Ադրբեջանը կոպտորեն խախտում է ապրիլի 5-ի կրակի դադարեցման մասին բանավոր պայմանավորվածությունը. ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն անդրադարձել է վերջին օրերին Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի հաճախակի դարձած խախտումներին։
Պատասխանելով Հանրային հեռուստաընկերության «Առաջին լրատվական» ծրագրի հարցին՝ «Ինչպե՞ս կգնահատեք վերջին օրերին Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի հաճախակի դարձած խախտումները», Տիգրան Բալայանն ասել է. «Անտեսելով միջազգային հանրության բազմաթիվ կոչերը՝ Ադրբեջանը վերջին օրերին շարունակում է Արցախ-Ադրբեջան շփման գծի ողջ երկայնքով, Հայաստան-Ադրբեջան սահմանին տարբեր տրամաչափի զինատեսակների, այդ թվում՝ ականանետերի և նռնականետերի կիրառմամբ հրադադարի ռեժիմի խախտումները, որոնց հետևանքով կա 2 զոհ:
Ադրբեջանը կոպտորեն խախտում է ապրիլի 5-ի կրակի դադարեցման մասին բանավոր պայմանավորվածությունը, որով վերականգնվել է 1994թ. մայիսի 12-ի՝ Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև համաձայնագրով հաստատված զինադադարը: Ադրբեջանն արհամարհում է հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված միջազգային հանրության հորդորները:
Բաքվի կողմից շարունակվող ռազմական գործողությունները կարող են հանգեցնել վտանգավոր հետևանքների, որոնց ողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ղեկավարության վրա»: