Ներկայացվեցին ՀՀ աղետների ռիսկի կառավարման կարողությունների գնահատման արդյունքները
Մայիսի 10-ին ՀՀ ԱԻ նախարարությունում կայացավ «Հայաստանում աղետների ռիսկերի կառավարման (ԱՌԿ) կարողությունների գնահատման արդյունքները» թեմայով քննարկում-սեմինար, որը վարեց Սենդայի գործողությունների ծրագրի (ՍԳԾ) ազգային համակարգող, ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Ն. Գրիգորյանը: Սեմինարին մասնակցում էին նաև տարբեր գերատեսչություն-նախարարությունների, միջազգային և տեղական շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ:
ԱԻ նախարարի և նախարարության անունից ողջունելով ներկաներին՝ Ն. Գրիգորյանը հույս հայտնեց, որ այս գործընթացը, որի հիմքերը դրվել են ԱԻՆ-ի, Համաշխարհային բանկի (ՀԲ), ՄԱԶԾ-ի և մյուս նախարարություն-գերատեսչությունների ակտիվ մասնակցությամբ, կլինի շարունակական:
– ԱՌՆ ոլորտում մենք միասին սկսեցինք կարիքների գնահատումը մի երկրում, որտեղ մեծ թիվ են կազմում բնական, տեխնածին, համաճարակային աղետները, իսկ վերջին շրջանում նաև քաղպաշտպանական խնդիրները: Այս բոլոր մարտահրավերներին դիմագրավելու, ինչպես նաև հետագա ռիսկերը նվազեցնելու և դիմակայուն երկիր ստեղծելու համար մենք սկսեցինք այս արշավը՝ այն է գնահատել մեր կարիքները, բացահայտել՝ ինչ ուղղություններով պետք է ծավալենք մեր հետագա աշխատանքները, ինչ առաջնայնություններով և ինչ հերթականությամբ: Այս գործում մեծ նշանակություն ունի մեր յուրաքանչյուրի ներդրումը, որովհետև ոչ միայն Սպիտակի երկրաշարժն էր պատճառը, այլ նաև միջազգային մի շարք զարգացումներ բերեցին նրան, որ Հայաստանի տարբեր գերատեսչություններում, միջազգային կազմակերպություններում ի հայտ եկավ նման հզոր ներուժ: Որպես դրա դրսևորում՝ ստեղծվեց ԱՌՆ ազգային պլատֆորմ: Այն հնարավորություն է ընձեռում ուղղորդել և համակարգել բոլոր շահագրգիռ կողմերի կարողությունները, – ասաց Ն. Գրիգորյանը:
Բանախոսը նկատեց նաև, որ ՍԳԾ-ում մատնանշվել են հիմնական ուղղությունները համաշխարհային մակարդակով: Այնտեղ նախանշված են, թե ինչպես պետք է աշխարհը դիմագրավի նոր մարտահրավերներին, և որոնք են առանձին պետությունների առաջնահերթությունները:
– Մենք հիմա սկսում ենք մի նոր մեծ աշխատանք, այն է՝ մեր կարիքների գնահատում և ռազմավարության ուղղությունների մատնանշում: Ես հույս ունեմ, որ այսօրվա մեր հանդիպումը ցատկահարթակ կլինի մեր հետագա թռիչքի համար,- ընդգծեց Ն. Գրիգորյանը:
ՄԱԶԾ ԱՌՆ ծրագրերի համակարգող Ա. Չիլինգարյանը, շնորհակալություն հայտնելով բոլոր գործընկերներին ակտիվ մասնակցության համար, նշեց, որ այս սեմինարի ընթացքում ներկայացված արդյունքները բոլոր կողմերի ակտիվ մասնակցության, առաջարկությունների և եռանդուն աշխատաքնի արդյունքն է:
– Մենք ունենք հաջողված փորձ այս ոլորտում: ԱԻ նախարարության հետ համատեղ մենք կյանքի ենք կոչել 2010 թ. ԿԶ ծրագիրը: Այսպիսի ծրագրերի միջոցով է, որ Հայաստանն այսօր աշխարհում համարվում է ԱՌԿ ոլորտում մեծ փորձառություն ունեցող, կարելի է ասել, փորձ արտահանող երկիր: Նշեմ նաև, որ ԱԻ նախարարության, ՀԲ-ի և ՄԱԶԾ-ի համագործակցության ձևաչափը եզակի և յուրահատուկ մոտեցում է, քանի որ տարածաշրջանում նման փորձ չկա:
ՀԲ ԱՌԿ ոլորտի փորձագետ Կո Տակեուչին կարևորեց այս գործընթացքում ԱԻ նախարարության ստանձնած պատասխանատու դերը: Նա ընդգծեց, որ բավական մեծ աշխատանք է տարվել խորհրդատվական մակարդակում և ցավալի կլիներ, որ այն մնար թղթի վրա, և ծառայեր որպես հղման աղբյուր:
– Կարծում եմ, որ ԱՌԿ կարողությունների գնահատման արդյունքները պետք է հետագայում հիմք ծառայեն ԱՌԿ ռազմավարության մշակման համար: Բացի այդ՝ շատ կարևոր է, որ ԱՌԿ-ն ուղղորդվի զարգացման տարբեր ուղղություններով: ԱԻՆ-ը մեծ դեր է խաղում նաև ռազմավարության մշակման հարցում, բայց բոլորը պետք է նմանատիպ պատասխանատվություն ստանձնեն, – եզրափակեց փորձագետը:
Համաշխարհային բանկի փորձագետ Ա. Նազինյանը ներկայացրեց «ՀՀ ԱՌԿ կարողությունների գնահատման գործընթացը և արդյունքները» թեմայով զեկույցը, որի ընթացքում առաձնացվեցին ոլորտում Հայաստանի թերի և առաջատար ուղղությունները: Մասնավորպես, Ա. Նազինյանն ընդգծեց ֆինանսական միջոցների և համապատասխան հաստատությունների սակավությունն ու բացակայությունը: Կարևոր ձեռքբերումներից Նազինյանն առանձնացրեց ներգրավվածության բարձր մակարդակը, որը ձևավորվել է ԱԻ նախարարության շուրջ: Բանախոսը նաև ուշադրություն հրավիրեց այս ուղղությամբ կրթական բարձր ցենզի վրա, միաժամանակ՝ ընդգծելով, որ խնդիրներ կան այդ գիտելիքը կյանքի կոչելու հարցում:
«ՀՀ ԱՌԿ նոր ռազմավարական գործընթացի իրականացումը և ակնկալվող արդյունքները» թեմայով զեկույց ներկայացրեց Ն. Գրիգորյանը: ՍԳԾ ազգային համակարգողն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ բնակչության շրջանում նկատվող մեծ գիտելիքների պաշարը դեռևս չի դարձել հմտություն և կարողություն, ինչի ուղղությամբ մեծ աշխատանք է տարվում: Նա կարևորեց միասնական և համատեղ աշխտանքի իրականացումը՝ ընդգծելով աշխատանքների կենտրոնացված կառավարման և համակարգման կարևորությունը: Ն. Գրիգորյանը մեծապես կարևորեց վիճակագրական ծառայությունների դերը և հույս հայտնեց, որ դրանց բարեկարգումը կլինի ՀՀ ԱԻՆ ՃԿԱԿ-ի անմիջական ներգրավման միջոցով: Զեկույցում անդրադարձ եղավ նաև իրավական դաշտի բարելավման հարցին, ինչը, ըստ բանախոսի, զուգահեռաբար կարող է լուծել մյուս ոլորտներում առկա շատ խնդիրներ:
Հանդիպման ավարտին մասնակիցները քննարկեցին բարձրացված հարցերն ու մի շարք առաջարկություններ ներկայացրեցին: