Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարարի հետ

Աշխաբադում անցկացվող Մշակույթի նախարարների միջազգային համաժողովի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի հետ։

Կողմերը քննարկել են երկու երկրների միջև մշակութային կապերի ամրապնդմանը վերաբերող հարցեր՝ երկուստեք համատեղ նախաձեռնությունների իրականացման պատրաստակամություն հայտնելով:

Կարևորվել է հարաբերություններն ընդլայնելու հնարավորությունն ու տարբեր կառույցների, անհատ ստեղծագործողների և ստեղծագործական խմբերի միջև համագործակցությունը խթանելու անհրաժեշտությունը, ինչպես նաև երկու երկրներում անցկացվող միջազգային մշակութային միջոցառումներին մասնակցությունը, անմիջական կապերի հաստատումն ու փորձի փոխանակումը:

Անդրադառնալով Հայաստանում մշակույթի ոլորտում իրականացվող բարեփոխումներին՝ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ կինոոլորտում մի շարք օրենսդրական փոփոխություններ են կատարվել, մասնավորապես՝ համատեղ կինոարտադրության համար ներդրումների մինչև 40%-ի չափով մասնակի վերադարձի հնարավորության է սահմանվել, որն այս ոլորտում ևս փոխհամագործակցության զարգացման հնարավորություն կարող է ապահովել:

Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարարը ևս ընդծել է Հայաստանի հետ համագործակցության մեծ ներուժը՝ հատկապես գրականության, կինոյի և երաժշտության ոլորտներում: Աիդա Բալաևան պատրաստակամություն է հայտնել քննարկելու Ղազախստանի գրադարաններում Հայաստանի գրողների ստեղծագործությունների համալրման և ներկայացվածության ավելացման ապահովման հարցը։

Երկու երկրների միջև մշակույթի ոլորտում համագործակցության, թատերահամերգային կազմակերպությունների, ինչպես նաև արվեստի գործիչների և մշակույթի տարբեր ոլորտների կազմակերպությունների միջև անմիջական կապերի հաստատման, համատեղ ցուցահանդեսների կազմակերպման նպատակով կողմերը կարևորել են նաև փոխգործակցության հուշագրի ստորագրումը:

Հանդիպմանը քննարկվել են նաև երկկողմ համագործակցության խորացմանը վերաբերող այլ հարցեր։

Տեսանյութեր

Լրահոս