Բաժիններ՝

«Ինչ գնով ուզում է լինի, հիմա պետք է ամեն ինչ անել ժամանակակից ռազմական տեխնիկայով զինվելու համար». Հակոբ Ղազանչյան

168.am-ը ղարաբաղաադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից հրահրված պատերազմական իրավիճակի և դրա հետևանքների շուրջ զրուցել է Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանի հետ

– Պարոն Ղազանչյան, ի՞նչ պատահեց վերջին օրերին, ու ի՞նչ հետևություններ ունենք անելու մենք նախահարձակ ռազմական գործողություններից հետո:

– Ես հասկացա, որ ամեն 15-20 տարին մեկ, երբ էդ ախմախների մոտ նոր զոմբիացված սերունդ է ի հայտ գալիս, ու դրանց թվում է, թե մեզ վրա գալով՝ կարող են ինչ-որ բանի հասնել, ապա պետք է պարբերաբար, ամեն հարմար առիթով դրանց գլխին տանք, որ հասկանան՝ չեն կարող: Ցավոք սրտի, այլ ճակատագիր հայերի համար չկա: Բայց այն, որ 1 քմ հող դրանք չեն ունենալու Ղարաբաղից, սա բոլորին է պարզ, ու առաջին հերթին՝ հենց իրենց: Թե ինչի՞ համար են դրանց այս ջղաձգությունները, ես չեմ հասկանում, ա´յ մարդ, մի՞թե կարելի է այդքան ապուշ լինել ու ամեն անգամ անհաջող փորձեր անել իրենց օգտին դիվիդենտներ ձեռք բերելու համար: Թեև ավելի քան համոզված եմ, որ այս անգամ իրենք դա շատ լավ հասկացան, սա դաս էր իրենց համար, որից իրենք շատ հետևություններ ունեն անելու, եթե կարողանան, իհարկե:

Վախենում եմ միայն մի բանից, որ սա գերտերությունների շախմատ լինի, ու որոշ քայլեր, որ արդեն իսկ կան, արված են, մեր, այսպես ասած՝ անզեն աչքի համար դեռևս տեսանելի չեն, կամ դրանց մասին մենք այս պահին միայն ենթադրություններ ունենք: Սա խոսում է այն մասին, որ մենք պետք է ավելի քան զգոն լինենք մեր որոշումներում, մեր սահմանների ապահովության ու ամրության մասին ավելի լուրջ մտածենք, ավելի շրջահայաց գտնվենք այս հարցում: Ինչ գնով ուզում է լինի՝ հիմա պետք է ամեն ինչ անել ժամանակակից ռազմական տեխնիկայով զինվելու համար:

Կարդացեք նաև

– Ձեզ անակնկալի՞ է բերել այն փաստը, որ մենք այս օրերին սպառազինության համար դրամահավաք ենք կազմակերպել:

– Ես համարում եմ, որ դա, այնուամենայնիվ, որոշ կազմակերպությունների ու անհատների նախաձեռնությունն է: Ես ուզում եմ հավատալ, որ դա այս պահին պետական մակարդակով ընդունված որոշում չէ: Այս օրերին ես հասկացա, որ Համահայկական հիմնադրամի հաջորդ ակցիայի արդյունքում ծիծաղելի թվեր չեն լինելու, ու մենք ամեն անգամ չենք ուրախանալու հավաքագրված 20-25 մլն դոլարի համար:

Եթե մենք ազգովի որոշել ենք պահպանել մեր պատմական հողերը ու մեր պետականությունը, իսկ այս պահին ես հակված եմ մտածել, որ խոսք է գնում ոչ միայն՝ Լեռնային Ղարաբաղի, այլ նաև՝ Հայաստանի Հանրապետության ու մեր պետականության ապահովության, ապա հիմա ավելի քան անհրաժեշտ է, որ մենք՝ ամբողջ աշխարհի հայերով, միավորվենք: Ովքեր ունեն այդ հնարավորությունները, պետք է համախմբվենք ու նորմալ ռազմական ֆոնդ ստեղծենք՝ հատուկ ժամանակակից ռազմական տեխնիկա ձեռք բերելու համար: Մենք այլևս չպետք է որևէ մեկից թաքցնենք, թե ի՞նչ զենքեր ենք ձեռք բերում, ի՞նչ ունենք և ինչի՞ համար: Ես գտնում եմ նաև, որ մեր տեղական՝ հայկական ուղեղները պետք է օգտագործվեն:

Չգիտեմ, ախր՝ ինչո՞ւ ենք մենք մեզ անընդհատ թերագնահատում, չգիտեմ՝ ինչո՞ւ է մեզ անընդհատ թվում, թե մենք պարտադիր դրսից պետք է բերենք մեր սպառազինությունը: Ինչի՞ համար ենք մենք մոռանում, որ դեռևս Սովետական Միության տարիներին երկու ֆիզիկայի ինստիտուտ կար, որից մեկը Մոսկվայում էր, իսկ մյուսը՝ հենց այստեղ՝ Հայաստանում:

