«Այսօր ԼՂՀ ճանաչումը կնշանակի՝ «Հարգելի Ռուսաստան, դու Հարավային Կովկասում գործ չունես, վեր կաց՝ գնա»». Արման Մելիքյան

ԼՂՀ արտաքին գործերի նախկին նախարար, քաղաքագետ Արման Մելիքյանն Արցախի ճանաչման կողմնակից է: Այսօր Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում (ՌԱՀՀԿ) կազմակերպված քննարկման ժամանակ ներկայացնելով «ԼՂՀ անկախության ճանաչման գործողությունն աշխարհաքաղաքական համընդհանուր զարգացումների համատեքստում» թեմայով զեկույցը՝ Ա. Մելիքյանը նշեց, որ Արցախի անկախության ճանաչումը պետք է համադրենք արտաքին միջավարի հետ:

Նրա խոսքով՝ անպայման պետք է կատարենք խոշոր դերակատարների շահերի հաշվառումը: Ա. Մելիքյանի գնահատմամբ՝ մեր դիվանագիտական «անգործությունը» վերջին տասնամյակի ընթացքում բերեց նրան, որ Հայաստանը դիտարկվում է՝ որպես ագրեսոր պետություն, և միջազգային հանրության մոտ ամրագրվեց այն կարծիքը, որ սա Հայաստանի և Ադրբեջանի միջև կռիվ է՝ տարածքի համար:

«Հայաստանը ոչինչ չի անում, որպեսզի այդ մտայնությունը մեջտեղից դուրս գա: Դրա համար կան համապատասխան դիվանագիտական, քաղաքական քայլերը, որոնք կարող ենք կիրառության մեջ դնել ու շատ արագ շտկել իրավիճակը: Մենք կարող ենք ունենալ նոր իրավիճակ և մոտեցումներ, որոնք կլինեն այլընտրանքային Մադրիդյան կարգավորման տարբերակին»,- նշեց քաղաքագետը:

Նա կարծում է՝ եթե տարածքները հանձնվեն, ադրբեջանցիները վերադառնան, խաղաղապահներ տեղակայվեն, այդ խաղաղապահները հավերժ չեն լինի, 2-3 տարի հետո նրանք կարող են հեռանալ, և ըստ նրա՝ այն ժամանակ պատերազմը կվերսկսվի՝ մեզ համար շատ ավելի վատ դիրքերից. «Մենք իրավունք չունենք գալ դրան, Մադրիդյան սկզբունքները կործանարար են, բայց որպեսզի Արցախի ճանաչումը հակադրենք այդ սկզբունքներին, մենք պետք է կարողանանք նախապես որոշ սպառնալիքներ չեզոքացնել: Պետք է կարողանանք բերել նրան, որ Հայաստանն ագրեսոր պետություն չէ, մենք պետք է բերենք նրան, որ Արցախի ճանաչումը տեղի ունենա ներկայիս իր տարածքային ամբողջականությամբ, և այդ ճանաչումը վիճարկելի չլինի»:

Կարդացեք նաև

Ա. Մելիքյանի խոսքով՝ այսօր մենք չենք կարող դիտարկել Արցախի ճանաչման խնդիրն աշխարհաքաղաքական գլոբալ պրոցեսի տրամաբանության շրջանակներից դուրս, և նրա համար հասկանալի է, որ Ռուսաստանն ամեն ինչ անելու է, որպեսզի կառչած մնա Հարավային Կովկասից: Նրա բնորոշմամբ՝ Արցախի հակամարտությունը միակ տեղն է ՌԴ-ի՝ տարածաշրջանին կառչած մնալու համար:

«Արցախն այն տեղն է, առանց որի՝ Ռուսաստանը չի կարող իր շահերը՝ Ադրբեջանի և Հայաստանի հետ կապված, ներդաշնակեցնել: Այսինքն՝ հստակ է, որ Ռուսաստանի շահերը տարածաշրջանում խարսխված են այն մանիպուլյացիաների հնարավորությանը, որը թույլ է տալիս Արցախի խնդիրն արծարծելով՝ իր ուզած դաշտը բերել ինչպես՝ Ադրբեջանին, այնպես էլ՝ Հայաստանին, և Արցախին՝ նույնպես»,- նկատեց Ա. Մելիքյանը:

Խոսելով այն մասին, թե ո՞րն է այսօր Արցախի անմիջապես ճանաչման աշխարհաքաղաքական հետևանքը, Ա. Մելիքյանը նշեց, որ դա խոսք է Ռուսաստանին, որ՝ «հարգելի Ռուսաստան, դու Հարավային Կովկասում գործ չունես, վեր կաց՝ գնա»: Ա. Մելիքյանը դրանում մեծ ողբերգություն չի տեսում, պարզապես, ըստ նրա՝ խնդիրն այն է, թե արդյոք մենք հաշվարկե՞լ ենք ՌԴ-ին դուրս հրավիրելու հետ կապված բոլոր հնարավոր հետևանքները:

«Չեմ կարծում, որ հաշվարկել ենք: Դա քաղաքական ակտ է, որը կարող է որոշակի հետևանքներ ունենալ միջազգային ատյաններում՝ վերաբերմունքի մասով: Ամեն դեպքում, մենք իրապես այդ փոփոխությանը պատրաստ չենք, մենք պատրաստ չենք հարաբերություններ հաստատել՝ ո՛չ Ադրբեջանի, ո՛չ Թուրքիայի հետ, իսկ դրանք բաներ են, որոնք իրականում շատ աշխատանք ու ժամանակ չեն պահանջում»,- նշեց Ա. Մելիքյանը, ըստ որի՝ իշխանությունը պետք է կիրառի այն լծակները, որոնց միջոցով հանրավոր կլինի իրավիճակը փոխել:

Նրա խոսքով՝ իշխանությունը պետք է ցանկանա, որպեսզի մենք առանց տարածք հանձնելու՝ լուծենք ճանաչման խնդիրը, ընդ որում՝ լուծենք առանց պատերազմի. «Եթե չկա նման լուծում, եթե մարդն ուզում է տարածքները հանձնել, որպեսզի անհայտ կարգավիճակի համար հետո պայքար մղի, դա ուրիշ խնդիր է»:

Տեսանյութեր

Լրահոս