպքում կարող է հզորացնել մեր երկիրը:
Բայց տեսնենք, թե ինչպես է այդ իրադարձությանն արձագանքել մեր հասարակության մի մասը: Եթե դատենք «ֆեյսբուքյան փնթփնթանների» գնահատականներով, ապա կարելի է ասել, որ այդ մասը ծաղրում է, հեգնում է եւ փնովում մեր հայրենակիցների նախաձեռնությունը: Տրամաբանությունը մոտավորապես նույնն է, որով առաջնորդվում է Գիտությունների ակադեմիայի նախագահը` «էս քոսոտ երկրում հնարավոր չէ սմարթֆոն հավաքել»:
Հետաքրքիր է. չնայած «հավերժ աբիժնիկները» խարազանում են նաեւ Ռադիկ Մարտիրոսյանին, սակայն նրանք բոլորը նույն կարծրատիպերի եւ նույն նախապաշարումների գերին են: Իրականում ես վստահ եմ, որ որեւէ մարդու կամ որեւէ երկրի միակ «սահմանափակումը» մեր գլխի, մեր մտածողության մեջ է, այլապես ամեն ինչ հնարավոր է: Փաստարկը, համաձայն որի՝ «էս իշխանությունների օրոք» Հայաստանում ոչ մի լավ բան հնարավոր չէ, իհարկե, սպանիչ է»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում: