«Բաքու կատարած այցի ժամանակ Էրդողանը չհիշեց Ղարաբաղի մասին». ռուսական մամուլն անդրադարձել է Թուրքիայի նախագահի այցին
\Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն օրերս Ադրբեջան կատարած այցի ժամանակ կոչ արեց միասնական ճակատ ձևավորել ահաբեկչության դեմ, սակայն զերծ մնաց Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ արմատական հայտարարություններից, գրում է Gazeta.ru-ի հոդվածագիր Ալեքսանդր Բրատերսկին:
Փորձագետների կարծիքով՝ Թուրքիայի նախագահը նվազեցնում է հռետորաբանության մակարդակը, քանի որ ցանկանում է բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ:
Նշվում է, որ Էրդողանը Բաքու էր մեկնել՝ մասնակցելու ՄԱԿ-ի քաղաքակրթությունների դաշինքի 7-րդ Գլոբալ ֆորումին: Իսպանիայի հետ Թուրքիան ևս 2005թ. հիմնադրված ֆորումի հովանավորն է: Դրա անցկացման նախաձեռնողը ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանն է:
Մոսկվայի հետ տնտեսական կապերի փաստացի խզումից հետո Թուրքիայի համար չափազանց կարևոր է պահպանել ազդեցությունը հետխորհրդային տիրույթում: Բացի Ադրրբեջանից՝ Թուրքիան վերջին շրջանում ամրապնդում է կապերն Ուկրաինայի և Բելառուսի հետ:
Փորձագետների կարծիքով՝ այդ քայլերը հատկապես կարևոր են այն պատճառով, որ Էրդողանը փչացրել է հարաբերություններն արևմտյան աշխարհի հետ, իսկ Բարաք Օբամայի ադմինիստրացիան նրան վերաբերվում է՝ որպես իրավիճակային դաշնակցի:
Հաշվի առնելով Արևմուտքի հետ բարդ հարաբերությունները՝ Էրդողանն առիթը բաց չթողեց ևս մեկ անգամ ընդգծելու Թուրքիայի դերը Սիրիայի փախստականներին օգնելու հարցում: Նա նշել է, որ իր երկիրն ապաստանել է ավելի քան 3 միլիոն փախստականի՝ ծախսելով ավելի քան 10 միլիարդ դոլար:
Ելույթ ունենալով Բաքվի ֆորումում՝ Էրդողանը հայտարարել է «ահաբեկչության դեմ միասնական ճակատի ստեղծման մասին», ինչպես նաև քննադատել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին: Նա հայտարարել էր, թե «Ասադը սպանում է սեփական ժողովրդին»:
Միևնույն ժամանակ, Էրդողանը չի օգտագործել միջոցառման բարձր կարգավիճակը՝ արմատականացնելու Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը:
ԼՂ հակամարտության սրացման սկզբում Էրդողանն անհապաղ իր աջակցությունը հայտնեց Ալիևին, որը, իր հերթին, շնորհակալություն հայտնեց Թուրքիայի նախագահին համերաշխության համար:
Սակայն Բաքու այցի ժամանակ Էրդողանը զերծ մնաց Ադրբեջանի նախագահին աջակցություն հայտնելուց:
Քարնեգիի մոսկովյան կենտրոնի գիտական խորհրդի անդամ Ալեքսեյ Մալաշենկոյի խոսքով՝ աջակցության ավելի վաղ հնչած խոսքերը բավական են: «Որպես փորձառու քաղաքական գործիչներ՝ նրանք հասկանում են, որ պետք չէ չափն անցնել: Մի բան է՝ գրգռել Ռուսաստանին, մեկ այլ՝ իրավիճակը հասցնել անկանխատեսելիության»,- ասել է նա:
Չնայած Էրդողանն ու Ալիևը դաշնակիցներ են, Ադրբեջանի նախագահը կտրուկ քայլեր չի անի Ռուսաստանի դեմ ու չէր աջակցի Թուրքիայի նախագահի ավելի արմատական դիրքորոշմանը:
Մալաշենկոն կարծում է, որ նման դեպքում «պատանդ» կմնա ադրբեջանական ողջ համայնքը: