«Մեր ընտանիքները ռիսկային գոտում են՝ երկրի տնտեսական վիճակով, գործազրկությամբ, հայրազրկության բարձր մակարդակով». Ահարոն Ադիբեկյան
Մայիսի 15-ն Ընտանիքի միջազգային օրն է: Այս առիթով Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը և հոգեբան Սամվել Խուդոյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում քննարկեցին հայ ընտանիքների սոցիալական և բարոյահոգեբանական վիճակը:
Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը հաստատեց հայ ժողովրդի պատմության մեջ ընտանիքի ունեցած առանցքային դերը. «Անկախ նրանից, թե որ ժամանակաշրջանում և որ տիրապետության տակ է եղել հայը՝ ընտանիքը եղել է նրա գոյության պահպանման հիմնական միջոցը: Ներկայումս հայությունն ապրում է աշխարհի 105 երկրներում, թվաքանակը՝ 12-13 մլն մարդ, իսկ ընտանիքները հիմնականում պահպանվում են նիստ ու կացի, ավանդույթի, լեզվի կրոնական պաշտամունքի հաշվին»:
Սոցիոլոգը հստակեցնում է, որ մի բան է՝ լինել սփյուռքահայ, բոլորովին այլ բան է՝ ապրել Հայաստանում.
«Ռիսկերն էապես տարբերվում են: Եթե դրսում հայերը կարծես թե կարողանում են լուծել տնտեսական բնույթի հարցեր, մեզ մոտ դա բավականին դժվար է: Ներկայումս բնակչության կեսը ՄԱԿ-ի ստանդարտներով համարվում է աղքատ, տարբեր հարցումների համաձայն՝ իրենց աղքատ են համարում ընտանիքների 15-20 տոկոսը, իրենց համեստ կենսաձևով ապրողներ են համարվում բնակչության 85 տոկոսը, 15 տոկոսը բավականին ունևոր են, որից 0.1 տոկոսն իրեն համարում է հարուստ: Սա բերում է նրան, որ գործազուրկ ընտանիքները հայտնվել են բավականին լուրջ խնդիրների առաջ՝ յուրաքանչուր երրորդ ընտանիքի հայր գտնվում է երկրից դուրս, սա նշանակում է, որ մի քանի հարյուր հազար երեխա մեծանում և դաստիարակվում են առանց հոր հեղինակության, իսկ քանի որ մենք արական մշակույթ կրող ազգ ենք, հոր դերակատարությունը կարևոր է երեխայի և´ հոգևոր, և´ վարքային, և´ սեռական դաստիարակության հարցերում: Միջազգային վիճակագրությամբ հանցագործների, թմրամոլների և սեռական շեղումներ ունեցողների 85 տոկոսը կամ հայր չեն ունեցել, կամ նա իր դերակատարությամբ եղել է բավականին վատը: Սա նշանակում է, որ այն ընտանիքները, որոնք հայրազուրկ են՝ բավական ռիսկային տոկոս են կազմում»:
Ըստ Ահարոն Ադիբեկյանի՝ եվրոպական ստանդարտներին հետևելը բերում է ընտանիքների քայքայմանը.
«Սրա հետևանքով հասարակությունն անհատականացվում է, անհատն է դառնում այն կարևոր կետը, որին պետությունն աջակցում է, ընտանիքը՝ որպես միավոր, ընդհանրապես անհետանում է պետական օրենքների շրջանակներից: Մենք պետք է այնուհանդերձ ընտանիքը դիտենք կին և տղամարդ հարաբերություններով կապված երկու էակի միություն, որը կարող է նոր սերունդ ունենալ, և այս առումով միասեռ ընտանիքները հայ մշակույթի համար արտառոց են համարվում: Երկու էակ կարող են ունենալ ցանկացած տեսակի կապ, բայց ինչո՞ւ եք դրա անունը դնում ընտանիք: Վերջին տվյալներով՝ հայերն իրենց գեներով 4400 տարեկան են, և այս բոլոր տարիների ընթացքում ընտանիքը եղել է սրբությամբ կապող էակ, որի միջոցով շարունակվել է մշակույթը, լեզուն, կրոնը, ուրեմն պետք է ընտանիքի գաղափարը պահպանել ավանդական պատկերացումների հիմքում:
Հոգեբան Սամվել Խուդոյանը կարծում է, որ տնտեսական գործոնը Հայաստանում թիվ մեկ խնդիրն է.
«Շատ տղամարդիկ, ովքեր վաղուց անցել են 30-ի շեմը, չեն ամուսնանում, որովհետև չունեն տուն և աշխատանք, որպեսզի կարողանան հոգալ իրենց ընտանիքի մինիմալ խնդիրները: Ամուսնացած ընտանիքներում էլ երեխաների քանակը սահմանափակ է, եթե առաջ գոնե երկուսն էին ունենում, և դա համարվում է մինիմում վերարտադրություն, հիմա շատ ընտանիքներ խուսափում են երկրորդ զավակի պլանավորումից: Բազմազավակ ընտանիքներ հանդիպում են առավելապես միայն գյուղերում: Սա ժողովրդագրական լուրջ խնդիր է»:
Սամվել Խուդոյանը համաձայն է, որ Ահարոն Ադիբեկյանի հնչեցրած եվրոպական ընտանիքի մոդելների ներմուծումն ավելի է դժվարացնում արդեն իսկ եղած խնդիրների լուծումը.
«Ընդհանրապես Եվրոպայի կողմից պարտադրված դիրքորոշումները, լուծումներն ու կոնցեպցիաները դեմոկրատիային և բազմակարծությանը հակասող երևույթներ են: Ստացվում է, որ նրանք թույլ չեն տալիս, որ մարդն իր կարծիքն ու մոտեցումն ունենա, մանավանդ, որ մեզ համար նրանց առաջարկած նույնասեռ ընտանիքների մոդելները ողբերգություն կարող են լինել: Մենք ոչ միայն չպետք է խրախուսենք նման երևույթները, այլ նաև միգուցե ընդհանրապես լռե՞նք այս մասին: Հայերն ամբողջ աշխարհում ամենակայուն ընտանեկան մոդել ունեցող երկիրն էին համարվում: Ես հիշում եմ, որ 90-ականներին ճապոնացիները հետազոտում էին հայ ընտանքի մոդելը, որպեսզի պարզեն դարեր շարունակ չփոփոխվող կայունության հիմքը, և հնարավորության դեպքում ներմուծեին իրենց կենսաձև»:
Անդրադառնալով ընտանիքի մեծացող տարիքին, հոգեբան Սամվել Խուդոյանն այս հարցը համարում է ամբողջ աշխարհում ակնհայտ տենդենց.
«Մեզ մոտ էլ հիմա այդպես է: Արդեն 30-ից հետո ամուսնությունների բավական հաճախ ենք հանդիպում: Պետք է նկատել, որ դա վատ չէ: Հասուն տարիքում ամուսնության որոշում կայացրած ընտանիքները, որպես կանոն, ավելի ամուր հիմքեր են ունենում»:
Ամփոփելով թեման՝ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը նշում է.
«Ցավոք, մեր ընտանիքները հիմա բավականին ռիսկային գոտում են, պայմանավորված երկրի տնտեսական վիճակով՝ ծնողների և նոր ձևավորվող սերունդների մոտ գործազրկությամբ, հայրազրկության բարձր մակարդակով, և սա բերում է նրան, որ ընտանիքը՝ որպես ինստիտուտ, դադարում է գործել այն սպասելիքների շրջանակներում, որը մենք մշտապես կապում ենք հայ ազգի հարատև գոյության հետ»: