Բաժիններ՝

Ոստիկանության կողմից ծեծի ենթարկված երիտասարդներ։ Մարդու կտրած գլուխ։ Սպանություններ. ներառյալ իր յոթ երեխայի մահը. նա տեսել է այդ ամենը

Մարգարիտ Բարանկիցեի մասին

Ոստիկանության կողմից ծեծի ենթարկված երիտասարդներ։ Մարդու կտրած գլուխ։ Սպանություններ։ Ոչ թե պարզապես սպանություններ. դաժանագույն կոտորածներ՝ ներառյալ իր յոթ երեխայի մահը։ Նա տեսել է այդ ամենը։ Նա վախեցել էր սեփական կյանքի համար, քանի որ դարձել էր կառավարության զայրույթի եւ մահվան սպառնալիքների առարկա, որը նրան ստիպում էր փախչել երկրից:

Եվ չնայած այդ ամենին, Մարգարիտ Բարանկիցեն հավատում է, որ սերը վերացնում է բոլոր արգելքները։ Այժմ նա ընդլայնել է իր «ընտանիքը», որն ընդգրկում է տասնյակ հազարավոր երեխաներ, ում կյանքերը նա փրկել է՝ չնայած ամենածանր բարդություններին, հույս պարգեւելով պատերազմից որբացած երեխաներին, իսկ ավելի ուշ՝ նրանց, ում ծնողներին խլեց մահացու ՄԻԱՎ-ը։

Նա, ինչպես ինքն է ասում, ունի սիրո կանչ. սիրելու բոլոր մարդկանց՝ ամենուր, ցանկացած էթնիկ պատկանելիությամբ եւ աշխարհի բոլոր անկյուններում։ «Երբ դու ունես կարեկցանք, քեզ ոչինչ չի կարող կանգնեցնել», – ասում է նա։

Սա զարմանալի լավատեսություն է մեկի համար, ով մեծացել է Արեւելյան Աֆրիկայի Բուրունդի պետության ազգի հուզումնալից պատմության շրջանում, մի տարածաշրջան, որը կազմալուծվել էր կործանարար ազգամիջյան հակամարտության հետեւանքով։ Քաղաքացիական պատերազմն իրար դեմ հանեց Մարգարիտի ցեղին՝ թութսիներին, ընդդեմ հութու ազգաբնակչության։ Սակայն Մարգարիտի համար նշանակություն չունեն նման արհեստական պատնեշները. իսկապես, 1993 թվականին՝ պատերազմի գագաթնակետին, նա հութուների մի խմբի ապաստանեց կաթոլիկ թեմում, որտեղ ինքն աշխատում էր։ Սա մեծ ռիսկ էր, եւ վերջիվերջո, թութսիի պարագլուխը հարձակվեց շինության վրա եւ ստիպեց նրան նայել, թե ինչպես են անդամահատում եւ այրում երկու հութուների, որոնց պաշտպանության համար նա այդքան բան էր վտանգել։

Սակայն Մարգարիտի՝ «երջանկություն պարգեւելու» կոչումն ստիպեց նրան փրկագին վճարել թութսիի պարագլխին՝ փրկելու համար ինչ կարող էր՝ խնայելու իր խնամքին մնացած 25 հութու երեխայի, որպեսզի տեսներ նրանց մեծանալը մի աշխարհում, որը, նա հույս ուներ՝ առավել հյուրընկալ կլինի։ Այդ փորձառությունը նրան ստիպեց հանգել այն որոշման, որ պետք է անել ավելին ոչ միայն իր խնամքի տակ եղած երեխաների, այլեւ Բուրունդիի քաղաքացիական պատերազմի ընթացքում որբացած մյուս երեխաների համար։ Այսպիսով, նա հիմնեց Խաղաղության Տուն (Maison Shalom) կոչվող կազմակերպությունը Բուրունդիի բոլոր էթնիկ խմբերի երեխաների համար։

Այդ առաքելության ընթացքում հանդիպող ոչ մի խնդիր անլուծելի չէր Մարգարիտի համար. նա մեկնում էր ուղիղ պատերազմական գոտիներ՝ դուրս հանելով երեխաներին անշունչ դիակների միջից, տալով նրանց հնարավորություն, հավատալով, որ նրանք, ինչպես եւ բոլորը, արժանի են ապրելու։ Մարգարիտը հիշում է մի հուզիչ դեպք, երբ մոտեցել է մի մոր, որը սպանվել էր ականից՝ մեջքի հետեւում պահելով չորս ամսական երեխային։ Սկզբում նա մտածում էր, թե երեխան էլ է մահացած, բայց շուտով տեսել է, որ նա ողջ է՝ չնայած լուրջ վնասվածքներով։ Նա վնասել էր իր բերանը, երբ մայրն ընկել էր, եւ ահագին ձեւախեղվել էր։ Մարդիկ նրան ասացին, որ թողնի երեխային մահանա, բայց Մարգարիտը չէր կարող նրան թողնել։ Այսօր այդ երեխան 18 տարեկան է եւ լավատես իր ապագայի հանդեպ։

Այդ երեխայի պատմությունը եւ այլ փրկության դրվագներ նրան լավատեսության եւ իր աշխատանքը շարունակելու ուժ են տալիս նաեւ Բուրունդիի քաղաքացիական պատերազմի ավարտից հետո։ Այսօր, նրա կազմակերպության առաքելությունն ընդլայնվել է. Մարգարիտը եւ իր գործընկերներն այժմ առավելապես հոգ են տանում ՄԻԱՎ-ի պատճառով, քան պատերազմի հետեւանքով որբացած երեխաներին, եւ ոչ միայն Բուրունդիում, այլ նաեւ Ռուանդայում, որտեղ նա այժմ ապրում է, եւ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում։

Նրա համար դժվար է հավատալ, որ իր առաքելությունն սկսելու պահից, նա օգնել է ավելի քան 20,000 որբ եւ կարիքավոր երեխաների։ Նա վերամիավորել է իրենց ընտանիքներից պատերազմի կամ բանտարկության հետեւանքով բաժանված երեխաներին, եւ նոր «տուն» է ստեղծել որբ երեխաների համար՝ համալրված գրադարանով, լողավազանով, կինոթատրոնով (միակը երկրում) եւ նույնիսկ ավտոտնակով, որտեղ նախկին զինվորական երեխաները կարող են սովորել վերանորոգել իրենց փոխադրամիջոցները։

Նրա աշխատանքը շարունակվում է. հիմա նա փորձում է ազատել Բուրունդիում բանտարկված երեխաներին եւ օգնել ապաստանել Բուրունդիի փախստականներին Ռուանդայում։ Խոսքը, սակայն, աշխարհի միայն իր անկյունի մասին չէ. «Ես աշխարհի քաղաքացի եմ, ես մեծ ընտանիքի՝ ամբողջ մարդկության մասն եմ»։

Նրա կարծիքով՝ բարությունը կարող է երջանկացնել բոլորին. «Սերը վեր է բոլոր արգելքներից։ Նույնիսկ եթե մենք ոչինչ չունենք, մենք կարող ենք պարգեւել խինդ ու քնքշանք»։ Նա իր օրինակով ապացուցել է այս բառերի ճշմարտացիությունը:

ՄԱՐԳԱՐԻՏ ԲԱՐԱՆԿԻՑԵԻ ԱՌԱՋԱԴՐԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

FONDATION DU GRAND-DUC ET DE LA GRANDE-DUCHESSE DU LUXEMBOURG

Լյուքսեմբուրգի նորին արքայական մեծություն Մեծ Դքսուհին, լինելով UNICEF-ի «Երեխաների մեծանուն պաշտպանը» (Eminent Advocate for Children), 2009 թվականին այցելել է Բուրունդի եւ ականատես դարձել չափահասների կալանավայրերում պահվող ազատազրկված երեխաների անմարդկային պայմաններին։ Մարգարիտ Բարանկիցեի եւ նրա «Խաղաղության տան» նվիրյալ անձնակազմի գործուն աջակցությամբ՝ կազմակերպությունն օգնել է կալանքից ազատելու Բուրունդիում բանտարկված 600 երեխայի եւ ծառայություններ մատուցել նրանց վերականգնումն ու դեպի հասարակություն վերադարձն ապահովելու համար։ «Ավրորա» մրցանակի օժանդակությունը հիմնադրամին թույլ կտա շարունակել «Խաղաղության Տան» դժվարին գործունեությանը ցուցաբերվող օժանդակությունը, ինչպես նաեւ դրականորեն արձագանքել աջակցության բազմաթիվ այն դիմումներին, որոնք հիմնադրամը մշտապես ստանում է նորանկախ եւ զարգացող երկրներից։

The winner of 'Aurora Prize' is Margaret Barankitseh who saved thousands of lives during the civil war in Burundi

FONDATION JEAN-FRANÇOIS PETERBROECK

«Ժան-Ֆրանսուա Պետերբրոկ» հիմնադրամը (Fondation Jean-François Peterbroeck) պայքարում է մանկական աղքատության, խտրականության ու անարդարության դեմ՝ առավել ուշադրություն դարձնելով որբերին, լքված կամ տեղահանված երեխաներին եւ նաեւ մանկական շահագործումից, հակամարտություններից կամ աղքատությունից տուժած մանուկներին։ 2006 թվականին հիմնադրվելուց ի վեր «Ժան-Ֆրանսուա Պետերբրոկ» հիմնադրամն օգնություն է տրամադրել ավելի քան երեսուն նախագծերի ամբողջ աշխարհում։ Դրանցից առաջինը Բուրունդիում Մարգարիտ Բարանկիցեի «Խաղաղության տունն» էր։ Հիմնադրամն օժանդակել է նաեւ նրա REMA հիվանդանոցի կառուցմանն ու գործունեությանը։ «Ավրորա» մրցանակի օժանդակությունը հիմնադրամին թույլ կտա շարունակել աջակցել «Խաղաղության Տանը» եւ Բուրունդիի փախստականների երեխաների հետ վերջինիս աշխատանքներին, ինչպես նաեւ INUKA կոչվող նմանատիպ մեկ այլ նախաձեռնության, որը գործում է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության տարածքում։

FONDATION BRIDDERLECH DEELEN LUXEMBOURG

«Բրիդերլեխ Դելեն» հիմնադրամը (Fondation Bridderlech Deelen Luxembourg) Լյուքսեմբուրքի կաթոլիկ օգնության գործակալությունն է։ 50 տարի շարունակ հիմնադրամը պայքարել է աղքատության ու անարդարության դեմ եւ աջակցել կարիքի մեջ գտնվողներին՝ անկախ կրոնից, ազգությունից ու սեռից։ Լատինական Ամերիկայի, Աֆրիկայի եւ Ասիայի տեղական գործընկերների հետ միասին «Բրիդերլեխ Դելեն» հիմնադրամն աշխատում է հանուն հասարակության ընչազուրկ անդամների կենսապայմանների կայուն բարելավման։ «Ավրորա» մրցանակի օժանդակությունը «Բրիդերլեխ Դելեն» հիմնադրամին թույլ կտա տարածելու ցուցաբերվող աջակցությունը չքավորների օժանդակության այլ նախագծերի վրա եւս։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս