Վտանգավոր հարված` Լեռնային Ղարաբաղին

Քիչ առաջ տեղեկություն է ստացվել, որ այսօր Ստեփանակերտում ծեծի է ենթարկվել Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի ընդդիմադիր «Վերածնունդ» խմբակցության ղեկավար, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը, ով ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին hրամանատար Սամվել Բաբայանին Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար նշանակելու պահանջով իրականացվող ակցիայի հիմնական նախաձեռնողն է: «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում Խանումյանի կինը հաստատել է տեղի ունեցածը. Խանումյանն այս պահին գտնվում է Ստեփանակերտի հիվանդանոցում: Միաժամանակ Լեռնային Ղարաբաղի ոստիկանությունից հայտնել են, որ Խանումյանին ծեծի ենթարկելու վերաբերյալ տեղեկություններn իրականությանը չեն համապատասխանում:

Անկախ նրանից` ով կամ ովքեր են կանգնած Հայկ Խանումյանի նկատմամբ կիրառված բռնության թիկունքում, ակնհայտ է, որ դա Լեռնային Ղարաբաղի դեմ ուղղված մեծ հարված է, ներքին հարված, որն իրադարձությունների այս կամ այն ընթացքի պարագայում կարող է պակաս վտանգավոր չլինել, քան արտաքին սպառնալիքը:

Այդ առումով Լեռնային Ղարաբաղի իշխանությունները պետք է ժամ առաջ բացահայտեն կատարված հանցագործության հեղինակներին ու պատվիրատուներին` այս կեղտոտ պատմությանն ավելի բացասական շարունակություն թույլ չտալու համար:

Այդ առումով, ԼՂՀ ոստիկանության առաջին արձագանքը կասկածելի և մտահոգիչ է: Եթե այդպիսով փորձ է արվում կոծկել հանցագործությունը, ապա դա կասկածներն ուղղելու է առաջին հերթին՝ Ղարաբաղի իշխանության դեմ, ինչի բացասական հետևանքների մասին չարժե անգամ խոսել:

Մյուս կողմից՝ պետք չէ բացառել, որ Խանումյանի նկատմամբ կատարված բռնության հետևում կարող են կանգնած լինել այն ուժերը, ովքեր շահագրգռված են Ստեփանակերտում երեկ տեղի ունեցած իրադարձությունների զարգացմամբ: Իսկ Ստեփանակերտում երեկ, Սամվել Բաբայանի դիմավորման հանդիսավոր արարողությունից հետո, տեղի է ունեցել երթ` դեպի նախագահի նստավայր, որի մասնակիցները, Խանումյանի գլխավորությամբ, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանից պահանջել են Բաբայանին նշանակել պաշտպանության նախարարի պաշտոնում:

Մի կողմ թողնելով հանգամանքը, որ ինքնին անհեթեթ է իշխանությունից նման ձևով որևէ պաշտոնում որևէ մեկին նշանակելու պահանջ ներկայացնելը, ակնհայտ է, որ այսպիսով փորձ է արվում լարում մտցնել Ղարաբաղի ներքին կյանքում: Հասկանալի է` հատկապես քառօրյա պատերազմից հետո Ղարաբաղի բնակչության շրջանում կա օբյեկտիվ դժգոհություն իշխանություններից, հատկապես՝ տարածքային կորուստների, դրանք չվերադարձնելու հարցում անգործության, հնչող տարբեր հայտարարությունների նկատմամբ ցուցաբերվող լոյալության առումով:

Եվ հասկանալի է, որ ինչ որ ուժեր` օգտագործելով Սամվել Բաբայանի վերադարձը, վերջինիս գիտությամբ կամ ոչ (դա, իհարկե, գործնականում անհնար է) փորձում են լարում մտցնել Ղարաբաղի ներքին կյանքում: Ինչ նպատակով` այս պահին կարելի է միայն ենթադրություններ ունենալ:

Նման դեպքերում առաջին ծագող հարցն այն է, թե ո՞ւմ կարող է ձեռնտու լինել Ղարաբաղի ներքաղաքական կյանքի ալեկոծումը: Ադրբեջանին, թշնամուն, հակառակորդին. այս պատասխանները, իհարկե, շատ պարզունակ են:

Իրականությանն ավելի մոտ կարող է լինել տարբերակը, որ այդ լարումը ձեռնտու է այն ուժերին, անձանց կամ անձին, ովքեր ապրիլյան պատերազմը ցանկանում են օգտագործել ոչ այնքան՝ Լեռնային Ղարաբաղում, որքան՝ Ղարաբաղի միջոցով կամ, ինչպես ասում են, «չերեզ Ղարաբաղ» Հայաստանում ինչ-ինչ խնդիրներ լուծելու համար:

Կամ, ինչպես կասեր Ղարաբաղի և Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պետք է հասկանալ` ում ականջներն են երևում Սամվել Բաբայանի վերադարձի ու այդ վերադարձով մեկնարկող օպերացիայի հետևում: Ոչինչ չենք ակնարկում: Պարզապես արձանագրում ենք, որ Հայաստանի ու Ղարաբաղի իշխանությանն առնվազն այս պահին ոչ ներքին քաղաքական, ոչ էլ, առավել ևս, արտաքին քաղաքական դրդապատճառներով նման սրացումը ոչ միայն պետք չէ, այլև կարող է խիստ վտանգավոր լինել: Իսկ իշխանությունից բացի, նման «օպերացիաների» հնարավորություն ունեն միայն նրանք, ովքեր եղել են իշխանության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս