Միջազգային իմպերիալիզմի դավարդությունը՝ ընդդեմ Միհրան Պողոսյանի

Հասկանալի պատճառներով՝ մենք՝ հայաստանցիներս, չհասցրեցինք հետևել ապրիլի 3-ից միջազգային հիմնական տեղեկատվությանը: Խոսքը հրապարակված «Պանամայի ցուցակի» մասին է: Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը հրապարակել է իր օֆշորային գոտիներում կատարած իր ուսումնասիրությունները:

76 երկրի մոտ 400 լրագրող 11 մլն 500 հազար փաստաթուղթ է ուսումնասիրել: Նշվում է, որ ուսումնասիրած տվյալների ծավալը կազմել է 2,6 տերաբայտ: Դրանք հանվել են պանամական իրավաբանական Mossach Fonseca տարածված գրասենյակների համակարգչային սերվերից: Սս կարծես երբևէ եղած ամենալայնամասշտաբ լրագրողական աշխատանքն է: Նրանց խմբում եղել են նաև հայաստանցի լրագրողներ: Օֆշորային գոտիները ժամանակակից աշխարհում հարկերն ու ունեցվածքը թաքցնելու ամենաարդյունավետ «պահուստարաններն էին»: Համենայն դեպս այդպես էր համարվում մինչ այս լրագրողական հետաքննության նյութերի հրապարակումը:

Հրապարակվել է աշխարհի 12 երկրների գործող ու նախկին առաջնորդների օֆշորային ունեցվածքը: Նրանցից բացի, բացահայտումների ցուցակում հայտնվել են բազում գործարարներ, սպորտմեններ, շոու-բիզնեսի ներկայացուցիչներ: «Սև ցուցակում» հայտնվածներից ամենաբուռն արձագանքեցին գործող քաղաքական առաջնորդները: Բնականաբար: Ամենաաղմկոտ պատմության մեջ հայտնվեց Իսլանդիայի վարչապետը:

Բացահայտումից հետո երկրում հանրահավաքներ սկսվեցին, որոնց մասնակիցները վարչապետի հրաժարականն էին պահանջում: Երկրի խորհրդարանականներից ոմանք պահանջեցին քննարկել վարչապետին առնչվող հարցերը:

Վարչապետը նախ՝ սպառնաց, որ իր կառավարության անվստահության հարց քննելու դեպքում կլուծարի խորհրդարանն ու նոր ընտրություններ կնշանակի: Դրանից հետո կտրուկ ավելացավ վարչապետի հրաժարականը պահանջող ցուցարարների քանակը, և վարչապետն ի վերջո «խոհեմաբար» հրաժարական տվեց: Գործող առաջին դեմքերից մյուսն Իլհամ Ալիևն է: Նա դեռ 2003թ. է բրիտանական

Վերջինյան կղզիների օֆշորում ոսկու արդյունաբերության ձեռնարկություն գնել, բնականաբար, օրենքի խախտմամբ: Իսկ 2008թ Իլհամի 19-ամյա և 23-ամյա դուստրերը երեք ընկերություններ են գնել: Այս երկրի պաշտոնական պատասխանը սպասելի էր: Այն հնչում է մոտավորապես այսպես.

«Նախագահը ոչ մի օրենք չի խախտել, իսկ նրա չափահաս դուստրերը բիզնես անելու իրավունք ունեն»: Տարօրինակորեն Մեծ Բրիտանիայի հետ առնչվող սկանդալը կապված է գործող վաչապետ Քեմերոնի հանգուցյալ հոր անվան հետ: Բրիտանիայի արտգործնախարարը հայտարարել է, որ հրապարակված փաստը հետաքրքիր է, և խնդրել է ուսումնասիրության համար տրամադրել բոլոր տվյալները: Այս, թերևս, միակ քաղաքակիրթ վերաբերմունքի կողքին, մյուս երկրներում կատարվածը լիովին սպասելի էր: Ռուսաստանը, օրինակ, հայտարարել է, որ այդ փաստաթղթերից «Նախագահ Պուտինի մասին որևէ նոր բան հայտնի չի դարձել»:

Մինչդեռ հետաքննող լրագրողները պնդում են, որ Պուտինն իր շրջապատի միջոցով «օֆշոր է տարել» մոտ երկու մլրդ դոլար գումար: Բայց ռուսական լրատվամիջոցներն առավել մեծ հաճույքով տարածում են Ուկրաինայի նախագահ Պորոշենկոյի և այդ երկրի ևս երկու քաղաքացիների մասին բացահայտումները: Անկեղծ ասած, որևէ լրագրող՝ անկախ քաղաքական համոզմունքներից և Ուկրաինայի նկատմամբ անձնական վերաբերմունքից, չէր կարողանա իրեն զսպել Օդեսայի քաղաքապետի պատասխանները հրապարակելու գայթակղությունից: Հետաքննող լրագրողները, օրինակ, պարզել են, որ Օդեսայի քաղաքապետ Տրուխանովը Ռուսաստանի քաղաքացի է: Այս փաստի հրապարակումից հետո քաղաքապետը հեռուստաեթերում ասել է, որ «2014թ.-ին ինքն է դիմել Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն, ոորտեղից ինձ պատասխանեցին, որ իրենք նման տվյալներ չունեն, և ես ՌԴ քաղաքացի չեմ հանդիսանում: Նման պատասխան, իմ կարծիքով, ես ստացել եմ նաև ՌԴ Միգրացիոն ծառայությունից»:

Ասեք, որ անզուգական է, մարդուն հարցնում են՝ «Դու Ռուսաստանի քաղաքացի՞ ես», և ստանում՝ «Նման պատասխան, իմ կարծիքով, ես ստացել եմ ՌԴ Միգրացիոն ծառայությունից» պատասխանը: Բայց անցնենք մեր դարդին:

Ապրիլի 4-ին «hetq.am» կայքում հրապարակվեց Քրիստինե Աղալարյանի և Էդիկ Բաղդասարյանի «Պանաման նվաճած հայ գեներալը. Միհրան Պողոսյանի ընկերությունները և հաշիվները շվեյցարական բանկերում» հոդվածը: 40-ամյա այս գեներալը Պանամայում գրանցված երեք ընկերությունների սեփականատեր է: Իսկ ինչպե՞ս կարող եք ծանոթանալ մասնագիտական առումով բծախնդիր ու պատասխանատվությամբ գրված հոդվածում:

Միայն նշենք, որ ապրիլի 2-ից Էդիկ Բաղդասարյանն Արցախում է և լուսաբանում է մարտական գործողությունները: Այնպես որ, մինչ լրագրողի վերադարձն ինքներս պիտի վայելենք ՀՀ Արդարադատության նախարարի պատասխանն այս հոդվածի առիթով, որ երեկ հնչեց ԱԺ-ում: Մեր նախարարի կարծիքով՝ այս հարցն Էթիկայի հանձնաժողովի տիրույթում է: Ընդունեք, որ նման ձևակերպումն ավելի քաղաքակիրթ է, քան, ասենք, Ադրբեջանի կամ Ռուսաստանի ժխտողական վերաբերմունքը:

Ափսոս, որ արդյունքն է նույնը լինելու՝ վերոհիշյալ երկրների նման՝ մերոնք էլ, մի քիչ ձգձգելուց ու հնարավոր քննարկումներից հետո, հայտարարելու են, որ Միջազգային լրագրողական կոնսորցիումի բացահայտումները «Միջազգային իմպերիալիզմի ու նրա գարշահոտ միջնաբերդի՝ ԱՄՆ-ի իշխանությունների ձեռքի գործն է, որ նպատակ ունի ստվերել երիտասարդ ու շնորհալի գեներալի գործարար ու նույնքան բարի համբավը»: Իսկ ուկրանացի քաղաքապետի պատասխանը գոնե զվարճալի էր:

Տեսանյութեր

Լրահոս