Բաժիններ՝

Թե ինչպես Տերյանը փրկեց Էջմիածնի գանձերը

Այս փոքր-ինչ խորհրդավոր ու զարմանալի պատմությունը ծայր առավ 1914 թվականի ձմռանը, երբ Սարիղամիշի մոտ իրար բախվեցին ռուսական ու թուրքական բանակները։ Մեծ էր վտանգը, որ ռուսների անհաջողության դեպքում Էնվեր փաշայի հրոսակները կարշավեին մինչև Երևան։ Եվ վերահաս աղետից տագնապած` Ամենայն Հայոց Հայրապետ Գևորգ 5-րդը կայացնում է ծայրահեղ մի վճիռ։ Նա իր մոտ է հրավիրում եկեղեցու բարձրագույն հոգևորականներին և առաջարկում է Էջմիածնում պահվող բոլոր ձեռագիր մատյաններն ու թանկարժեք իրերը շտապ կարգով տեղափոխել Մոսկվա։

Որոշումն անսպասելի էր, տեղի ընտրությունը՝ առավել ևս։ Սակայն կաթողիկոսին հաջողվում է հիմնավորել, որ այդ պահին դժվար է գտնել առավել ապահով վայր։ Ու սկսվում է Էջմիածնի գանձերի տեղափոխման գործողությունը։ Գլխավոր պայմաններից մեկն էր՝ ամեն բան անել խստագույն գաղտնիության պայմաններում։ Բոլոր իրերն ամփոփվում են 147 խոշոր արկղերի մեջ ու կնքվում վեհափառի կնիքով։ Այնուհետև դրանք տարվում են կայարան և երեք վստահելի մարդկանց հսկողությամբ ճանապարհ են ընկնում դեպի Ռուսաստան։

13293148_1038532889515376_1089338834_n

Թանկարժեք բեռը Մոսկվա է հասնում 1915 թվականի փետրվարին։ Այնտեղ գործող հայկական կոմիտեի անդամներն արդեն տեղեկացված էին և անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ էին ձեռնարկել։ Դրանցից հիմնականը քաղաքում հարմար ապաստարան ընտրելու հարցն էր։ Երեք հնարավոր տարբերակներ էին առաջարկվել, բայց երբ հեռագրով հարցում էին կատարել Գևորգ 5-րդ կաթողիկոսին, վերջինս կտրականապես դեմ էր եղել արկղերը պահ տալ որևէ մասնավոր շինության մեջ և պատվիրել էր դրանք հանձնել Մոսկվայի Սուրբ Խաչ հայկական եկեղեցուն։

Կարդացեք նաև

Բարեբախտաբար, գրավոր աղբյուրներում պահպանվել են այն մարդկանց անունները, ովքեր անմիջական մասնակցություն ունեցան հայկական մշակութային արժեքների փրկության գործին։ Այդ ցանկն ընդարձակ է։ Նշենք միայն նրանցից երկուսի անունը՝ Մոսկվայի հայկական կոմիտեի անդամ Ալեքսանդր Թորոսյան-Տարասովը՝ աշխարհահռչակ գրող Անրի Թրուայայի պապը, և նկարիչ Մարտիրոս Սարյանը։ Նրանք ևս կայարանում էին, երբ տեղ հասավ գնացքը։

Մեծ թվով կառքեր էին վարձվել։ Յուրաքանչյուր կառքում դրվում էր մի քանի արկղ, իսկ տեղի հայկական գաղութի երկուական անդամ պիտի բեռի հետ գնային մինչև եկեղեցի։

Սուրբ Խաչում եկեղեցական գանձերը պահպանելու համար առանձնացվել էին երկու խորանները։ Նախապես դրանց համար պատվիրվել էին պողպատե ամուր դռներ, բոլոր պատուհաններն արդեն կրում էին մետաղե փեղկեր։ Ու երբ բոլոր արկղերն ի վերջո անվնաս տեղ հասան, դռները կնքվեցին, ու սկսվեց երկարատև պահպանության ժամանակը։

Այն մոսկվաբնակ հայերը, ովքեր գիտեին դրա մասին, գիշերները քահանաների հետ հերթապահում էին եկեղեցու մոտ։ Երկու ամիսը մեկ անգամ խորանների դռները բացվում էին մի քանի ժամով՝ ձեռագրերը խոնավությունից փրկելու նպատակով։ Իսկ դրսի աշխարհում կատարվում էին աշխարհացունց իրադարձություններ։ Բոլշևիկյան հեղաշրջումը հաղթանակ էր տարել, եկել էր նոր իշխանությունը, և այդ նորերի շարքում էր նաև Պողոս Մակինցյանը, ով նշանակվել էր ՌՍՖՍՀ ազգությունների ժողկոմատում հայկական գործերի ժողկոմի տեղակալ։ Էջմիածնից բերված 147 արկղերի մասին նա չէր կարող չիմանալ։

13282228_1038532316182100_269195221_n

Եվ ահա մի օր լուր տարածվեց, որ Մակինցյանը որոշել է հայ եկեղեցու հարստությունը դուրս բերել Սուրբ Խաչ եկեղեցուց ու տեղափոխել Մոսկվայի Ալեքսանդր Երրորդ կայսեր թանգարան (ներկայիս Պատմության պետական թանգարանը)։ Տեղեկությունը բուռն հուզումների ու զայրույթի պատճառ դարձավ հայերի շրջանում։ Բոլորն էլ հրաշալի գիտակցում էին, որ դա բացահայտ ոտնձգություն է ազգային արժեքների դեմ, և որոշեցին դիմադրել։

Հրավիրվեց հատուկ ժողով։ Վճռեցին, որ բոլորը մեկ մարդու պես ոտքի կկանգնեն ու կպաշտպանեն Էջմիածնի գանձերը։ Բայց մինչ այդ նպատակահարմար գտան մի փոքրիկ պատվիրակություն ուղարկել նրա մոտ և առաջարկել հեռու մնալ վտանգավոր արկածախնդրությունից։ Եվ ընտրված 5 պատվիրակներն ուղևորվեցին Մակինցյանի բնակարան։ Եվ հենց այստեղ էլ երջանիկ պատահականությունն օգնության հասավ անելանելի իրավիճակին։

Դեպքի ականատես Արսեն ավագ քահանա Սիմոնյանցը պատմում է, որ Մակինցյանի տան մուտքի մոտ նրանք հանդիպում են բանաստեղծ Վահան Տերյանին։ Ինչպես հայտնի է, Տերյանը ոչ միայն Մակինցյանի մտերիմ ընկերն էր, այլև այդ օրերին Համառուսաստանյան ազգությունների ժողկոմխորհի` հայկական գործերի գծով խորհրդականն էր։ Լսելով այցելության նպատակի մասին` բանաստեղծը մյուսների հետ ներս է գնում։ Ընդունելով անսպասելի հյուրերին, Մակինցյանը կրկին հաստատում է իր որոշումը՝ ասելով, թե իբր եկեղեցին խիստ անապահով վայր է, պահվող իրերը կարող են հափշտակության ենթարկվել, գրչագրերը կարող են խոնավությունից փչանալ, մինչդեռ նա կամենում է հայ ազգի մշակույթի այդ նշանավոր հիշատակարանների հետ ծանոթացնել ռուս բանվորությանը և գիտական աշխարհին, և այդ նպատակով մտադիր է տանել թանգարան ու նույնիսկ հայագետ Նիկողայոս Ադոնցին նշանակել ձեռագրերի բաժանմունքի վարիչ։

Հերթը Տերյանինն էր։ Վերջինս անցնում է հակագրոհի և սկսում է հակափաստարկների մի ընդարձակ շարք թվարկել՝ սկսած նրանից, որ հայ ժողովրդի սեփականությունը չի կարող դառնալ օտար երկրի ունեցվածք, և վերջացրած այն բանով, որ գերմանական զորքերն անցել են հակագրոհի ու կարող են նաև Մոսկվան գրավել։ Արսեն քահանան այսպես է վերհիշում բանաստեղծի խոսքերը. «Հիրավի, Պողոս, մեր ձեռագրերի համար ամենից ապահով վայրը հայոց եկեղեցին պետք է համարել, որովհետև տալտա տեղ է, ու ոչ ոք նրա վրա ուշադրություն չի դարձնում, նույնիսկ գերմանացիք, եթե Մոսկվան գրավելու լինեն։

Պողոս Մակինցյան

Ես էլ կարծում եմ, որ թողնենք առայժմ այնպես, ինչպես կա, և ոչ մի տեղ չտեղափոխվենք»։
Պետք է նկատել, որ Տերյանը Մակինցյանի վրա մեծ ազդեցություն ուներ։ Եթե Մակինցյանն աչքի էր ընկնում իր անզուսպ բնավորությամբ, ապա հավասարակշռված Տերյանը գրեթե միշտ կարողանում էր գտնել ճիշտ փաստարկները և տարհամոզել ընկերոջը։ Նույնն էլ կատարվեց այս դեպքում։ Տեղի տալով ճնշումներին` Մակինցյանը համաձայնեց, որ արկղերը մնան եկեղեցում, թեև առաջարկեց, որ դրանք կնքված լինեն նաև Համառուսական գործադիր կոմիտեի առաջին քարտուղարի կնիքով։ Իսկ դա չարյաց փոքրագույնն էր։

Դժբախտաբար, Վահան Տերյանին վիճակված չէր ապրել մինչև այն օրը, երբ իր օգնությամբ փրկված գանձերը կրկին պիտի ճանապարհ ընկնեին դեպի Հայաստան։ Ըստ տեղեկությունների` 1922 թ. ապրիլին Մոսկվայից Հայաստան հասավ 4060 ձեռագիր։ Այս անգամ բոլոր իրերը զետեղվել էին հատուկ այդ նպատակով պատրաստված թիթեղապատ 137 սնդուկների մեջ։ Կան պնդումներ այն մասին, թե նախկին 147 արկղերից 30-ն այդպես էլ անհետացել էին, և, որ դրանց մեջ եղել էին ամենաթանկարժեք իրերը։ Թե հատկապես ինչ էր կորստյան մատնվել, հստակ տեղեկություն չկա։

Փոխարենը՝ 1923 թ. սեպտեմբերի 5-ին «Խորհրդային Հայաստան» թերթում հրապարակվեց այսպիսի մի հաղորդագրություն. «1914 թվի տաճկական արշավանքի ժամանակ Մոսկվա տեղափոխված Էջմիածնի նախկին մատենադարան-թանգարանի ձեռագրերն ու հնությունները, որ վերջերս տեղափոխված էին Երևան և տեղադրված թանգարանում, Լուսժողկոմի կարգադրությամբ օգոստոսի 30-ին տեղափոխված են Էջմիածնի գիտական ինստիտուտի մատենադարանը։ Հնություններն եղել են 140 արկղ, որոնցից բացվել է 1-ը, որը պարունակում էր իր մեջ Այվազովսկու նկարները, որոնք կախվել են թանգարանի պատկերասրահում»։

Լուսանկարներում՝ Մոսկվայի Սուրբ Խաչ եկեղեցին, որտեղ թաքցրել էին Էջմիածնի գանձերը, Պողոս Մակինցյանը և Վահան Տերյանը։

ՀՈՎԻԿ ՉԱՐԽՉՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս