«Մենք շատ բաներ ունենք ասելու». Լևոն Զուրաբյան
«Երբ տեսնենք՝ իրավիճակը կարգավորվում է, մենք շատ բաներ ունենք ասելու, որովհետև բաներ կան, որ պետք է արվեին, բայց չեն արվել: Հարցեր կան կապված նրա հետ, թե ինչո՞վ էին զբաղված ՀՀ իշխանությունները զինադադարից հետո: Փաստորեն, 1998 թվականին մի իրավիճակ էր, հետո այսօրվա իշխանությունները ստացան մի ժառանգություն, որում Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի և´ բանակը, և´ տնտեսությունն ունեին ակնհայտ առավելություն հակառակորդի նկատմամբ: Հիմա հարց է ծագում` ի՞նչ է դրանից հետո արվել: Դեռ ժամանակը չէ, որ լրիվ բաց խոսենք այս բացթողումների մասին»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀԱԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը` մեկնաբանելով Գերմանիայում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որ մեր բանակը կռվում է հիմնականում 80-ական թվականների արտադրության զենքով:
Ըստ նրա` ժամանակը կգա, և ավելի լուրջ կդրվեն շատ հարցեր` և´ ռազմաճակատի գծի հետ կապված, որ 22 տարվա մեջ կարելի էր վերածել անառիկ գծի, և´ տեխնոլոգիական հետամնացության հետ կապված, որ մենք չպետք է այսպիսի տեխնոլոգիական ճեղքվածք ունենայինք.
«Մենք պետք է հասկանանք, որ ռազմական հզորությունը դա միայն զինատեսակները և զինվորը չեն, դա նաև տնտեսության հզորությունն է: Բազմաթիվ հարցեր են ծագում՝ տնտեսության, կոռուպցիայի հետ կապված: Կարծում եմ` Հայաստանը, Լեռնային Ղարաբաղը, հայությունը պետք է հզորագույն դասեր քաղեն կատարվածից: Մի բան, որ մեզ համար ակնհայտ էր` այս կոռուպցիան և տնտեսության այս վիճակը դառնում են ազգային անվտանգության խնդիր, որովետև դրանք անմիջապես ազդում են մեր ռազմական հնարավորություների և հակառակորդի հարվածները հետ մղելու վրա:
Սա միգուցե հնարավորություն է, միգուցե վերջին հնարավորությունն է մեր ազգի համար՝ դասեր քաղելու և հասկանալու, որ այսպես չի կարելի: Եթե դա բոլորի համար դաս դառնա` այսօրվա իշխանությունների, ամբողջ ժողովրդի համար, մենք շանս ունենք արմատապես ամեն ինչ փոխելու»:
Դիտարկումներին, թե ինչպե՞ս է ստացվում, որ ՀՀ ոստիկանությունը հագեցած է գերժամանակակից զինտեխնիկայով, իսկ ՀՀ բանակը` 80-ականների, պետական չինովնիկներն էլ շքեղ ծառայողական մեքենաներով են երթևեկում, Լ. Զուրաբյանը պատասխանեց, որ տասն անգամ ավելի նման հարցադրումներ ունի, ուղղակի այս պահին դեռ քարոզչական հարձակման անցնելու ժամանակը չէ: