«Ղարաբաղի վրա հարձակումը, ցանկության դեպքում, կարելի էր ընկալել՝ որպես ագրեսիա ՀԱՊԿ անդամ Հայաստանի դեմ»
Ղարաբաղյան հակամարտության գոտում բռնկված անսպասելի քառօրյա պատերազմից հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մի քանի ուշագրավ ուղերձներով հանդես եկավ Գերմանիայում՝ կանցլեր Անգելա Մերկելի, և Երևանում՝ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպումների ժամանակ, քննադատության ենթարկելով Ադրբեջանին զենք վաճառելու Ռուսաստանի քաղաքականությունը։ ՀՀ նախագահը միևնույն ժամանակ նշել է, որ Հայաստանը դեմ չէ խաղաղապահների տեղակայմանը Լեռնային Ղարաբաղում այն դեպքում, երբ օրերս TASS-ին տված հարցազրույցում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել էր, որ Ռուսաստանը որոշ առաջարկներ ունի ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ՝ ՄԽ գործընթացին զուգահեռ, իսկ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը չէր հերքել, որ խաղաղապահների տեղակայման առաջարկ է ներկայացվել, որից ՀՀ իշխանությունները, նրա խոսքով, ոգևորված չեն։
«168 Ժամն» այս հարցերի շուրջ զրուցել է Մոսկվայի «Կարնեգի» հետազոտական կենտրոնի գիտական խորհրդի անդամ, նույն կենտրոնի «Կրոն, հասարակություն և անվտանգություն» ծրագրի համանախագահ Ալեքսեյ Մալաշենկոյի հետ։
– Պարոն Մալաշենկո, ավարտվեց չորսօրյա պատերազմը ԼՂ հակամարտության գոտում, սակայն շփման գիծը դեռ խաղաղ չէ, և երկկողմ կտրուկ հայտարարությունները շարունակվում են, ինչը չի բացառում հերթական բռնկումը։ Ըստ Ձեզ՝ ի՞նչ տեղի ունեցավ և ինչպիսի՞ արտաքին «հետքով»։
– Սկզբունքորեն ես չէի ակնկալում նման հզոր բռնկում ԼՂ հակամարտության շփման գծում։ Այն, ինչի ականատեսն էինք մենք նախկինում՝ փոխհրաձգություն, լարվածություն, բավականին բնորոշ երևույթ էր նման տարածքային հակամարտության դեպքում։ Բայց վերջին ռազմական գործողությունների երկարատևությունն ու լարումը զարմացրեց և անհանգստացրեց ոչ միայն ինձ, այլև ողջ աշխարհին, քանի որ, հաշվի առնելով աշխարհաքաղաքական ներկայիս այլ թեժ օջախները, ամեն դեպքում՝ թվում էր, որ այս հակամարտությունը ժամանակի ընթացքում հայտնվում է երկրորդ պլանում՝ կարևորության և վտանգավորության տեսանկյունից։
Բայց նման բան տեղի չունեցավ։ Այնուամենայնիվ, որքան էլ որ տեղի ունեցածը վտանգավոր էր, և վտանգը շարունակվում է, ես կարծում եմ, որ պատերազմ չի լինելու, քանի որ այդ պատերազմում հաղթողներ չեն լինելու, որևէ կողմ հետաքրքրված չէ, որպեսզի կողմերից մեկը հաղթի, պատերազմը Ղարաբաղյան հակամարտության լուծում չի լինելու և միայն կորուստ է պատճառելու։ Այսինքն՝ սա առօրյա է՝ նման ռազմական բարդ հետևանքներով լի։ Բնականաբար, ճշմարտությունը մենք կիմանանք, երբ այս մասին պատմական գրքեր գրվեն տարիներ անց։ Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ եղել է արտաքին գործոն, ինչի մասին Դուք հարց ուղղեցիք, այսինքն՝ բռնկման հարցում էական է եղել լարված հարաբերությունները Ռուսաստանի և Թուրքիայի միջև։
Սա բավականին ազդեցիկ գործոն էր, և կարծում եմ, որ թուրքերը և ոչ միայն թուրքերը խաղացին սադրիչ դերակատարություն, և իմ տեսանկյունից՝ այս պատերազմը լի է բացասական հետևանքներով Ռուսաստանի համար։
– Այնուամենայնիվ զենքի վաճառքը ենթադրում է զենքի օգտագործում ևս, ինչը, ենթադրելի է, պատերազմ է հրահրում։ Սա Ռուսաստանում չե՞ն հասկանում, եթե այն բացասական հետևանքներով է լի Ռուսաստանի համար։
– Իրականում, Ռուսաստանի դրությունն իսկապես այնքան էլ հեշտ չէ, քանի որ Ռուսաստանը միշտ միջնորդի դեր է կատարել Հայաստանի ու Ադրբեջանի միջև, ու պարզվում է, որ այդ միջնորդությունը չկարողացավ կանխարգելել այն ռազմական գործողությունը, որը տեղի ունեցավ օրերս։ Ռուսաստանի դրությունը շատ բարդ է, որովհետև իր դերակատարությունը, որպես միջնորդ, ընկավ, միանշանակորեն։ Բացի դրանից, լինել միջնորդ մի իրավիճակում, երբ Ռուսաստանն իրեն է միացրել Ղրիմը, ևս բարդ է։ Այսինքն՝ ինչ միջնորդներ կարող եք դուք լինել, երբ ինքներդ եք զբաղվում նման գործարքներով։
Եթե սրան էլ գումարենք Վրաստանի հետ հակամարտությունը, ապա՝ Աբխազիան ու Հարավային Օսեթիան, ապա ստացվում է, որ այս ամենն իսկապես այնքան էլ ձեռնտու չէ Ռուսաստանի համար՝ որպես միջնորդի։ Երկրորդ՝ Ռուսաստանն այս իրավիճակում, եթե ռազմական գործողությունները շարունակվեին, վերաճեին ավելի լայնամասշտաբ մի գործողության, ապա, այսպես թե այնպես, անհրաժեշտություն էր ունենալու այս կամ այն կողմի օգտին գործել։
Թող որ դա բարձրաձայն ու պաշտոնական չլիներ, ամեն դեպքում դրա անհրաժեշտությունն առաջանալու էր։ Իսկ հիմա դատեք ինքներդ՝ Հայաստանին թողնել Ռուսաստանը չի կարող մի շարք պատճառներով, դրանք նույնիսկ ապացուցել պետք չէ, բայց անկեղծորեն հանդես գալ Ադրբեջանի դեմ, բացի այն բոլոր խնդիրներից, որոնք գոյություն ունեն, նշանակում է՝ վատթարացնել հարաբերությունները հետսովետական թյուրքերի հետ, ի դեպ, ոչ միայն՝ Միջին Ասիայի, դա ամբողջությամբ հասկանալի է, բայց նաև թյուրքերի հետ, որոնք ապրում են Ռուսաստանում՝ այն դեպքում, երբ ռուսական թյուրքերը բավականին հիասթափված էին ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացումից, չէին կարողանում հասկանալ, թե ինչու դա տեղի ունեցավ, դա դեռ մարսված չէ նրանց կողմից։
Էլ չեմ խոսում Կենտրոնական Ասիայի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ուզբեկստանի մասին, որոնք, այսպես կամ այնպես, շնորհիվ էթնիկ, մշակութային նմանությունների Ադրբեջանի կողմից են ոչ այն պատճառով, որ նրանք չեն սիրում հայերին, այլ մշակույթով, ավանդույթներով մոտ են ադրբեջանցիներին։ Սա Ռուսաստանի համար լուրջ հարց է, երբ արդեն կա լարվածություն։
– Ռուսաստանում հայկական համայնք ևս կա, որին, ինչպես և Հայաստանում, անհանգստացնում է Ռուսաստանի այս քաղաքականությունը, սա հաշվի չի՞ առնվում։ Սա գործոն չէ՞։
– Իհա՛րկե գործոն է, և ոչ միայն դա է գործոն, Հայաստանին ու Ռուսաստանին շատ բան է կապում, և ՌԴ իշխանությունները դա հասկանում են, պարզապես թյուրքական հասարակությունների հետ հարաբերությունները վատթարացնելու խնդիր ևս կա, սա պակաս գործոն չէ։ Ավարտելով նախորդ հարցի պատասխանը՝ ասեմ, որ մեկ այլ հանգամանք ևս կա. պատկերացրեք, որ պատերազմ է սկսվում, դրան չեմ հավատում, բայց պատկերացնենք, այդ դեպքում ՀԱՊԿ պայմանագրի հարցն է առաջ գալու։
Մի կողմից՝ Ղարաբաղը բոլոր քարտեզներում Ադրբեջանի մաս է ներկայացվում, բայց դե ֆակտո Ղարաբաղի վրա հարձակումը, ցանկության դեպքում, կարելի էր ընկալել՝ որպես ագրեսիա Հայաստանի դեմ, այս դեպքում ինչպե՞ս պետք է իրեն դրսևորի ՀԱՊԿ-ն, Ղազախստանը, արդեն աբսուրդային է, չէ՞, հնչում, նման բան լինել չի կարող, եթե կա ՀԱՊԿ, այն մոտ է Հայաստանին, և ոչ՝ Ադրբեջանին։ Փառք Աստծո, դա ևս տեղի չունեցավ, բայց, եթե հիշում եք, հակամարտության առաջին իսկ օրը չուշացավ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հայտարարությունը, որը նշանակում էր մատ թափահարել Ադրբեջանի վրա, և հիշեցնելու նպատակով, որ կա նման կազմակերպություն։ Ուստի ես կարծում եմ, որ այս հակամարտությունում Ռուսաստանի խնդիրները շատ են։
Կրկին Ռուսաստանի միջնորդությամբ ռազմական գործողությունները դադարեցված են, բայց սա այն հազվադեպ իրավիճակն էր, երբ կարող էին առաջանալ ավելի մեծ խնդիրներ, և առավել ևս՝ ներկայումս տեղի ունեցածի շնորհիվ երկու կողմերը, և Հայաստանը, և Ադրբեջանը, մշտապես զգուշավոր են լինելու, առավել ևս, երբ Ադրբեջանն իր մեջքի ետևում զգաց Թուրքիային, ինչը հասկանալի է և ոգևորիչ։ Աստված չանի, եթե լինի ևս մեկ բռնկում, որովհետև, եթե նման արյունալի էպիզոդները կրկնվեն ինչ-որ հաճախակիությամբ, ապա մարդիկ են մեղք ամենաքիչը, երբ կարդում ես այդ ամենը, տեսնում, առաջին հերթին՝ մարդիկ մեղք են։
– Բաքու մեկնելու նախօրեին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը TASS-ին հարցազրույց է տվել՝ նշելով, որ ՄԽ-ում ռուսական միջնորդական ջանքերին զուգահեռ՝ Ռուսաստանն այլ առաջարկներ ևս ունի կողմերի համար, և դրանք ներկայումս քննարկվում են, որոնք վերաբերում են Ղարաբաղի շուրջ շրջանների վերադարձին, ինչպես նաև՝ խաղաղապահ ուժերի տեղակայմանը ԼՂ-ում, որի վերաբերյալ Սերժ Սարգսյանն իր դիրքորոշումն է հայտնել՝ նշելով, որ հայկական կողմը դեմ չէ։ Հաշվի առնելով տարածաշրջանային լարվածությունը և այն, որ բանակցային գործընթացում ընդգրկված է նաև Արևմուտքը, ըստ Ձեզ, այս առաջարկները որքանո՞վ են իրականանալի, հատկապես, երբ խոսքը ռուսական ուժերի մասին է։
– Իհարկե, դա շատ լավ առաջարկ է, բայց թե պրակտիկ կերպով ինչպես է իրականացվելու, դժվար է ասել։ Հայաստանում առանց այդ էլ կա ռուսական ռազմական բազա։ Բացի դրանից, դա մեծ ռիսկ է։ Պատկերացնենք մեկ րոպե՝ եթե ներդրվեն նման ուժեր, դրանք դիտարկվելու են Հայաստանի օգտին ուժեր, դրանք, այսինքն, ոչ մաքուր խաղաղապահ ուժեր են լինելու։ Չգիտեմ, թե դրան ինչպես կվերաբերվի Ադրբեջանը։ Առավել ևս՝ Թուրքիան, քանի որ այդ ուժերն աշխարհի կողմից դիտարկվելու են՝ որպես այնպիսի ուժեր, որոնք առաջին հերթին՝ ռուսական հետաքրքրություններն են պաշտպանելու և առաջ մղելու։ Ես արդեն ասացի, թե ինչ ֆոն է այսօր գործում Ռուսաստանի շուրջ՝ Դոնբաս, ռուս-վրացական պատերազմ, շատ են ստացվում տարբեր երկրներում ռուսական խաղաղապահ ուժերը, և բոլոր երկրներում նրանք որոշակի տարբեր շահեր են հետապնդում։
– Դա ռուսական առաջարկ է, այնուամենայնիվ։
– Ներկայումս ոչինչ բացառել պետք չէ, բայց ես քիչ հավանական եմ համարում, որ Ադրբեջանը համաձայնի այս առաջարկին, առավել ևս՝ թուրքերը ևս դրան քննադատորեն կմոտենան, իսկ Ռուսաստանը լարվածություն չի ցանկանում։
– Պարոն Մալաշենկո, ՀՀ նախագահը երեկ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին ներկայացրեց հայ հասարակության մտահոգությունը Ռուսաստան-Ադրբեջան զենքի գործարքների վերաբերյալ՝ նշելով, որ հայ դիրքապահին կրակել են ռուսական զենքից։ Ըստ Ձեզ՝ ի՞նչ պետք է անի և ինչ կանի ՌԴ ներկայիս իշխանությունը՝ հաշվի առնելով այս խորը մտահոգությունները, հայ-ռուսական վատթարացող հարաբերությունների հեռանկարը, և հաշվի առնելով նաև այն, որ հայաստանյան իշխանությունները վերջին շրջանում նույնիսկ իրենց հեղինակության հաշվին են պաշտպանել ՌԴ քաղաքական որոշումները։
– Ռուսաստանը շարունակելու է իր քաղաքականությունն այնպես, ինչպես եղել է, և դա միանգամայն պարզ է, որովհետև հակամարտող երկու երկրներին զենք մատակարարելը, որքան էլ որ դա ծիծաղելի է հնչում, Ռուսաստանի միջնորդության գործոնն է, ինչը նշանակում է, որ Ռուսաստանը հետաքրքրված չէ կողմերից որևէ մեկի հաղթանակով։ Այսինքն՝ սպառազինության վաճառքը շարունակվելու է, թեև Ադրբեջանը կարծես թե լուրջ գումարներ այսօր չի վճարում, բայց այստեղ դա այդքան էլ կարևոր չէ, ուստի այս իրավիճակում ես հասկանում եմ և՛ Սարգսյանին, և՛ Պուտինին, քանի որ նրանցից յուրաքանչյուրն իր տեսանկյունից ճիշտ է։ Մի կողմից՝ իրավիճակն աբսուրդային է, բայց մենք գիտենք այլ օրինակներ, երբ այլ երկրներ են սպառազինություն մատակարարել և՛ մեզ, և՛ ձեզ։ Ես մեծ խնդիր այստեղ չեմ տեսնում, բայց դա, իհարկե, լավ չի ընկալվում, ինչը ես հասկանում եմ, բայց հասկանում եմ նաև, որ Ռուսաստանը շարունակելու է զենք մատակարարել երկու կողմերին էլ, և յուրաքանչյուր կողմ իր եզրակացություններն է անելու դրանից՝ լինելով դժգոհ իրավիճակից, բայց սա է դրությունը։ Չնայած դժգոհություններին՝ Ռուսաստանը դա չի փոխելու, քանի որ այլ շահեր ևս կան։