Մենք մոռանում ենք, որ Մերգելյան ինստիտուտ ենք ունեցել, մոռանում ենք ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի ղեկավարությամբ այնպիսի Գիտությունների ակադեմիայի մասին, ինչպիսին ողջ Սովետական Միությունում ուղղակի չկար: Մենք միանշանակ ունենք այդ պոտենցիալը նաև հիմա ու պետք է սկսենք մեր ուղեղների վրա հույս դնել: Մեր տաղանդավոր գիտնականներին պետք է հնարավորություն տանք, որպեսզի մենք ինքներս ստեղծենք մեր զենքը, այլ կերպ այլևս հնարավոր չի: Մենք հաճախ ենք բերում Իսրայելի օրինակը, բայց չենք    խորանում այդ օրինակների մեջ:

– Ձեզ համար սպասելի՞ էր ռուսական կողմի կեցվածքը, որ բացահայտ դրսևորվեց վերջին օրերին:

– Իհա՛րկե սպասելի էր, ու, այնուամենայնիվ, նորից եմ կրկնում, մենք մեր քայլերում պետք է շատ զգոն ու ճիշտ լինենք: Մենք շախմատային մտածողությամբ օժտված ազգ ենք ու պետք է որ կարողանանք մի քանի քայլ առաջ տեսնելու մեր շնորհն օգտագործենք: Պետք չէ շտապել հայտարարություններ ու վերլուծություններ անելիս: Հիմա նայեք՝ ի՞նչ է կատարվում հայկական սոցիալական ցանցերում՝ ողջ ազգի կեսը Նոստրադամուս է դարձել, անհասկանալի ենթադրություններով ողողել են ողջ համացանցը: Պետք է մեր ձեռնարկած յուրաքանչյուր քայլում սառնասրտություն ու ճիշտ կողմնորոշում ցուցաբերենք:

– Մեր դիվանագիտական կորպուսից ի՞նչ եք սպասում:

– Հիմա արդեն մեր ամբողջ հույսը մեր դիվանագիտական կորպուսն է: Կարծում եմ՝ այս օրերի արդյունքում ոսկերչական մանրակրկտությամբ արված դիվանագիտական հետևություններ ու քայլեր է պետք ձեռնարկել: Ուզում եմ հավատալ, մեծ հույս ունեմ, որ ռազմական գործողությունների արդյունքում հետևությունները ճիշտ կարվեն, և դիվանագիտական որոշումներն էլ համարժեք կլինեն:

– Ի՞նչ եք կարծում, պայմանական հրադադարը կշարունակվի՞, թե՞ այնուամենայնիվ այլ ելքեր սպասենք:

– Կարծում, եմ՝ հրադադարը կշարունակվի: Ավելի քան համոզված եմ` այս օրերին դրանք հասկացել են, որ մենք մեր վերջին օրերի բացթողումներն անպայման վերլուծել ենք: Նրանք արդեն հասկացել են, որ բլից-կրիգով նմանօրինակ հարցեր լուծելը, մեղմ ասած, իրենք խելքի բանը չէ: Լայնամասշտաբ պատերազմի դեպքում էլ հաղթանակի պատրանքներ ունենալու շանս իրենք չունեն, որովհետև մենք իրենց արդեն մեր մեսիջները հասցրել ենք, թե այնուամենայնիվ ինչպիսի հրթիռներ ունենք մենք, որի գործի դնելու դեպքում նրանք ուղղակի ոտքերի տակից կկորցնեն իրենց հողը՝ բառի ամենաուղիղ իմաստով:

Ես պարզապես չեմ հասկանում՝ դրանց ախմախի ջղաձգումներն ի՞նչ իմաստ ունեն: Էսքանից հետո էլ հիմարաբար իրենց հեռուստատեսությամբ շնորհավորում է, թե իբր հաղթել են… բայց ի՞նչ հաղթանակ՝ դա եմ ուզում հասկանամ, ո՞րն է եղել այդ հաղթանակը, որ ոչ մեկս չհասկացանք, որ մի քանի օրում էդքան զոհե՞ր տվեցին, թե՞, որ այդքան տեխնիկա կորցրեցին ու հետ շպրտվեցին: Ինձ մնում է միայն մի հետևություն անել, որ այդ հասարակությունն արդեն այնքան է զոմբիացվել, որ հաղթանակը պարտությունից չի տարբերում: Այնուամենայնիվ, մենք բոլորովին, իսպառ գիտակցական այլ հարթության վրա ենք, նրանք՝ այլ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս