Հայաստանում հակառուսականությունը մեծանալու է, ինչը դուր չի գալու Ռուսաստանին

«168 Ժամի» զրուցակիցն է Կովկասի հարցերով ռուս քաղաքագետ Անդրեյ Եպիֆանցևը

– Պարոն Եպիֆանցև, ըստ Ձեզ, ի՞նչ դասեր պետք է քաղի Ռուսաստանը Ղարաբաղում տեղի ունեցած քառօրյա պատերազմից՝ հաշվի առնելով ՀՀ իշխանությունների արտահայտած մտահոգությունները Ռուսաստան-Ադրբեջան զենքի գործարքների վերաբերյալ։

– Ես կփորձեմ հարցն ավելի լայն դիտարկել, իհարկե, հաշվի առնելով վերջին իրադարձությունները։ Պետք էր հասկանալ, որ չպետք էր խախտել ՆԱՏՕ-ի կանոնը, որը վերաբերում էր բոլոր պաշտպանական կառույցներին, կանոններից մեկի համաձայն՝ ՆԱՏՕ-ին չեն կարող անդամակցել այն երկրները, որոնք տարածքային չլուծված հակամարտություններ ունեն։ Եթե սկզբնական շրջանում Ռուսաստանում և ՀԱՊԿ մյուս երկրներում կար ընկալում, որ Հայաստանի անդամակցությունը հանգիստ կանցնի, այսինքն՝ չի ունենա հետևանքներ, ապա այսօր այդպես մտածել չի կարելի, քանի որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է և ցանկանում է օգտագործել գործընկերային հարաբերությունները Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի հետ՝ որպես ազդեցության գործիք Ադրբեջանի նկատմամբ։

Սա բավականին անհարմար, հիմար իրավիճակ է ստեղծել Ռուսաստանի համար, երբ մենք իրականում չենք կարող մերժել մեր գործընկերոջը, բայց իրենց հերթին՝ Բելառուսն ու Ղազախստանը հստակ ցույց տվեցին, որ իրենց համակրանքն ակնհայտորեն Ադրբեջանի կողմն է։ Այս իրավիճակը հեղինակազրկում է ՀԱՊԿ-ը և մեր գործընկերային հարաբերությունները։ Ուստի հանգում եմ այն մտքին, որ սխալը սկզբից է եղել, պետք չէր խախտել այդ կանոնը։ Նույնը տեղի է ունենում Ուկրաինայի և Վրաստանի հետ։ Նրանք ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններում առաջընթաց չեն ունենում, քանի որ տարածքային խնդիրներ ունեն։

Կարդացեք նաև

Հենց այդ քայլից էլ գալիս է Հայաստանի տրամաբանական պահանջը՝ Ադրբեջանին զենք չվաճառելու վերաբերյալ։ Բայց այս հարցն էլ իր նրբություններն ունի, քանի որ Հայաստանը դիտարկում է ՀԱՊԿ պայմանագրի միայն մեկ տողն այն մասին, որ ՀԱՊԿ անդամները չեն կարող ձեռնարկել քայլեր, որոնք ուղղված են միմյանց դեմ, սա մաքսիմալ լայն ձևակերպում է ստանում Հայաստանում, ելնելով սրանից՝ ասվում է, որ Ռուսաստանն իրավունք չունի վաճառել զենք, ինչը որևէ փաստաթղթով չի հիմնավորվում։ Հայաստանը չի նկատում մեկ այլ կանոն, համաձայն որի՝ այդ պայմանագիրը չի խոչընդոտում անդամ-երկրներին՝ միջազգային այլ համաձայնագրերը կնքել ու կատարել։ Սրան ուշադրություն չի դարձվում։

Իսկ ՀԱՊԿ բոլոր անդամ երկրների համար Հայաստանի ու Ադրբեջանի միջև ընտրությունը շատ բարդ է։ Երկրորդ դասը, որի մասին կցանկանայի խոսել, այն է, որ Մինսկի գործընթացը չի աշխատում ընդհանրապես։ Մի իրավիճակում, երբ երկու կողմերը պատրաստ չեն զիջումների, խախտում են 1994թ. հրադադարի պայմանագիրը, միջնորդների համար լուրջ խնդիրներ են ձևավորվում դրական արդյունք արձանագրելու տեսանկյունից։ Այսինքն՝ Մինսկի գործընթացը շրջապտույտ է դարձել՝ միջնորդները ջանում են, նախագահական հանդիպում են կազմակերպում, առաջարկներ են անում, կողմերից մեկը կամ մյուսը չի համաձայնում, ու ամեն ինչ սկսվում է նորից։ Այստեղ բավականին բարդ է կողմերի նկատմամբ ճնշումներ բանեցնելը հակամարտության կարգավորման համար։

Այստեղ այն իրավիճակը չէ, ինչ Ուկրաինայում, երբ Արևմուտքը ճնշում է Կիևին, իսկ Ռուսաստանը՝ Դոնբասին, որի արդյունքում կողմերն իրենց կամքին հակառակ են նույնիսկ զիջումների գնում, առանց իրենց իսկ ցանկության։ Ուստի ինձ թվում է, որ պետք է ստիպել Հայաստանին ու Ադրբեջանին՝ ստորագրել խաղաղության համաձայնագիր, պետք է զիջումների գնալ, և դժվար է ասել, թե ինչ զիջումների, քանի որ Հայաստանը պետք է հասկանա, որ հակամարտությունը երկարաձգելով չէ, պետք է զիջումների գնալ, չմերժել բոլոր առաջարկությունները, եթե մերժի, պետք է ենթարկվի սուր պատժամիջոցների, իսկ Ադրբեջանը ևս պետք է իմանա, որ Հայաստանի կառուցողական դիրքորոշման դեպքում, եթե կրկին նման առճակատում նախաձեռնի, ապա կարժանանա միջազգային պատժամիջոցների։

Այս դեպքում նույնիսկ չենք քննարկում, թե ով է նախաձեռնել հարձակումը, քանի որ դա ակնհայտ է։ Եթե դա չլինի, ապա մենք կրկին կստանանք հակամարտության սառեցում, բայց տաքանալու միտումներով, քանի որ վերջին տարիներին այդ միտումը գնալով ավելի ու ավելի վտանգավոր է դարձել։ Այս միտումը շարունակվելու դեպքում լինելու է պատերազմ, և այդ պատերազմում, հաշվի առնելով վերջին բախումների արդյունքները, հաղթելու է Ադրբեջանը։

Երրորդ կարևոր եզրակացությունը, որը պետք է Ռուսաստանն անի, ինչպես նաև՝ Հայաստանն ու Ադրբեջանը. նախկինում ես ասում էի ադրբեջանցի իմ գործընկերներին, որ, եթե նրանք սկսեն հակամարտություն, միջազգային հանրությունն իրենց ագրեսոր կճանաչի, իսկ այսօր ես հասկանում եմ, որ նման բան տեղի չի ունենա։ Չկա նման բան։ Ես ինքս զարմացած եմ։ Միջազգային հանրությունը՝ Մինսկի խումբը, եղավ Երևանում և մամլո ասուլիսով հանդես եկավ և ի՞նչ ասաց՝ ի պատասխան հայկական կողմի հասցեական հայտարարություններ անելու պահանջի։

Նրանք ասացին, որ իրենց խնդիրը մեղավորին գտնելը չէ, այլ՝ կարգավորել հակամարտությունը։ Այս դիրքորոշումը ոգևորում է Ադրբեջանին՝ ապագայում ևս դիմել նման քայլերի, և դա վտանգավոր է Հայաստանի համար։ Իրավիճակը Հայաստանի համար ակնհայտորեն վատթարացել է։

– Հայաստանում այսօր շատերը կարծում են, որ Ձեր նշած վատթարացումը տեղի է ունեցել նաև Ռուսաստանի քաղաքականության արդյունքում։ Դուք պնդում եք, որ Հայաստանին չպետք է միացնեին ՀԱՊԿ-ին, բայց Հայաստանն արդեն ՀԱՊԿ անդամ է, ՌԴ ռազմավարական գործընկերը։ Այս բավականին խրթին իրավիճակում ի՞նչ քայլեր պետք է, ըստ Ձեզ, ձեռնարկի ռուսական կողմը, ինչո՞ւ ոչ, նաև հայկական կողմը՝ հաշվի առնելով Ձեր նշած վատթարացած դրությունը։ Իրավիճակից ի՞նչ ելք եք տեսնում։

– Համաձայն չեմ ձեր ձևակերպման հետ, թե ՀՀ-ում կա Ռուսաստանի նկատմամբ նման ընկալում։ Ես հայկական մամուլում ժամանակ առ ժամանակ հակառուսական քարոզչություն եմ տեսնում։ Դա ինձ մտահոգում է։ Ինձ մտահոգում է, երբ հայկական մամուլում հայհոյում են ՌԴ նախագահին։ Սա հակառուսական ալիք է, դա ես հասկանում եմ։ Իհարկե, դրանում նաև Ռուսաստանի մեղքն եմ տեսնում։ Բայց հասկանում եմ, որ այսօր Հայաստանն անցնում է այն ամենի միջով, ինչ Վրաստանը 2008թ., երբ ցանկացավ լուծել իր տարածքային խնդիրները, արտաքին քաղաքական խնդիրները, բայց հասկացավ, որ Արևմուտքն իր կողքին չի կանգնում, ու հիասթափություն ապրեց։

– Ի՞նչ պետք է անել այսօր։

– Ռուսաստանը պետք է Հայաստանին հստակ ցույց տա, որ Հայաստանի փորձերը Ռուսաստանին և ՀԱՊԿ-ին ներքաշել ԼՂ հակամարտության մեջ, և՝ ոչ Հայաստանում, որևէ կերպ չեն ողջունվելու։ Ռուսաստանը և ՀԱՊԿ-ը օրենքի համաձայն՝ պարտավոր են աջակցել Հայաստանին, եթե Հայաստանը ենթարկվի հարձակման, եթե դա նախաձեռնված չլինի հայկական կողմի կողմից, ապա ես առաջինը կլինեմ, ով կպատերազմի Հայաստանի համար։ Բայց քանի դեռ դա ԼՂ տարածքում է, Ռուսաստանից պահանջել մի բան, որը Ռուսաստանը չի կարող ու չպետք է անի, անհնար է։

Այս թեմայի շուրջ մենք գործընկերային պարտավորություններ չունենք։ Երկրորդ՝ Ռուսաստանից ինչ-որ բաներ պահանջելու փոխարեն՝ պետք է զարգացնել սեփական տնտեսությունը, և շատ հարցեր ինքնըստինքյան կլուծվեն։ ՌԴ քաղաքացու տեսանկյունից դիտարկեք այդ հարցը։

Ես տեսնում եմ, որ իմ երկիրը պահպանում է հավասարակշռությունը, բայց անվճար սպառազինություն է մատակարարում իր դաշնակցին, իմ հարկերի հաշվին, իսկ Ադրբեջանը գնում է այդ սպառազինությունը, և դրան ի պատասխան՝ տեսնում ենք միայն սկանդալներ, ինչը տհաճ է։ Եթե ռուսականը չեք ցանկանում, ապա վաստակեք ու գնեք ինքներդ՝ հենց Իսրայելից։

– Գուցե ապագայում այդ հարցն էլ քննարկվի, իսկ մինչ այդ բոլոր մտահոգություններն ուղղված են Ռուսաստանին, քանի որ Ռուսաստանը, լինելով ՀՀ ռազմավարական գործընկերն ու անվտանգության երաշխավորը, զենք է վաճառում Ադրբեջանին, որով Ադրբեջանը կրակում է հայ դիրքապահների ուղղությամբ։

– Ի դեպ, ԱՄՆ-ը նույնպես մրցակցող երկրներին է զենք վաճառում, վաճառում է և Սաուդիան Արաբիային, և Իսրայելին։ Որևէ մեկը նրանց չի հայհոյում։ Ես տեսնում եմ այն, ինչ Ուկրաինայում, այսինքն՝ հակառուսական քարոզչությունն այն աստիճանի էր հասել, որ երկիրը կտրվեց Ռուսաստանից։ Հայաստանը կրկնում է Ուկրաինային այս իմաստով։ Պետք է սպասել, որ Հայաստանը կպահանջի չվաճառել զենք Ադրբեջանին, Ադրբեջանն էլ իր հերթին՝ Ռուսաստանից կարող է նույնը պահանջել։ Ես նաև կարծում եմ, որ Հայաստանը կգիտակցի, որ ՌԴ-ն ամենահուսալի գործընկերն է, որն էժան գազ է մատակարարում, սպառազինություն։ Ոչ Եվրոպան, ոչ ԱՄՆ-ը այս գոտի չեն ներգրավվելու, Իրանն էլ իր խնդիրներն ունի, ուստի ես կարծում եմ՝ ՌԴ-ին այլընտրանք չկա։ Բայց Հայաստանում հակառուսականությունը մեծանալու է, արևմտյան նկրտումները՝ ևս, որը դուր չի գալու Ռուսաստանին։

Տեսանյութեր

Լրահոս