
«Խաղաղապահների մասին վաղ է խոսելը»

«Պատերազմի ավարտից հետո քաղաքական գործիչները, դիվանագետները լուրջ աշխատանք պետք է իրականացնեն, ինչը Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններից հետո ևս անհրաժեշտություն է, որովհետև պետք է շտկել, սրբագրել, լուծել ՀՀ արտաքին քաղաքականության և ներքին խնդիրները։ Այս տեսանկյունից պետք է հասկանալ ներկայումս հնչող բազմաթիվ հայտարարությունները, այդ թվում` ընդդեմ Ռուսաստանի հայտարարությունները։ Սակայն ամենակարևորն այն է, թե ինչպիսի լուծումներ կգտնվեն»,- «168 Ժամի»-ի հետ զրույցում այս մասին է ասել Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Կայծ Մինասյանը։
Վերջինիս խոսքով՝ ԼՂ հակամարտության գոտում ստեղծված բարդ իրավիճակում Հայաստանի հույսը հայ զինվորներն են, որոնք դաս տվեցին և՛ քաղաքական գործիչներին, և՛ դիվանագետներին` ետ մղելով Ադրբեջանի հարձակումը։ Ինչ վերաբերում է բանակցային սեղանին առկա արևմտյան և ռուսական առաջարկներին` Կայծ Մինասյանը նշել է, որ Ադրբեջանը դեմ է և՛ շփման գծում վերահսկողական մեխանիզմներ ներդնելու ԱՄՆ առաջարկին, և՛ դեմ է լինելու ռուսական խաղաղապահներ Ղարաբաղում տեղակայելու առաջարկին։ «Այնպես որ, խաղաղապահների մասին վաղ է խոսելը։ Ադրբեջանը ցանկանում է տարածքների վերադարձ՝ առանց միջազգային ուժերի ներկայության, ինչը նշանակում է, որ հայ ժողովուրդը պետք է միավորի իր ուժերը»,- ասել է Կայծ Մինասյանը։