Բաժիններ՝

«Գրագողությունը շատ լուրջ խնդիր է, որովհետև նաև ֆինանսական հարված է հասցնում օնլայն մամուլին». Սամվել Մարտիրոսյան

«Օնլայն մամուլի տիրույթի խնդիրները կարելի է բաժանել երկու խմբի՝ գլոբալ և հայաստանյան: Լայն տեսանկյունից կան մի քանի հստակ հարցադրումներ, որոնք դեռ լուծումներ չեն ստացել: Ամենապարզը՝ ո՞րն է համարվում լրատվամիջոց: Այսօր իրավիճակն այնպիսին է, որ համացանցում կարելի է 15 րոպեում լրատվամիջոց բացել։ Սովորական օգտատերը ևս համարվում է լրատվամիջոց, որովհետև կարող է ուղիղ եթեր դուրս գալ, հրապարակումներ անել:

Աշխարհի տարբեր երկրներ տարբեր միջոցներ են կիրառում այս ամենի դեմ: Օրինակ՝ Չինաստանում ցանցն ամբողջությամբ պետության կողմից է վերահսկվում, որոշ երկրներում համացանցում գրանցված են անձնագրի տվյալներով, Հյուսիսային Կորեայում ընդհանրապես ինտերնետը փակ է, և այլն: Բայց այս մոդելները մեզ համար ընդունելի չեն, որովհետև գրաքննությունն ուժեղացնում են»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին նշեց մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ հավելելով, որ օնլայն խնդիրները պետք է փորձել լուծել օֆլայնի եղած տարբերակներով.

«Ի վերջո, եթե մարդուն զրպարտել են, կարևոր չէ, թե ինչ հարթակի վրա է, մենք մի քանի դատական փորձ ունենք, երբ ֆեյսբուքում զրպարտումն ընկալվել է՝ որպես հանրային զրպարտություն: Նա, ով գրառումն արել է՝ պարտադրվել է նույն հարթակում՝ ֆեյսբուքում, հերքում տալ, ներողություն խնդրել»:

Մեդիափորձագետը նկատեց՝ երբ ասպարեզում հայտնվում է լրատվամիջոց, որն օգտվելով իր անանունությունից՝ տարածում է ապատեղեկատվություն, իսկապես խնդիր է, բայց ըստ նրա՝ հակառակ խնդիրն էլ կա.

Կարդացեք նաև

«Այսօր ցանցում անանուն լինելը համարվում է մարդու իրավունքների բաղադրիչ մաս։ Եթե գանք նրան, թե արդյո՞ք հնարավոր է անանուն կամ կեղծ լրատվամիջոցների հախից գալ, ապա կարծում եմ՝ հնարավոր է, բայց այդ լուծումները ոչ մեկին դուր չեն գա: Դա հնարավոր է, եթե համացանցում արգելափակումներ մտցվեն, իսկ ուժային կառույցներն էլ փորձեն գտնել այդ մարդկանց։ Այսպիսի մեխանիզմներ, եթե սկսեն գործել, այս ամենի հակառակ կողմն էլ արագ կզգանք. կդառնա խոսքի ազատության ճնշման գործիք: Այս ճանապարհը մեզ համար չէ։ Փորձը ցույց է տալիս, որ հայտնաբերելը, թե ով է կանգնած այս կամ այն լրատվամիջոցի մեջքին, միշտ չէ հնարավոր։ Մեխանիկական լուծումների ժամանակն անցել է»։

Սամվել Մարտիրոսյանը կարծում է, որ ինքնակարգավորման մեթոդներն ավելի ճիշտ են. «Մեզ մոտ ձևավորվում է լրագրողական համայնք, որը կարող է գնալ ինքնակարգավորման ճանապարհով: Լրագրողները կարող են խնդիր դնել՝ մարդկանց կրթելու, որպեսզի մարդիկ հասկանան՝ որ աղբյուրներից կարելի է օգտվել: Ուրիշ լուծում չեմ տեսնում։ Գրագողությունը շատ լուրջ խնդիր է, որովհետև նաև ֆինանսական հարված է հասցնում օնլայն մամուլին։ Բայց, ամեն դեպքում, մեխանիկական լուծումներ չկան»։

168.am-ի հարցադրմանը՝ լրագրողական համայնքն ինչպե՞ս կարող է կրթել հասարակությանը, երբ, օրինակ, ՊՆ մամուլի խոսնակն իր էջում կիսվում է անանուն ու գրագողություն կատարած կայքի նյութով, այլ ոչ՝ սկզբնաղբյուր կայքի, սոցիալական ցանցերում ճիշտ աշխատել նման բարձր մակարդակներից չպե՞տք է սկսեն սովորել, մեդիափորձագետը պատասխանեց.

«Կարծում եմ՝ սոցիալական մեդիայի հետ աշխատանքի ոլորտում խնդիր ունեն բոլորը՝ սկսած պետական կառույցներից: Ես կարող եմ շատ երկար խոսել այն մասին, թե ՊՆ-ն ու ՊԲ-ն ինչ սխալներ են կատարում սոցցանցերից օգտվելիս: Այստեղ կարևորը տենդենցն է, այսինքն՝ ձգտում կա՞ ավելի կրթված լինել, թե՞ ոչ: Կրկնում եմ, եթե խնդիրը տանում ենք իրավական դաշտ, բայց ենք թողնում հնարավորությունը՝ ավելի կիրթ հասարակություն ունենալու, ապա ավելի շատ փորձում ենք կոշտ մեխանիզմներ կիրառել, որոնք չեն աշխատում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս