
Forbes. Հայաստանով միջանցքը վարձակալելու ԱՄՆ հայտը կարող է Կովկասում սառը պատերազմ հրահրել

Պայմաններում, երբ գլոբալ լարվածության սրման ֆոնին աշխարհը պայքարում է ոչ ռուսաստանյան էներգակիրների համար, կարո՞ղ է արդյոք հայկական հողի 43 կիլոմետրանոց շերտը դառնալ ԱՄՆ-ի խորամանկ քայլը Մոսկվայի և Թեհրանի դեմ։ Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» մեկ դարով վարձակալելու ԱՄՆ-ի համարձակ առաջարկը խոստանում է տարեկան 50-100 միլիարդ դոլարի առևտրային հոսքեր, սակայն սպառնում է Կովկասում սառը պատերազմի նոր թեժ կետ բորբոքել։ Այս մասին գրում է Forbes-ը։
«Միացյալ Նահանգները հայտնվել է բարձր ռիսկային դիվանագիտական խաղի կենտրոնում, որը կարող է արմատապես փոխել էներգետիկ հոսքերը Եվրասիայում։ Հայաստանի Սյունիքի մարզով ռազմավարական 43 կիլոմետրանոց միջանցքի իր հավակնոտ առաջարկի շնորհիվ Վաշինգտոնը ձգտում է հաղթահարել բազմամյա փակուղիները, դիվերսիֆիկացնել Եվրոպա էներգակիրների մատակարարումները՝ դրանք հեռացնելով Ռուսաստանից, և հակազդել Մոսկվայի, Պեկինի և Թեհրանի աճող ազդեցությանը կենսականորեն կարևոր տարանցիկ տարածաշրջանում։
Այս նախաձեռնությունն արտացոլում է Հարավային Կովկասում իշխանական հազվագյուտ վակուումից օգտվելու ԱՄՆ-ի ավելի լայն հավակնությունները։ Այս տարածաշրջանը պատմականորեն գտնվել է Ռուսաստանի վերահսկողության տակ, բայց այժմ պատրաստ է ուժերի վերադասավորման այն բանից հետո, երբ 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի վճռորոշ հարձակման ժամանակ Մոսկվան չկարողացավ պաշտպանել իր դաշնակից Հայաստանին։
Հարավային Կովկասում Ռուսաստանի՝ որպես անվտանգության երաշխավորի, հանդեպ վստահությունը խարխլվել է։ Չնայած 2020 թվականի նոյեմբերին կնքված հրադադարի համաձայնագրով տեղակայված ռուսաստանցի խաղաղապահների ներկայությանը՝ 2023 թվականի սեպտեմբերին Մոսկվան չմիջամտեց, ինչը հանգեցրեց Ղարաբաղից 100 000 էթնիկ հայերի վտարմանը։ Այս անգործությունը Երևանում ընկալվեց որպես խորը դավաճանություն՝ խարխլելով ռուսական անվտանգության երաշխիքների հանդեպ հավատը և խթանելով Հայաստանի պատմական շրջադարձը դեպի Արևմուտք։
Ռազմավարական հետևանքները եղան արագ և դրամատիկ։ Հայաստանի խորհրդարանը 2025 թվականի ապրիլին օրենք ընդունեց ԵՄ-ին անդամակցելու մասին, իսկ Հայաստանի հետ ԱՄՆ ռազմավարական խարտիան պաշտոնապես ամրագրեց ամրապնդվող գործընկերությունը։ Ինչպես նշել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալ Ջեյմս Օ’Բրայենը. «Ապագան, որը կառուցված է Ռուսաստանի և Իրանի՝ որպես տարածաշրջանային անվտանգության հիմնական դերակատարների առանցքի շուրջ, անկայուն է և անցանկալի, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների համար»։
Այս արևմտյան դաշինքը ԱՄՆ ազդեցության համար աննախադեպ հնարավորություններ է ստեղծում։ Ռուսաստանյան ներմուծումը տարածաշրջան, որին մինչև 2022 թվականը բաժին էր ընկնում տարածաշրջանային առևտրի 20-30%-ը, այժմ բախվում է պատժամիջոցների սահմանափակումներին։ Միևնույն ժամանակ, Կովկասյան բանակցությունների հարցերով ԱՄՆ ավագ խորհրդական Լուիս Բոնոն առաջարկներ է արել միջանցքի նկատմամբ միջազգային վերահսկողության վերաբերյալ՝ հիմնվելով այնպիսի նախադեպերի վրա, ինչպիսիք են Պանամայի ջրանցքը և սառը պատերազմի ժամանակների Բեռլինյան միջանցքները։
Համաշխարհային բանկի մոդելավորումը ենթադրում է, որ մինչև 2027 թվականը միջանցքը կարող է տարեկան առևտրի ծավալն ավելացնել 50-100 միլիարդ դոլարով։ Այս աճը պայմանավորված կլինի լոգիստիկայի զգալի բարելավմամբ. 2025 թվականի մայիսի Bloomberg-ի տվյալները ցույց են տալիս, որ այս երթուղին կարող է Եվրոպայի և Ասիայի միջև տարանցման ժամանակը կրճատել 12-15 օրով՝ գոյություն ունեցող երթուղիների համեմատ։
Ներդրումների վերադարձը համոզիչ է թվում։ Կասպիական քաղաքականության կենտրոնը 5-10 տարվա ընթացքում ենթակառուցվածքների ծախսերը գնահատում է 3-5 միլիարդ դոլար, մինչդեռ Oxford Economics-ի մոդելները կանխատեսում են տարեկան 20-30 միլիարդ դոլարի խնայողություն լոգիստիկայի ոլորտում։
Հիմնական խնդիրը անհաշտ դիրքորոշումներն են. Ադրբեջանը պահանջում է անխափան միջանցք, մինչդեռ Հայաստանը կտրականապես հրաժարվում է զիջել ինքնիշխանությունը։ «Վարձակալության» մասին ԱՄՆ առաջարկը ստեղծագործական փորձ է՝ կորպորատիվ-իրավական շրջանակներն օգտագործելու այս փակուղուց դուրս գալու համար՝ Բաքվին առաջարկելով անվտանգության երաշխիքներ և միևնույն ժամանակ թույլ տալով Երևանին պահպանել անվանական ինքնիշխանությունը։
Քննադատները նախազգուշացնում են երկարաժամկետ բացասական հետևանքների հնարավոր ռիսկի մասին։ 2025 թվականի մարտի խաղաղության համաձայնագրի նախագծերը նշանավորեցին զգալի առաջընթաց՝ վերջնականապես ամրագրելով փոխադարձ տարածքային ճանաչման, սահմանների սահմանազատման և ուժի չկիրառման մասին դրույթները։ Սակայն դրանք փակուղի մտան տրանսպորտային երաշխիքների և անկլավների հասանելիության հարցերում. հենց սա է ԱՄՆ-ի առաջարկի նպատակը։
Իրանը կբախվի իր տարանցիկ դերի 20-30%-ը կորցնելու հեռանկարին, ինչը կխաթարի կենսականորեն կարևոր առևտրային ուղիները, ներառյալ տարեկան Կենտրոնական Ասիա ուղևորվող 43 000 թուրքական բեռնատարները։ Ռուսաստանը կբախվի տասնամյակի ընթացքում 10-20 միլիարդ դոլարի եկամուտների պոտենցիալ կորստի և եվրոպական էներգետիկ շուկաներում իր ազդեցության 10-15%-ով նվազմանը։
Միևնույն ժամանակ, Չինաստանը ակնկալում է մինչև 2030 թվականը 20-30 միլիարդ դոլարով բարձրացնել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության արդյունավետությունը՝ տրանսպորտային կապի բարելավման հաշվին։ Սակայն Պեկինը պետք է հավասարակշռի այս օգուտները Չինաստանի կողմից վերահսկվող երթուղիներից կախվածության նվազման ռիսկի հետ։ Միջանցքը կարող է Թուրքիան վերածել կրիտիկական էներգետիկ հանգույցի՝ թյուրքալեզու պետություններին ուղիղ հասանելիությամբ՝ մինչև 2030 թվականը պոտենցիալ ստանալով տարեկան 10-15 միլիարդ դոլարի եկամուտ տարանցումից։
Թուրքական բիզնեսը Արևելյան Անատոլիայի նահանգներում կանխատեսում է արտահանման հզորությունների 310%-ով աճ՝ տարեկան 160-ից մինչև 500 միլիոն դոլար՝ այս նախագծի իրականացման դեպքում»,- գրում է Forbes-ը։