Հատուկ հաշվեհամարի առանձնահատկությունները
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարության կայքում հրապարակված տեղեկանքի համաձայն՝ ապրիլի 26-ի դրությամբ ԼՂՀ կառավարության արտաբյուջետային հաշվին մուտքագրվել էր 1 մլրդ 933 մլն 582.5 հազար դրամ, 2 մլն 434.6 հազար դոլար, 48.7 հազար եվրո և 51 մլն 992 հազար ռուսական ռուբլի։
Հիշեցնենք, որ հատուկ հաշվեհամարի բացման մասին պաշտոնական հայտարարություն տարածվեց ապրիլի 4-ին։ Այսինքն՝ հաշվին փոխանցումներ սկսել են կատարվել ապրիլի 4-ի օրվա երկրորդ կեսից սկսած։ Սա նշանակում է, որ 23 օրում Արցախի հատուկ հաշվեհամարին փոխանցվել է, ընդհանուր առմամբ, դրամային արտահայտությամբ մոտ 3.5 մլրդ դրամ։
Այս գումարը, ինչպես հայտարարել էր ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, ուղղվելու է բացառապես Զինված ուժերի համար սպառազինությունների ձեռքբերմանը։ Շա՞տ է դա, թե՞ քիչ՝ այլ քննարկման նյութ է։ Իհարկե, նորմալ սպառազինություն ձեռք բերելու համար այդ գումարը շատ քիչ է։ Սակայն մյուս կողմից՝ աշխարհասփյուռ հայությունն Արցախին օգնել և շարունակում է օգնել նաև ապրանքային տեսքով, գործում են նաև այլ հաշվեհամարներ՝ այլ նպատակներով, ի վերջո, շատերն անմիջական ֆինանսական օգնություն են ցուցաբերում զոհված և վիրավորված զինծառայողների, սահմանին կանգնած կամավորականների ընտանիքներին։ Այնպես որ, չենք քննարկում՝ գումարը սպասվածից շա՞տ է, թե՞ քիչ։
Ոչ էլ կխոսենք այն մասին, թե առանձին անհատներ ու կազմակերպություններ որքան են փոխանցել։ Փոխարենը՝ կանենք ընդհանուր բնույթի դատողություններ, որոնք պակաս հետաքրքիր չեն։ Ինչպես երևում է գծապատկեր 1-ից՝ հատուկ հաշվեհամարին առկա գումարի մեծ մասը՝ 55%-ը, ՀՀ դրամով է։ Դոլարով փոխանցված գումարների տեսակարար կշիռը 33% է, ռուբլիով՝ 11%, եվրոյով՝ 1%-ից քիչ։ Իհարկե, արժույթի տեսակից անհնար է հստակ պատկերացում կազմել փոխանցումների աշխարհագրության մասին։
Օրինակ՝ ՌԴ-ից կարելի է գումար փոխանցել և՛ ռուբլիով, և՛ դոլարով ու եվրոյով։ Հայաստանից նույնպես կարելի է արտարժույթով փոխանցումներ կատարել։
Սակայն կոնկրետ դրամի դեպքում ամեն ինչ հստակ է՝ ՀՀ դրամով հնարավոր է փոխանցում կատարել միայն ՀՀ տարածքում։ Սա նշանակում է, որ փոխանցված գումարի մեծ մասը հայաստանյան ծագում ունի։ Իսկ երբ դիտարկում ենք ոչ թե փոխանցված գումարը, այլ փոխանցողների քանակը, ապա այս տարբերությունն ավելի ակնհայտ է դառնում։ Ապրիլի 26-ի դրությամբ ԼՂՀ հատուկ հաշվեհամարին փոխանցում են կատարել ընդհանուր առմամբ 4814 անհատներ և կազմակերպություններ, և այդ 4814-ից 4179-ը (87%-ը) ՀՀ դրամով են։ Այսինքն, Հայաստանից մասնակցությունը շատ ավելի մեծ է։ Օրինակ՝ ապրիլի 12-ի դրությամբ Արցախի կառավարության կոչին Ռուսաստանի Դաշնությունից արձագանքել էր 30 մարդ։ Սա վրդովեցրել էր Արցախի փոխվարչապետ Արթուր
Աղաբեկյանին, ով Ֆեյսբուքի իր էջում ՌԴ-ում բնակվող հայերին ասել էր՝ Ռուսաստանում ապրող արցախցիներ՝ ձեզ չեն հասկանում Արցախում։ ԼՂՀ ֆինանսների նախարարությունը հատուկ հաշվեհամարին մուտքագրված գումարների տվյալները սկսեց հրապարակել ապրիլի 7-ից սկսած։ Գծապատկեր 2-ում պատկերված է հաշվեհամարին մուտքագրված ընդհանուր գումարի մեծությունը՝ տվյալ օրվա դրությամբ (կուտակային)։ Ինչպես տեսնում եք, ապրիլի 7-ին կար արդեն 1 մլրդ դրամին համարժեք գումար (տարբեր արժույթներով)։ Այդ գումարը բավականին արագ տեմպով աճում էր մոտ 10 օր շարունակ՝ մինչև ամսի 18-ը։ Իսկ հետո աճը դանդաղեց։
Գծապատկերի վրա դա երևում է կորի միջոցով, որը սկզբում սրընթաց բարձրանում է, հետո սկսում է ավելի շատ մոտենալ հորիզոնական տեսքին։ Սա նշանակում է, որ գումարը շարունակում է աճել, սակայն ոչ այնքան մեծ չափով։ Օրական աճն ավելի արտահայտիչ կերպով երևում է 3-րդ գծապատկերից։ Այն ցույց է տալիս, թե օրական կտրվածքով որքանով է համալրվել ԼՂՀ հատուկ հաշվեհամարը (դրամային արտահայտությամբ)։ Հաշվարկի մեջ ներառել ենք այն օրերի տվյալները, որոնք հասանելի են, և որ օրերին գործարքներ են կատարվել։
Ապրիլի 4-7-ը, ինչպես նշվեց, հաշվին փոխանցվել էր շուրջ 1 մլրդ դրամ։ Թեպետ այդ գումարի մեծ մասը՝ 600 միլիոն դրամը, ապրիլի 4-ին փոխանցել էր «Գազպրոմ-Արմենիան» (ևս 600 մլն դրամ ընկերությունը փոխանցել էր ԼՂՀ ազատամարտիկների միությանը), կարելի է միջինացնել, որ առաջին 4 օրերին ԼՂՀ հատուկ հաշվեհամարը համալրվել է միջինը 250 մլն դրամին համարժեք գումարով։ Հաջորդ օրերին հատուկ հաշվեհամարի միջոցներն օրական ավելացել են միջինը 210 մլն դրամով (բացառություն է կազմում միայն ապրիլի 14-ը, երբ մուտք է եղել 432 մլն դրամին համարժեք գումար)։
Ինչպես տեսնում եք, ապրիլի 19-ից սկսած օրական մուտքերը սկսել են նվազել։ Վերջին օրերին միջին օրական համալրման չափը մոտ 33 մլն դրամ է։
Մի խոսքով, կարելի է ամփոփել, որ փոխանցումների ակտիվությունը թուլացել է և գնալով թուլանում է։ Իհարկե, 3,5 մլրդ դրամն աշխարհասփյուռ հայության հնարավորությունների համեմատ չնչին գումար է։ Իսկ թե ինչու ավելի շատ չփոխանցվեց, այլ հարց է։ Համոզված ենք, որ, Աստված մի արասցե, լայնածավալ պատերազմական գործողությունների վերսկսման դեպքում հասարակությունը կմոբիլիզացնի ոչ միայն՝ մարդկային, այլ նաև՝ ֆինանսական ռեսուրսը։ Իսկ մինչ այդ շատերը նախընտրում են սպասել։
Չէ՞ որ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հայտարարում է, թե մենք ֆինանսական ռեսուրսների խնդիր չունենք՝ սպառազինություն գնելու համար, մյուսն էլ ավելացնում՝ եթե պետք լինի, իր բազմաթիվ անշարժ գույքերից մեկը կվաճառի և կփոխանցի Արցախին, սակայն դեռ դրա կարիքը չկա։ Այնպես որ, չի բացառվում, որ 10 միլիոնանոց հայությունը սպասում է մի քանի տասնյակ հոգու առատաձեռնության դրսևորմանը։