«Աստված տա, որ մի օր էլ Ռոբերտ Քոչարյանը միանա». Էդուարդ Շարմազանովը՝ Սարգսյան-Տեր-Պետրոսյան հանդիպման մասին

«Ես շատ բարձր եմ գնահատում, որ երկու նախագահները՝ մի կողմ դնելով ներկուսակցական, անձնական տարբեր շահեր, առաջնորդվել են ազգային ու պետական շահի գերակայությամբ, և բարձր եմ գնահատում թե՛ առաջին, թե՛ գործող նախագահների նման պետական մտածողությունն այս փուլում, և առհասարակ դա շատ կարևոր է, որ նախկին ու ներկա նախագահները հանդիպում են: Սա բացառապես ցույց է տալիս երկու նախագահների պետական մտածողությունը, գիատակցման գերակայությունը և ցույց է տալիս, որ նրանք երկուսն էլ պետական գործիչներ են»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան-ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյան հանդիպման մասին:

Ըստ նրա՝ անսպասելի չէր այդ հանդիպումը, որովհետև Լևոն Տեր-Պետրոսյանը ագրեսիայի առաջին իսկ օրը հանդես եկավ հայտարարությամբ, որն Ազգային ժողովում ընթերցեց Լևոն Զուրաբյանը, իսկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն էլ մշտապես խոսել է կոնսոլիդացիայի անհրաժեշտության մասին. «Այնպես որ, այդ հանդիպումը սպասելի էր և շատ ուրախ եմ, որ նման հանդիպում կայացավ և հուսով եմ, որ այդ հանդիպումները այս կամ այն փուլում կամ այս կամ այն հարցի շուրջ կլինեն շարունակական: Մեզ համար շատ անհրաժեշտ է, որ նման կարևորագույն փուլում նման հանդիպումներ լինեն: Կարծում եմ, որ մեր հասարակությունն էլ է ոգևորված: Աստված տա, որ մի օր էլ Ռոբերտ Քոչարյանը միանա, որովհետև պետական, ազգային շահի գեակայությունն ամեն ինչից վեր է»:

Հարցին, թե հնարավո՞ր է՝ Ռոբերտ Քոչարյանի հետ ևս Սերժ Սարգսյանը հանդիպի, Է.Շարմազանովը պատասխանեց, որ հանդիպումը նախաձեռնել էր Լ.Տեր-Պետրոսյանը, Սերժ Սարգսյանն ընդունել էր հրավերը և ինքն էլ այցելել էր Տեր-Պետրոսյանի տուն, իսկ Քոչարյանի մասին պետք է հարցնել նրա խոսնակին:

Մեր հարցը, թե արդյոք այս հանդիպումն առնչություն ունե՞ր անցած տարի սահմանադրական փոփոխություններից առաջ նոյեմբերին Լ.Տեր-Պետրոսյանի նամակի հետ, որում նա մտագություն էր հայտնել մեր տարածաշրջանում Ռուսաստանի նկրտումների մասին, Է.Շարմազանովը պատասխանեց, որ հանդիպումը կապ ուներ այս վերջին օրերի իրավիճակի հետ «Ապրիլի 1-5-ի պատերազմական գործողություններն էին պատճառը, առիթն ու բուն թեման, որի մասին ասվել է»:

Կարդացեք նաև

Ըստ նրա՝ Հարավային Կովկասում միայն ՌԴ-ն չէ, որ շահեր է հետապնդում. «Իսկ ինչո՞ւ միայն Ռուսաստանը, Թուրքիան այստեղ շահեր չի՞ հետապնդում, ԱՄՆ-ը կամ Ֆրանսիան չեն հետապնդում: Հարավային Կովկասն այն տարածաշրջանն է, որտեղ բոլոր գերտերություններն ունեն իրենց շահերը առանց բացառության՝ թե՛ Եվրամիությունը, թե՛ Ռուսաստանը, թե՛ Միացյալ Նահանգները, թե՛ Իրանը, թե՛ Թուրքիան: Դա ի՞նչ նոր բան է, որ շահեր ունեն: Պարզապես մեր աշխատանքն այն պետք է ինի, որ մեր և իրենց շահերը համընկնեն և մեր ազգային հարցերն ի օգուտ մեզ լուծվեն: Հարավային Կովկասն այն տարածաշրջանն է, որն անտիկ ժամանակներից եղել է մեծ տերությունների շահերի բախման կենտրոններից մեկը: Այսօր ևս այդպես է, կա համանախագահության ֆորմատ և ես չեմ կարծում, թե այդ արհեստական, կամ սլաքներն ուղղելը ինչ-որ արդյունք կտան: Եթե ինչ-որ սլաք պետք է ուղղվի, պետք է ուղղել նախ և առաջ Ադրբեջանի և Թուրքիայի դեմ, որովետև բացի Թուրքիայի իշխանությունից, որն իրար հերթ չտալով պաշտպանեց ադրբեջանական ահաբեկչությունը, որևէ այլ պետություն՝ ո՛չ ԱՄՆ, ո՛չ ՌԴ, ո՛չ Ֆրանսիան, Ադրբեջանի այդ բարբարոս գործողությունները չեն արդարացրել: Եվ ինձ համար զարմանալի է, որ Թուրքիային թողած՝ մեկը ռուսին է քննադատում, մյուսը՝ ամերիկացուն, երրորդը՝ ֆրանսիացուն»:

Է.Շարմազանովը կոչ արեց ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներին հանգիստ թողնել՝ նշելով, որ այդ 3 երկրներն էլ հայտարարել են, որ բացառապես խաղաղ կարգավորման կողմնակից են, և հստակ հասկանալ, որ մեր հակառակորդն այս տարածաշրջանում Ադրբեջանն է և նրա հովանավոր Թուրքիան, որն անթաքույց կերպով, և՛ Էրդողանը, և՛ Չավուշօղլուն, և՛ Դավութօղլուն ասել են դրա մասին, ավելին՝ Թուրքիան է Հայաստանին շրջափակման ենթարկում, Թուրքիան է Ղարաբաղյան հարցը պատճառ բռնում, որպեսզի ՀՀ-ին շրջափակած պահի և Եվրոպայի հետ միակ սահմանը Թուրքիան է փակ պահում, որ բոլոր միջազգային հարթակներում Ադրբեջանի հետ ձեռք-ձեռքի տված միակողմանի հանդես է գալիս հայկական բոլոր նախաձեռնությունների դեմ.

«Սրա մասին պետք է խոսել, ոչ թե սլաքն ուղղել ՌԴ կամ ԱՄՆ դեմ: Փառք Աստծո, Լավրովն ու Քերին հեռախոսազրույց են ունեցել և Ղարաբաղյան հարցում բոլոր երեք համանախագահներն էլ խաղաղ կարգավորման կողմնակից են, հստակ նշում են, որ ռազմական գործողությունների վերսկսումն անթույլատրելի է: Նաև Երևանում համանախագահները տվեցին այն կարևոր հարցի պատասխանը՝ այո, առանց ԼՂ մասնակցության, խնդրի լուծում չի կարող լինել: Եվ համանախագահները նշեցին, որ կարրորագույն՝ վերջնական փուլում ԼՂՀ-ն դառնալու է բանակցությունների կողմ: Այն, ինչ մենք ասում էինք»:

Մեր դիտարկմանը, որ, միևնույնն է՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ չի բանակցի ԼՂՀ հետ, Է.Շարմազանովը նշեց. «Ադրբեջանը չի որոշողը: Եթե Ադրբեջանը տորպեդահարում է բանակցային գործընթացը, տորպեդահարում է խաղաղ բանակցությունները և այն սկզբունքները, որի մասին խոսել են համանախագահ երկրները, ուրեմն Ադրբեջանի նկատմամբ եվրոպական քաղաքակիրթ հանրությունը պատժամիջոցներ կկիրառի: Պատժամիջոցների մեծ փորձ կա աշխարհում, թող կիրառեն: Էդ Ադրբեջանը ո՞վ է, Զև՞սն է, որ ինչ ուզի անի»:

Տեսանյութեր

Լրահոս