Որ դեպքում է հնարավոր խաղաղապահների տեղակայում` ըստ Դավիթ Բաբայանի
ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նշել է, թե որ դեպքում է հնարավոր, որ ադրբեջանա-ղարաբաղյան պետական սահմանի երկայնքով կամ որոշ հատվածներում տեղակայվեն խաղաղապահ ստորաբաժանումներ։
Դրա համար պետք է, որ Արցախն ու Ադրբեջանը ճանաչեն միմյանց անկախությունը, պետք է ճանաչվեն սահմանները, լուծվեն այնպիսի կարևոր մարդասիրական հարցեր, ինչպիսին են հայկական ու ադրբեջանական փախստականների հարցը, ընդ որում՝ միմիայն զուգահեռաբար։ «Չի կարող այնպես լինել, որ ադրբեջնական փախստականների հարցը քննարկվի, հայկականը անտեսվի: Փաստ է, որ եթե մեկը անտեսվում է, մյուսը չի լուծվում»,- ասել է Դավիթ Բաբայանը:
Նրա խոսքով՝ ամեն ինչ պետք է լուծվի, դրանից հետո, որպես բարի կամքի դրսևորում կամ միջազգային հանրության կողմից պատրաստակամություն տարածաշրջանում կայունություն և խաղաղություն ամրապնդելու համար, միգուցե որոշ խաղաղապահ ստորաբաժանումներ տեղակայվեն ադրբեջանա-ղարաբաղյան պետական սահմանի երկայնքով կամ որոշ հատվածներում:
«Բայց այս դեպքում նրանց տեղակայումը միգուցե նաև իմաստ չի ունենա, որովհետև ինչքան երկրներ կան, որ մեկը մյուսի հետ սահման ունի, հո ամեն սահմանի վրա խաղաղապահներ չեն տեղակայվի: Ընդհանրապես այս հակամարտությունը յուրահատուկ է նաև այն առումով, որ որևէ խաղաղապահ երբեք չի եղել այս տարածաշրջանում, և կողմերը պահպանել են զինադադարի ռեժիմը, իհարկե լավ թե վատ, սա ուրիշ բան է, բայց ընդհանուր առմամբ շատ ավելի արդյունավետ, քան այն տարածաշրջաններում որտեղ խաղաղապահներ են եղել, որոնք թիրախ են դարձել, ստիպված միջամտել են այդ հակարամտությանը,- ասել է Դավիթ Բաբայանը՝ շարունակելով,- այստեղ դա չկա և դա ցույց է տալիս, որ և՛ Արցախը, և՛ Ադրբեջանը կարող են գոյատևել որպես անկախ պետություն մեկը մյուսի հետ և դա փաստ է: Լինում են նաև այսպիսի երևույթներ, բայց ընդհանուր առմամբ, ապացուցվել է, որ առանց կողմնակի միջամտության ի վիճակի ենք պահպանել զինադադարի ռեժիմը և գոյատևել մեկը մյուսի կողքին»: