«Վիրավորների վիճակը գնալով բարելավվում է». Արմեն Մուրադյան
«Կարող եմ միանշանակ ասել, որ բոլոր հիվանդների, վիրավորների համար ամենաբարձր մակարդակի պայքար է գնում, բոլոր հնարավորությունները կիրառվում են, բոլոր հնարավորությունները մոբիլիզացվել են, որ հնարավորինս արագ ապաքինենք: Ծայրահեղ ծանր հիվանդներից բազմաթիվ դեպքեր ունենք, որոնք արդեն ապաքինման շրջան են մտնում, կայունացել են դեպի կայուն ծանր:
Իհարկե, դեռ ունենք վիրավորներ, որոնց համար պայքարում ենք, որ կայունացման շրջան մտնենք: Բայց նրանք գնալով ավելի ու ավելի պակասում են՝ հաշվի առնելով, որ շատանում է կայուն հիվանդների, կայուն վիրավորների թվաքանակը: Այսինքն՝ բժշկական օգնությունը հասնում է իր նպատակին, և վիրավորների վիճակը գնալով բարելավվում է»,- այս մասին այսօր կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը՝ խոսելով Արցախում վիրավորված և Հայաստան տեղափոխված վիրավոր զինծառայողների առողջական վիճակի մասին:
Անդրադառնալով հարցին՝ արդյոք դրա կարիքն ունեցող զինծառայողներից մեկի պրոթեզավորումը կլինի անվճար, թե ոչ, Արմեն Մուրադյանն ասաց, որ պետությունն այդ հոգսը վերցնելու է իր վրա, այդ հարցով զբաղվում են, սակայն դեռևս ժամանակավրեպ է քննարկել այդ հարցը՝ հաշվի առնելով, որ պետք է լինի այն փուլը, երբ հնարավոր է կիրառել պրոթեզավորման մեխանզիմները. «Այդ բոլոր խնդիրները մեր ուշադրության կենտրոնում են»: