Վաշինգտոնի հայ համայնքը Թուրքիայի դեսպանատան առջև բողոքի ցույց անցկացրեց

Վաշինգտոնի հայ համայնքը բողոքի ցույցի էր դուրս եկել ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանատան առջեւ՝ պահանջելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ արդարություն հաստատել: Ինչպես «Ամերիկայի Ձայն»-ին ասաց ցույցին ընտանիքով մասնակցող Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը, բողոքի ցույցի մասնակիցները երեք ուղերձ են ցանկանում տեղ հասցնել.

«Թուրքիայի իշխանություններին, ի դեմս Էրդողանի, ցանկանում ենք ասել, որ արդարության համար պայքարը երբեք չենք դադարեցնելու: Հայ ժողովրդին ցանկանում ենք հավաստիացնել, որ միասնական ենք արդարության համար մեր պայքարում: Իսկ Ամերիկայի իշխանություններին ցանկանում ենք հաղորդել, որ եթե նրանք նույնիսկ տեղի տան Թուրքիայի ճնշումներին, մենք կոտրելու ենք այս պատնեշը»:

Նշենք, որ հայ ցուցարարների առջեւ, Թուրքիայի դեսպանատան դարպասների տակ իր ցույցն էր կազմակերպել ԱՄՆ-ի թուրք համայնքը: Փորձելով խլացնել Թուրքիային ամոթանք տվող հայ ցուցարարների բացականչությունները` թուրք համայնքի ներկայացուցիչները բարձր երաժշտություն էին միացրել, ինչը բարկացնում էր հայ ցուցարարներին: ԱՄՆ-ի թուրք համայնքի ներկայացուցիչների խոսքով, հայ եւ թուրք ժողովուրդներին անհրաժեշտ է ուղիղ բանակցել: Այս կարծիքի է Ամերիկայի թուրքական ընկերակցությունների համագումարի համանախագահ Գյունայ Էվինչը.

«Մենք մեր ցավն ենք հայտնում մեր եղբայր հայերին եւ կիսում ենք նրանց ցավը: Մենք հավատացած ենք, որ կարող ենք համաձայնել անցյալի փաստերի 90 տոկոսի շուրջ եւ կիսելով ցավը, մենք կարող ենք կիսել եւ ապագան, քանի որ մեր ապագան միասնական է»:

Թուրքիայի դեսպանատնից ցույցի հայ մասնակիցները երթով ուղեւորվեցին դեպի ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատուն, որտեղ գտնվող խաչքարի մոտ անցան Ցեղասպանության զոհերի հիշատակի հարգանքի արարողությունը եւ միասնության ցույցը: Ելույթ ունենալով հավաքվածների առջեւ` Հայաստանի արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, ԱՄՆ-ում ՀՀ փոխդեսպան Հրաչյա Թաշչյանն ընդգծեց, որ Սփյուռքը մշտապես կանգնած է եղել Հայաստանի կողքին.

«Սփյուռքով է բազմապատկվում Հայաստանի ուժը, ամրապնդվում մեր կարողությունը եւ հաղթելու վճռականությունը»:

Վաշինգտոնի ցույցի ընթացքում քննադատություն էր հնչում նաեւ Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի հասցեին, ով Մեծ Եղեռնի հետ կապված իր ամենամյա ուղերձում այս տարի եւս չօգտագործեց «ցեղասպանություն» բառը: Սակայն, ԱՄՆ-ի հայերի մի մասն ընդգծում է, որ ուղերձում հպարտանալով այն տարիներին ահազանգ բարձրացրած ԱՄՆ-ի դեսպան Հենրի Մորգենթաուով, նշելով «ցեղասպանություն» բառը կիրառության մեծ դրած Ռաֆայել Լեմկինի ներդրումը եւ Հայոց ցեղասպանությունը ճանաչած Հռոմի Ֆրանցիսկոս պապի դերը, Օբաման իր ուղերձում անուղղակիորեն ճանաչել է ցեղասպանությունն` առանց այդ բառն օգտագործելու:

Հիշեցնենք, Հայոց ցեղասպանությունը ճանաչել է ԱՄՆ-ի նախագահ Ռոնալդ Ռեյգանը 1981-ին: Հայերի ցեղասպանությունը ճանաչվել է նաեւ ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից 1975, 1984 եւ 1996 թվականներին: Ամերիկայի Հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայըն Արդունին հույս ունի, որ ԱՄՆ-ի առաջնորդների ապագա սերունդները նույնպես կճանաչեն Հայոց ցեղասպանությունը.

«Մենք ցանկանում ենք աշխատել այն ուղղությամբ, որ մեր ընտրյալ առաջնորդները հասկանան ցեղասպանության ճանաչման եւ կանխման կարեւորությունը եւ ճշմարտությունը բարձրաձայնելուց չքաշվեն»:

Հիշեցնենք, որ խոսելով Ամերիկայի ժողովրդի անունից` Բարաք Օբաման այս տարվա իր ուղերձում նշել էր.

«Այսօր մենք կանգնած ենք հայ ժողովրդի թիկունքին՝ հիշելու Մեծ Եղեռնի սարսափները ու հաստատելու ժողովրդավարության, խաղաղության, ու Հայաստանի բարգավաճման հանդեպ մեր հավատարմությունը»։

Տեսանյութեր

Լրահոս