Արցախի ՊԲ-ի հակահարձակումը դադարեցվեց Մոսկվայի միջնորդությամբ

Մեր զրուցակիցն է բանակցային գործի մասնագետ, CM&Partners ընկերության ավագ խորհրդատու, բոստոնաբնակ Արթուր Մարտիրոսյանը

– Պարոն Մարտիրոսյան, ապրիլի 5-ին հայտարարվեց, որ երկկողմանի համաձայնությամբ ղարաբաղաադրբեջանական սահմանի ողջ երկայնքով կրակը դադարեցվում է, սակայն մինչ օրս Ադրբեջանը շարունակում է կրակել, և ամեն օր կան նոր զոհեր ու վիրավորներ։ Ինչպե՞ս եք գնահատում ստեղծված իրավիճակը, ի՞նչը ստիպեց Ալիևին, թեև մասամբ, բայց դադարեցնել կրակը։

– ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Եվրամիությունն ունեն բավարար գործիքներ, որպեսզի սանձեն շատ ավելի լուրջ խաղացողների, քան Ալիևն է։ Սակայն Ադրբեջանը հրադադարի համաձայնել է այլ հանգամանքի պատճառով, այն է՝ հերթական պարտության և նոր տարածքներ կորցնելու հեռանկարը։ Ալիևի բլից-կրիգը տապալվեց, իսկ Արցախի պաշտպանության բանակի հակահարձակումը դադարեցվեց Մոսկվայի միջնորդությամբ։

Այդ պատճառով Բյուլբյուլը չհասցրեց հանդես գալ բազեի դերում, և նա ու իր ղեկավարը ստիպված էին սովորական սուտը տարածել, որ ալիևյան զինվորականների գործողությունները հակահարձակողական բնույթի էին։ Այդ սուտն այնպիսի պարզունակ սպիտակ թելերով է կարված, որ ոչ մի բանական մարդ չի հավատա դրան։ Ամեն դեպքում, միջնորդները, առնվազն հրապարակայնորեն, շարունակում են երկու կողմերին կոչ անել ձեռնպահ մնալ ուժ կիրառելուց։ Դրանով նրանք լեգիտիմացնում են Ալիևի սուտը, կարծես պարզ չէ, թե ով էր էսկալացիայի նախաձեռնողը, և կարծես երկու կողմն էլ կրում են միանման պատասխանատվություն։

– Ասացիք, որ Մոսկվան է խանգարել հայկական ուժերի առաջխաղացմանը։ Ո՞րն է Մոսկվայի դերն այս «քառօրյա պատերազմում», տեսակետ կա, որ հենց Մոսկվային է սա ձեռնտու եղել։

– Դա հետևում է իրադրությունների զարգացման տրամաբանությունից։ Հրադադարը համաձայնեցվել է Մոսկվայում ԳՇ պետերի միջև՝ նախագահ Պուտինի միջամտությունից հետո։ Դա տեղի ունեցավ այն պահին, երբ հայկական կողմն անցավ հակահարձակման, և օբյեկտիվորեն Ալիևն այդ պահին ավելի շահագրգիռ էր հրադադարով, քանի որ դա թույլ տվեց նրան փրկել դեմքը՝ լիովին սուտ հիմնավորմամբ, թե Ադրբեջանի գործողությունները հակահարձակողական էին։ Ես չեմ պնդում, որ Ռուսաստանը փրկել է Ալիևին, սակայն այդ միջամտությունը մարտավարական տեսակետից ձեռնտու էր նրան։ Մեզ դա ձեռնտու կլիներ, եթե հենց առաջին օրը Ռուսաստանը և մյուս միջնորդները կտրուկ վերջ դնեին Ալիևի գործողություններին և իրերը կոչեին իրենց անուններով։

– ՀՀ նախագահը ԵԱՀԿ դեսպանների հետ հանդիպմանը հայտարարեց, որ բոլոր զորամիավորումները պետք է վերադառնան մինչև 2016թ. ապրիլի 1-ի իրենց զբաղեցրած դիրքերն ու զորանոցները։ Արդյոք դա բավարա՞ր է՝ հակառակորդի նման ագրեսիայից և տասնյակ զոհեր ու վիրավորներ ունենալուց հետո։ ՀՀ պաշտոնյաները պնդում են, որ Ադրբեջանը պետք է բանակցի Արցախի հետ։ Ըստ Ձեզ՝ այժմ ո՞վ, ի՞նչ դիրքերից և ինչի՞ շուրջ պետք է բանակցի, պետք է պահպանվի զինադադարի մասին 1994թ.-ի պայմանագի՞րը, թե՞ նոր փաստաթուղթ է անհրաժեշտ։

– Վատագույնը, որ կարող է այժմ տեղի ունենալ, դա Ալիևին հնարավորություն տալն է, որ անպատիժ մարսի այս ռազմական հանցագործությունը։ Վերադարձը նախնական ստատուս-քվոյին անընդունելի է նաև այն պատճառով, որ զինադադարի մասին 1994 թ. համաձայնագիրը չի համապատասխանում նոր իրողություններին, ուժերի դասավորվածությանը և պատերազմելու նոր տեխնիկական հնարավորություններին, և զինադադարի պահպանման գործուն մեխանիզմների մասին կետեր չի պարունակում։ Անհրաժեշտ է նոր համաձայնագիր՝ նոր պայմաններով, որում շահագրգիռ են բոլոր կողմերը, բացի Ադրբեջանից, քանի որ միայն Ադրբեջանն է համարում, որ հնարավոր է ռազմական լուծում։ Նոր համաձայնագիրն անհնար է՝ առանց այդ գործընթացում ԼՂՀ մասնակցության։ Ավելին, հաշվի առնելով նոր իրողությունները, առանց ԼՂՀ մասնակցության ցանկացած բանակցությունների շարունակումը բանակցային գործընթացի իմիտացիայի անիմաստ կրկնություն կլինի։

– ՀՀ նախագահը հանձնարարել է մշակել ԼՂՀ հետ ռազմական փոխօգնության պայմանագիր, ի՞նչ կտա այն։ ՀՀ քաղաքական որոշ գործիչներ հարց են բարձրացնում նաև Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին, ե՞րբ է դրա համար ամենանպաստավոր ժամանակաշրջանը։

– Դե ֆակտո գոյություն ունեցող փաստի դե յուրե գրանցումը ազդակ է միջնորդներին և հակառակորդին, որ Հայաստանի կողմից ԼՂՀ ճանաչումն անխուսափելի կլինի իրավիճակի հաջորդ էսկալացիայի դեպքում, և դա այդ ուղղությամբ վերջին քայլն է։ Ավելին, տվյալ քայլը ես կհամարեի ՀԱՊԿ-ի կենսունակության վերջին փորձաքարը։ Նման համաձայնագրի կնքումից հետո Ռուսաստանի և մյուս մասնակիցների համար մանևրելու և պատասխանատվությունից խուսափելու հնարավորությունը կհավասարեցվի զրոյի. Ղարաբաղի վրա հարձակումն այդ դեպքում հարձակում կլինի Հայաստանի վրա՝ այդ ռազմաքաղաքական միության համար ողջ հետևանքներով։ Մինչդեռ ԼՂՀ ճանաչումը հավասարազոր է բանակցային գործընթացի խզման, իսկ դա մեզ հարկավոր չէ մի շարք պատճառներով։ Հաշվի առնելով մեր շահերը՝ հարցը պետք է դրվի հետևյալ կերպ՝ ի՞նչ կփոխվի մեզ համար ճանաչումից հետո։

Այն դրական կլինի, եթե բացի Հայաստանից, ԼՂՀ-ն ճանաչեն նաև այլ երկրներ։ Հակառակ պարագայում, միակողմանի ճանաչումն առավելապես բացասական հետևանքներ կունենա։ Տվյալ հարցում անհրաժեշտ է առաջնորդվել ոչ թե՝ զգայական սիմվոլիզմի ոլորտի փաստարկներով, այլ՝ քաղաքական իրատեսության։ Միակողմանի պաշտոնական ճանաչման դեպքում անվտանգության և զարգացման հնարավորությունների տեսակետից ի՞նչ կփոխվի ղարաբաղցու համար։

– Այս օրերին տեղի են ունենում մի քանի բարձրաստիճան այցեր տարածաշրջան՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների, ՌԴ վարչապետի և ԱԳ նախարարի։ Ի՞նչ արդյունքներ կարելի է ակնկալել։

– «Քառօրյա պատերազմը» ցույց տվեց, որ բլից-կրիգն անհնար է, հնարավոր է միայն լայնամասշտաբ պատերազմ։ Իսկ լայնամասշտաբ պատերազմը տարբեր պատճառներով եռյակի՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Եվրամիության շահերից չի բխում։ Արդյոք նրանք պատրա՞ստ են գնալ քայլերի, որոնք Ադրբեջանին կպարտադրեն ընդունել զինադադարի մասին նոր համաձայնագրի պայմանները։ Դա կախված է շատ գործոններից։ Միջնորդ երկրների առաջին գործնական քայլերը ցույց կտան, թե նրանք որքան հեռու կարող են գնալ՝ նոր էսկալացիա թույլ չտալու համար։ Խաղաղության շուրջ դիվանագիտական հռետորաբանությամբ այս իրավիճակի լղոզումը Հայաստանին և Արցախին ձեռնտու չէ։

– Խնդրում եմ համեմատություն անցկացնեք ԱՄՆ-ի կողմից՝ հրադադարի ռեժիմի պահպանման միջազգային մեխանիզմի ներդրման, և ՌԴ-ի կողմից՝ խաղաղապահների տեղակայման առաջարկների միջև։ Ի՞նչ են դրանք հետապնդում՝ խաղաղությո՞ւն տարածաշրջանում, թե՞ ազդեցության ուժեղացման հնարավորություն։

– Այս հարցերը, ո՛չ իրենց ձևով, ո՛չ բովանդակությամբ, մինչև վերջ մշակված չեն։ Հասկանալի է, որ Ռուսաստանը՝ սեփական շահերից ելնելով, դեմ չէ բացառիկ դեր ստանձնել խաղաղապահների տեղակայման հարցում։ Սակայն դա հազիվ թե հնարավոր կամ անհրաժեշտ է։ Միջազգային դիտորդական խաղարարար առաքելության տարբերակն առավել իրատեսական է, սակայն այն կհանգեցնի ակնհայտ կիպրոսացման։ Ամերիկյան առաջարկը ներկա իրողություններին առավել համապատասխան է։ Գոյություն ունեցող տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս շփման գծում շուրջօրյա հսկողություն սահմանել անօդաչու սարքերի միջոցով։

Սակայն այս տարբերակն էլ շատ հարցեր է առաջացնում հրադադարի պահպանման իրականացման առումով։ Տեխնիկապես հնարավոր են շատ տարբեր լուծումներ, բայց հարցն այն է, թե, օրինակ, ինչ է լինելու խախտում արձանագրելու դեպքում, այսինքն՝ ինչպիսի հետևանքներ կլինեն հրադադարը խախտող կողմի համար։ Եթե ամեն անգամ միջնորդները պետք է միայն անհանգստություն արտահայտեն, ապա ավելի լավ է ընդհանրապես հրաժարվել նման համակարգից։ Ստանձնած պարտավորությունները խախտող կողմը պետք է լուրջ, հստակ սահմանված, իրական պատասխանատվություն կրի։ Ցանկացած տարբերակ, բացի առաջինից, բանակցային գործընթացից դուրս կմղի ռազմական այլընտրանքը, որը, անխոս, բխում է հայկական կողմի շահերից, քանի որ կստիպի Ադրբեջանին հրաժարվել հյուծող պատերազմի ռազմավարությունից և նրան իրական բանակցությունների սեղանի մոտ կվերադարձնի ոչ թե՝ կեղծ ուժի դիրքերից, այլ՝ փաստացի իրավիճակից։

– Ալիևի հասցեին սուր քննադատություն է հնչում ամերիկյան կողմից, հատկապես՝ առաջատար լրատվամիջոցների։ Սա ճնշո՞ւմ է Ադրբեջանի վրա։ Եվ պատահակա՞ն էր արդյոք այս օրերին Լրագրողական հետաքննությունների միջազգային կոնսորցիումի կողմից Ալիևի օֆշորային կապերի բացահայտումը։

– Ո՛չ ԱՄՆ-ի, ո՛չ մյուս խաղացողների համար երբեք գաղտնիք չի եղել Ալիևի ավազակապետական ռեժիմի կոռումպացվածությունը։ «Պանամյան փաստաթղթերը» սառցաբեկորի միայն գագաթն են։ Դա չի խանգարել ո՛չ ԱՄՆ-ին, ո՛չ ԵՄ-ին՝ իրենց աշխարհաքաղաքական նպատակներին հասնելու համար, իսկ դրանք չեն սահմանափակվում միայն էներգակիրների տարանցմամբ, ու չեն թաքցվում մարդու իրավունքների և ժողովրդավարության հռետորաբանության ետևում, որոնք չկան և չեն կարող լինել ժառանգական ավտորիտարիզմով սուլթանական ռեժիմում։

Եթե և երբ ԱՄՆ Կոնգրեսն Ալիևի ռեժիմի դեմ պատժամիջոցների փաթեթ ընդունի, կարելի կլինի խոսել իրական և գործնական քաղաքականության մասին։ Իսկ առայժմ դրանք ընդամենը խոսակցություններ են։ Եվ Ալիևը դա գիտի, դրա համար էլ, Էրդողանի նման, նա փորձում է արտաքին խաղացողներին սեփական խաղը պարտադրել։ Չի կարելի ասել, որ այդ ուղղությամբ նա հաջողություններ չունի։ Մեզ պետք է հետաքրքրի, թե ինչ են անում Ալիևն ու մյուս կողմերը, բայց նախ և առաջ՝ պետք է հետաքրքրի, թե ինչ ենք անում մենք, այսինքն՝ ինչ է արվել կամ չի արվել, որը թույլ տվեց Ալիևին գնալ այդ էսկալացիային, և ինչ դասեր ենք մենք քաղելու «քառօրյա պատերազմից»։

Բայց դասեր քաղելով՝ պետք է զբաղվել սառը գլխով, երբ կրքերը կհանդարտվեն՝ առանց քաղաքական մեղադրանքների, խաղերի։ Ամեն դեպքում արդեն մի բան պարզ է՝ Ադրբեջանին և Թուրքիային դիմակայելու գործում Հայաստանն ու Արցախը կարող են հույս դնել միայն մեր ժողովրդի ռեսուրսների վրա, և հետևաբար՝ առաջանցիկ զարգացում ապահովող փոփոխությունների որևէ ձգձգում մեզ համար հղի է նոր մարտահրավերներով և անընդունելի կորուստներով։

Տեսանյութեր

Լրահոս