Օսկանյանը համախմբեց Քոչարյանի թիմակիցներին
ԱԺ պատգամավոր, ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը երեկ «գաղտնազերծեց» իր նախաձեռնությամբ ստեղծվող կուսակցության անվանումը՝ «Համախմբում»։ Լրագրողների հետ զրույցում Օսկանյանը վստահեցրեց, թե այդ անունը վաղուց են որոշել, և ապրիլյան իրադարձություններով պայմանավորված իշխանություն-ընդդիմություն համախմբման հետ կապ չունի։
Հրապարակվեցին նաև նոր կուսակցության առաջին անդամների անունները՝ հիմնականում Ռոբերտ Քոչարյանի թիմակիցներ։ Սակայն Օսկանյանը շտապեց հավաստիացնել, թե Քոչարյանը «Համախմբում» կուսակցության հետ կապ չունի։
Ընտրական օրենսգրքի նախագծի հետ կապված Օսկանյանը հանդես եկավ «ցնցող» հայտարարությամբ՝ «Երկու տասնամյակ Հայաստանում ընտրությունները կեղծվել են։ Բոլորս դա արձանագրում ենք։ Կեղծվել են ընտրակաշառք բաժանելով, կարուսելներ կազմակերպելով, կրկնակի քվեարկություններով, բացակա մարդկանց կողմից այլ անձանց տեղը քվեարկություններով, լցոնումներով, հաշվառման ժամանակ խարդախություններով»։ Ըստ նրա՝ ԸՕ-ով ուզում են այդ բոլորը կարգավորել, բայց օրենքը այդ խնդիրները բացարձակապես չի լուծում։
Առաջիկա խորհրդարանական ընտրությունները Օսկանյանն անվանեց «շատ ճակատագրական», քանզի դրանցով է որոշվելու մեր երկրի ապագան, և ժողովրդին ու քաղաքական ուժերին կոչ արեց համախմբման։ Թե ինչո՞ւ պետք է հասարակությունը համախմբվի հենց իր կուսակցության շուրջ, Օսկանյանը պատասխանեց. «Ես չասի՝ միայն մեր շուրջ, ես ասացի՝ քաղաքական ուժերի շուրջ, որոնց ծրագիրը ժողովուրդը կհավանի, մենք նման հավակնություն ունենք, որովհետև գիտենք, որ ներկայանալու ենք այնպիսի ծրագրով, որ ժողովուրդը տեսնելու է, որ այստեղ իսկապես խնդիրներ են լուծվելու, և փորձելու ենք գնալ այն համախմբմանը, որ արդյունքների հասնենք։ Մենք շատ հստակ նպատակ ունենք մեր առաջ՝ կազմակերպվել, ծրագիր ներկայացնել և գնալ հաջորդ խորհրդարանական ընտրություններին, հասնել իշխանության ձևավորմանը։ Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ մենք փորձելու ենք ներկայանալ՝ որպես առանցքային քաղաքական բևեռ, և ընտրությունների օրերին ներկայանանք ժողովրդին՝ որպես իսկական այլընտրանք իշխող քաղաքական ուժին։
Եվ այս ճանապարհի վրա մենք պատրաստ կլինենք համագործակցելու ցանկացած քաղաքական ուժի, հասարակական կազմակերպության, անհատների հետ, որոնք իսկապես ուզում են հաջորդ խորհրդարանական ընտրությունների արդյունքում տեսնել արմատական փոփոխություններ»,- ասաց նա։
Թե որտեղի՞ց է ֆինանսներ գտնելու իր կուսակցության համար, Օսկանյանը պատասխանեց, որ հնարավորինս լայն շրջանակներ է ներգրավելու, որ յուրաքանչյուր անհատ թեկուզ չնչին լումայով մասնակցի և մաս զգա իրեն այդ կուսակցությանը. «Մենք իսկապես ձեռնոց ենք նետելու բոլոր կարծրատիպերին, որոնք առկա են կուսակցությունների նկատմամբ։ Ես դիմելու եմ բիզնես շրջանակներուն, հանդիպումների համալսարաններում ուսանողական շրջանակների հետ, մենք պետք է հասարակությանը իրոք ներգրավենք քաղաքական գոծընթացներում։ Մենք ձևացնում ենք, թե ժողովուրդը կարող է առաց վախենալու մասնակցել քաղաքական գործընթացներին, բայց դա իրոք այդպես չէ։ Ես ձեռնոց եմ նետելու այդ խնդրին և փորձելու եմ այդ դաշտը բացել»։
Օսկանյանը «մարտահրավեր» անվանեց, որ բիզնես շրջանակները կանգնած են իշխանության կողքին, ու հայատարարեց, թե փորձելու է «ջարդել» դա, քանի որ չեն կարող բոլոր բիզնես շրջանակները միահամուռ իշխանության կողքին լինել, գործարարները տարբեր շահեր ունեն. «Կուսակցությունը ծրագիր է դնում՝ էապես կրճատել ՓՄՁ հարկերը, կարծում եմ, այդ շրջանակի բոլոր մարդիկ պետք է շահագրգիռ լինեն, որ մենք գանք իշխանության»։
«Առանցքային բևեռ» դառնալու հավակնությունն ունեցող Օսկանյանը, սակայն, չի պատրաստվում պահանջել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը. «Օդից ի՞նչ պահանջենք։ Ես 25 տարվա իմ քաղաքական գործունեության մեջ որևէ մեկի հրաժարականը չեմ պահանջել, դա արդեն նշանակողների խնդիրն է, նրանք պետք է գիտակցեն՝ ով ինչ է արել, և համապատասխան քայլեր անեն։ Ես իմ կյանքում դա չեմ արել և չեմ պատրաստվում դա փոխել»։
Նա չի պատկերացնում նաև նման զարգացում, որ ընտրություններից հետո ՀՀԿ-ի հետ կարող է կոալիցիա կազմել. «Մեր ծրագրերը էապես տարբերվում են, այս տարիների ընթացքում իշխող ուժը հաջողություն չի ունեցել, և ժողովուրդն այլընտրանք է փնտրում։ Եթե մեզ հաջողվի այս այլընտրանքը լինել, մեր ծրագրերով արդեն հանդես կգանք և մեզ աջակցող ուժերի հետ կոալիցիա կկազմենք և ծրագրերը կիրականացնենք»։
Հարցին, թե վարչական ռեսուրսն իշխանության ձեռքին է, ինչպե՞ս են հաջողելու, Վ.Օսկանյանը պատասխանեց. «Դա հիասթափեցման պատճառ է դարձել, 25 տարի չի հաջողվում, անընդհատ մենք ասում ենք՝ ո՞նց, ո՞նց, ո՞նց, մեկ ա էդպես է լինելու, դա մտածողություն չի, ժամանակը եկել է իսկապես արմատական փոփոխությունների այս փուլում, ժողովուրդը դա լավ գիտակցում է, և ես համոզված եմ, որ ժողովուրդը գնալու է այն քաղաքական ուժի հետևից, որին հավատալու է»։
Հարցին՝ ձեր իշխանությունն է ղարաբաղյան կողմին դուրս թողել բանակցային գործընթացից, ի՞նչ շտկումների անհրաժեշտություն եք տեսնում, նախկին ԱԳ նախարարը պատասխանեց, որ այդ հարցին մանրամասն անդրադարձել է առաջին նախագահին իր պատասխանում, հիմա չի ուզում նորից անդրադառնալ։
Օսկանյանը չցանկացավ հիշել անցյալի այլ մանրամասներ ևս։ Նա հայտարարեց, թե Կազանյան փաստաթղթից տեղյակ չէ. «Ուղղակի Կազանյան փաստաթուղթը չեմ տեսել»։ Նաև զարմացավ հարցից, որ ինքը Մադրիդյան սկզբունքներին դեմ է արտահայտվել. «Ո՞ր ելույթում եմ ասել»։
Ի տարբերություն Օսկանյանի՝ նրա ստեղծած կուսակցությունը «հերթականների» շարքին դասեց ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը։
«Վերջին շրջանում բազում կուսակցություններ են ստեղծվել, դրանցից ո՞ր մեկն է ասել, որ ինքը հերթական է, բոլորն էլ ասում են, որ իրենք արմատական են, իշխանափոխության են ձգտելու, իրենք են այլընտրանքն իշխանության։ Ժողովուրդն է որոշում, թե ով է այլընտրանքն իշխանության»,- հայտարարեց նա։
Իսկ տասնամյակներ շարունակ ընտրությունները կեղծելու մասին Օսկանյանի հայտարարությանն ի պատասխան՝ Շարմազանովը հայտարարեց. «Վարդան Օսկանյանը հայտարարեց, որ 20 տարի Հայաստանում կեղծվել են ընտրությունները։ Նայելով հարգարժան Վարդան Օսկանյանի աչքերին՝ ես ասացի, որ չեմ հիշում, որ Դուք եղել եք արտաքին գործերի նախարար և ասել եք, որ ընտրությունները կեղծվել են, և կարելի՞ է ենթադրել, որ իր ասած 98 թվականի և 2003 թվականի կեղծված նախագահական ընտրությունների արդյունքում ինքը նախագահ Քոչարյանի կողմից նշանակվել է արտգործնախարար և եթե, ըստ նրա, այդ ընտրությունները եղել են կեղծ, ուրեմն՝ արդյունքներն էլ են եղել կեղծ, հետևաբար՝ իր նշանակումն էլ է եղել կեղծ»,- ասաց Շարմազանովը։
ԳԱՅԱՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«168 Ժամ»