Չի կարելի վարկաբեկել կաթողիկոսին, ուղղակի չի կարելի… Անհասկանալի է, թե Փաշինյանին որքան պետք է հանդուրժենք

Նիկոլ Փաշինյանը շարունակում է ֆեյսբուքյան իր էջում մենախոսություն ծավալել՝ Գարեգին Բ Վեհափառի հետ։

Այսօր Նիկոլ Փաշինյանը դեռ այս թեմայով որևէ գրառում չի կատարել, միայն Սաղմոս է տեղադրել էջում, իսկ երեկ թեմայի վերաբերյալ մի քանի գրառում կատարել է, դրանից մեկով նա կրկին հարց է բարձրացնում, թե ինչի՞ մասին է խոսում Գարեգին Բ-ի լռությունը։

«Մենք՝ իր հոտը, սպասում ենք նրա հրապարակային պարզաբանմանը իր կողմից կուսակրոնության ուխտի խախտման և զավակ ունենալու վերաբերյալ։

Լռել, նշանակում է համաձայնվել և յուր անձը դուրս դնել Վեհարանից։ Ասել ճշմարտությունը, նույնպես նշանակում է յուր անձը դուրս դնել Վեհարանից։ Ստել, նույնպես նշանակում է յուր անձը դուրս դնել Վեհարանից»,- գրել է նա։

Կարդացեք նաև

ԳԱԱ թղթակից անդամ, գրականագետ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Աելիտա Դոլուխանյանն այս թեմայի առնչությամբ շատ բաներ ասելու ցանկություն չունի, բայց մեկ բան հստակ է նրա համար՝ Առաքելական եկեղեցին հայ ազգի համար սրբություն է։

«Առաքելական եկեղեցին մշտապես դարերով մեզ պաշտպանել է, և կաթողիկոսի նկատմամբ նման վերաբերմունքն անթույլատրելի է։

Ես չգիտեմ՝ այս ամենի նպատակը որն է, բայց ինքս անսահման սիրում եմ Առաքելական եկեղեցին և նվիրված եմ նրան։ Կրկնում եմ՝ չի կարելի վարկաբեկել կաթողիկոսին, ուղղակի չի կարելի»,- 168.am հետ զրույցում նշեց Աելիտա Դոլուխանյանը։

ՀՀ վաստակավոր արտիստ, Արցախի այա Մադլեն Ասրյանին Նիկոլ Փաշինյանի և թիմի որևէ քայլ արդեն չի զարմացնում՝ Արցախի հանձնումից, հերոսներին սևացնելուց հետո էլ այժմ Առաքելական եկեղեցին ու կաթողիկոսին պետք է վարկաբեկեն։

«Նա Արցախը, այդքան հողեր է հանձնել, եթե այդքան բանից հետո նա դեռ շարունակում է ղեկավարել, ապա արդյունքն այն է լինում, ինչ տեսնում ենք։ Առհասարակ երկրի ղեկավարը, եթե որևէ սխալ քայլ է անում, որից տուժում է պետությունը, նա հրաժարական է գրում ու հեռանում։ Իսկ այս մարդը չի ուզում հեռանա, ուղղակի չի ուզում, որովհետև ուզում է Հայաստանը ոչնչացնի։ Դրա համար հենց եկավ իշխանության, սկսեց հերոսներին փնովել, հետևաբար՝ հիմա ես չեմ զարմանում, որ հարձակվել են եկեղեցու վրա, մարդկանց տներ էլ կմտնեն ու կոչնչացնեն այն ամենը, ինչն ազգային ու հայկական է։ Իսկ այն մարդիկ, որոնք փողոցում էին ու իրեն բերեցին իշխանության, ոչինչ չեն անում նրան հեռացնելու համար։ Անհասկանալի է, թե այս մարդուն որքան պետք է հանդուրժենք, ով եկած օրվանից ուզում է հարվածել եկեղեցուն, նա չպետք է այդ աթոռին նստած լինի, իսկ երբ նստած է, ուրեմն պետք է նման բան անի»,- 168.am-ին ասաց Մադլեն Ասրյանը։

Նա շեշտում է՝ այս պահին խոսելու փոխարեն, պետք է գործել, հեռացնել Նիկոլ Փաշինյանին՝ երկրի գահավիժումը կանգնեցնելու համար։ Չհեռացնելու դեպքում, նրա խոսքով՝ հայերը շուտով ստիպված կլինեն իրենց կողքին տեղ տալ ադրբեջանցիներին, որոնք պատրաստվում են վերադառնալ Հայաստան։

«Երկու տղաներ Սյունիքում իբրև զենք են պահել ադրբեջանցիների ուղղությամբ, նրանց վրա քրեական գործ են հարուցել այստեղ։ Սրանով Փաշինյանն ասում է՝ այսպես կվարվեն նրա հետ, ով խոչընդոտի ադրբեջանցիների գալուն։ Կրկնում եմ՝ մենք խոսելով որևէ բան չենք փոխելու, պետք է գործենք»,- ընդգծեց Մադլեն Ասրյանը։

Տեսանյութեր

Լրահոս