Բագրատ սրբազանն այս պահին ինքն իրեն չի թիրախավորում, որպես շարժման առաջնորդ՝ սա ճիշտ քայլ է. Քաղաքական PR-ի մասնագետ

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը Տավուշի թեմի առաջնորդ տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ շարունակում է բողոքի ակցիաները, հանդիպումները Երևանում։ Մայիսի 9-ին Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ Բագրատ սրբազանը հայտարարեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջի մասին, որը, ըստ սրբազանի, պետք է տեղի ունենա խորհրդարանում՝ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու միջոցով։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն ապրիլի 19-ից բողոքում է Տավուշում ՀՀ իշխանությունների որոշմամբ իրականացվող սահմանազատման գործընթացի դեմ: Պահանջում են դադարեցնել միակողամնի զիջումը, որով վտանգվում է ոչ միայն Տավուշի, այլև ամբողջ Հայաստանի անվտանգությունը։

Այս շարժման մեկնարկից իշխանությունները, իշխանամերձ հանրային գործիչներն ու լրատվամիջոցները տարբեր մեթոդներով փորձում են վարկաբեկել Բագրատ սրբազանին՝ գործի դնելով նաև ոստիկանությանը՝ ճնշելու շարժման մասնակիցներին, բիրտ ուժի գործադրմամբ բերման ենթարկելով նրանց։

168.am-ի հետ զրույցում Քաղաքական PR–ի մասնագետ Էդգար Խաչատրյանը շարժման ընթացքում կիրառվող փիառ տեխնոլոգիաներին,դրանց արդյունավետությանն և հնարավոր բացթողումներին անդրադառնալուց առաջ, նախ խոսեց շարժման առաջնորդի՝ Բագրատ սրբազանի մասին։

Կարդացեք նաև

«Հայ Առաքելական եկեղեցին, անկախ նրանից՝ մարդը հավատո՞ւմ է աստծուն, թե՞ոչ, ունի քրիստոնեական ինքնություն, և նման տեսանկյունից, որպես փիառ գործիք, եկեղեցին շեշտադրումը դրել է հենց կարգախոսի վրա՝ «Հայ, Հայաստան, հայրենիք ու Աստված»։ Ի վերջո, մեր ինքնությունը քրիստոնեական է, այսինքն՝ այս տեսանկյունից որևէ խնդիր չկա, սա լավ կիրառվում է։

Մի քիչ թույլ է աշխատում մեդիա դաշտը։ Այստեղ արդեն թիրախի խնդիր չկա, այլ այս ամենը հասարակությանը մատուցելու հարց կա։ Թիրախն այստեղ հայ հասարակությունն է՝ և՛ Հայաստանում,և՛սփյուռքում բնակվող։ Եթե որպես թիրախ վերցնենք, ապա աշխարհում ապրում է մոտ 15 մլն հայ, և 15 մլն հայն էլ այս պահին թիրախ են։ Բոլորին պետք է հասցնել շարժման ամբողջական նպատակները։ Շատ ժամանակ մարդիկ տեղեկացված չեն լինում, թե որտեղ ինչ պետք է արվի ու ինչպես պետք է արվի, ընդ որում, խոսքն ակտիվ մարդկանց մասին է»,-նշեց Էդգար Խաչատրյանը։

Ինչ վերաբերում է Բագրատ սրբազանի իմիջին, ապա, մեր զրուցակցի գնահատմամբ՝Բագրատ սրբազանը խարիզմատիկ լիդեր է, նրա խոսքն ազդեցիկ է։

«Սրբազանի ընդդիմախոսները կարող են նրա խոսքի մեջ ինչ-որ կիքսեր գտնել, բայց սա էլ հակընդդեմ տեխնոլոգիաներն են, որոնք օգտագործում են նրանք։ Բագրատ սրբազանն այս պահին ինքն իրեն չի թիրախավորում՝ որպես շարժման առաջնորդ։ Նա հայտարարում է, որ՝ մենք ենք շարժման առաջնորդը, սա ճիշտ քայլ է, որովհետև, ի վերջո, գործընթացն առանց հասարակության, առանց այն մարդկանց, որոնք դուրս են գալիս փողոց, չի կարող հասնել հաջողության։

Բագրատ սրբազանին բոլորն ընդունում են՝ որպես լիդեր, շարժման մասնակից որևէ անձ դեռ հայտ չի ներկայացրել, որ ինքն է լիդերը, այսինքն՝ Բագրատ սրբազանը շարժման միանձնյա ընտրված լիդերն է։ Բայց նա էլ ճիշտ կոնտեքստում մատուցում է, որ այս շարժումը հայ ժողովրդի շահերից բխող գործընթաց է»,-շեշտեց մասնագետը։

Իշխանությունների և մերձիշխանական շրջանակների գործողությունների առնչությամբ էլ Էդգար Խաչատրյանն ասաց, որ վերջին վեց տարիների ընթացքում իշխանությունները ձևավորել են իրենց համախոհներին, «գործ անող» մարդկանց, ակտիվին, որը, բնականաբար, պաշտպանելու է օրվա իշխանությունների շահերը, հետևաբար՝ իշխանությունների հետ աշխատող անձինք փաստացի Բագրատ սրբազանին ընդունում են՝ որպես շարժման լիդեր։

«Եթե մեդիան ուսումնասիրենք, ապա կտեսնենք, որ ավելի շատ թիրախավորվումէ Բագրատ սրբազանը՝ որպես շարժման լիդեր։ Ընդ որում, նրա հետ կապված հարցեր են բարձրաձայնում, որոնց պատասխանները պարբերաբար տալիս են շարժման կողմնակիցները»,-նշեց Է. Խաչատրյանը։

Հայ Առաքելական եկեղեցուն և հոգևոր դասին ուղղված քննադատությունների մասին, թե զբաղվում են քաղաքականությամբ, իշխանություններին կհաջողվի՞ այս տեխնոլոգիայովորևէ բացասական ազդեցություն ունենալ շարժման ընթացքի վրա, մասնագետը պատասխանեց՝ սա ևս քաղաքական տեխնոլոգիա է, որ եկեղեցին որպես քաղաքական մարմին չեն դիտարկում։

«Երբ նայում ենք Հայոց պատմությունն ու Հայ եկեղեցու պատմությունը, ապա պարբերաբար տեսնում ենք, որ մեր կաթողիկոսները, եկեղեցականները երբ զգացել են հայրենիքին սպառնացող վտանգ, կամ երբ պետականություն չենք ունեցել՝ ստանձնել են կենտրոնական իշխանությունների կամ հավաքագրողների գործառույթներ։ Կամ, եթե դրա անունը դնենք քաղաքականություն, զբաղվել են քաղաքականությամբ, զբաղվել են տարբեր պետությունների ներկայացուցիչների հետ, միջեկեղեցական բանակցություններ են վարել և այլն, այսինքն՝ տարբեր առիթներով հանդես են եկել՝ որպես իշխանություն։ Հիշենք Գևորգ 6-րդ կաթողիկոսին, որն ասում էր՝ եթե նույնիսկ հայ ազգը չկարողանա իր սրբությունները պաշտպանել, ես կմեռնեմ սուրը ձեռքիս Մայր Աթոռում, բայց չեմ թողնի սուրբ հայրենիքը պղծվի։ Սա քաղաքականությամբ զբաղվե՞լ էր, ըստ իս՝ ոչ, քանի որ եկեղեցին մշտապես կողմնակից է եղել պետությանը և պետականությանը»,-ասաց մեր զրուցակիցը։

Էդգար Խաչատրյանը նաև ընդգծեց՝ եկեղեցին շարժման ժամանակ որևէ մեկին չի թիրախավորել, այլ հանդես է եկել համերաշխության կոչով։ Այսինքն՝ այստեղ չկա ատելության, որևէ մեկին բանադրելու նշաններ, ամեն ինչ գնում է միավորման, համերաշխ քննարկման կոչերով։

«Քաղտեխնոլոգիայի առումով մեկ բան ունեմ ավելացնելու, որ գործընթացը, որը սկսվել է եկեղեցու կողմից, չի կարող թիրախավորվել՝ որպես հայրենիքին սպառնացող վտանգ։

Ընդ որում, երկու կողմերից էլ կա նշույլ, որ կարելի է միմյանց հետ բանակցել և հասնել ինչ-որ հանգրվանի, բայց կա նաև դրան հասնելու կամքի բացակայություն։ Սա ես նկատում եմ երկու թևերի տարբեր հայտարարությունների մեջ։ Բայց կան նաև իշխանության կողմնակից անձինք, պատգամավորներ կամ այլ համակիրներ, որոնք գիտակցաբար կամ անգիտակցաբար փորձում են թիրախավորել շարժումը՝ որպես հայրենիքի կործանման սկիզբ։ Այս տեխնոլոգիան վաղ թե ուշ չի գործելու, որովհետև շարժումը, որը սկսվումէ միավորման գաղափարով, մյուս կողմն էլ չպետք է սրի իրավիճակը, որ համերաշխությամբ հասնեն հարցի լուծմանը»,-եզրափակեց Էդգար Խաչատրյանը։

Տեսանյութեր

Լրահոս