Սպասենք, տեսնենք մեր բարեկամները ո՞նց են իրենց պահում ռմբակոծությունների պարագայում. Ալեքսանդր Արզումանյան
Այսօր ԱԺ նիստում 2007 թ. հոկտեմբերի 5-ին Դուշանբեում ստորագրված «Արտաքին սահմաններում ճգնաժամային իրավիճակների առաջացման և կարգավորման (վերացման) ժամանակ օգնության ցուցաբերման հարցում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների սահմանապահ և այլ գերատեսչությունների` փոխգործակցության կազմակերպման կանոնակարգի հաստատման մասին» արձանագրության վավերազման հարցի քննարկման ժամանակ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը մտահոգություն հայտնեց, որ 2012 թ. նոյեմբերի 7-ի դրությամբ փաստաթուղթն ուժի մեջ է մտնել Ղազախստանի, Բելառուսի և Ղրղզստանի համար, արդեն 2016 թիվն է, արդյոք այս ընթացքում որևէ մեկը վավերացրե՞լ է, չի՞ վավերացրել, քանի որ տեղեկանքը չորսամյա վաղեմություն ունի:
Նա նշեց, որ Ուկրաինան է ստորագրել արձանագրությունը, որի կեսը օկուպացված է, հիմա համագործացո՞ւմ է. «Սա մի կողմից էլ վիրավորական է»:
«Այս պահին, երբ մեր արտաքին սահմանը ռմբակոծվում է սա ստորագրողներից մեկի կողմից, մենք ի՞նչ պատգամ ենք ուղարկում, վավերացնում ենք սա, որ ի՞նչ անենք: Մեր այդ հարգարժան Ղազախստանը, որ վավերացրել, ուժի մեջ է մտցրել, հրաժարվում է նույնիսկ Երևան գա, ժողովներին մասնակցի։ Մենք ինչի՞ ենք շտապում, մեզ համար սա այդքան անհրաժե՞շտ է այս օրերին: Սպասենք մի քիչ խաղաղ պայմաններ լինի, տեսնենք մեր բարեկամները ո՞նց են իրենց պահում էդ մեր արտաքին ռմբակոծությունների պարագայում: Մենք դեռ չգիտենք` կշարունակե՞ն: Էսօր էլ ենք զոհեր տվել, ի՞նչ կարիք կա, ինչ պատգամ ենք ուղրակում: Երեկ հանրապետության նախագահը ասաց, որ շատ մտահոգ ենք, որ Ռուսաստանը զենք է վաճառում, և մենք էլ մտահոգ լինենք, ամեն դեմ տված թուղթ չվավերացնենք»,- ասաց Ա.Արզումանյանը:
ԱԱԾ պետի տեղակալ Արզուման Հարությունյանը պատասխանեց, որ արձանագրությունը վավերացվել է Ռուսաստանի, Ղրղզստանի, Բելառուսի, Տաջիկստանի, Ղազախստանի կողմից: Ըստ նրա` թեկուզ այս վերջին դեպքերի առումով էլ այս արձանագրությունը իր մեջ հրատապություն է պարունակում, և կարող է դեպքեր լինեն, որ արձանագրության դրույթներից օգտվենք:
Ա.Արզումանյանը չհամաձայնեց և նշեց, որ եթե կարող էինք 10 տարի չվավերացնել, կարող ենք նաև 20 տարի չվավերացնել: Նա կոչ արեց հանել օրակարգից և հասկանալ, թե այդ մեր բարեկամները ինչպես են իրենց պահելու, օրինակ` Ղազախստանի արտաքին սահմանը համարվո՞ւմ է մեր սահման, թե՞ ոչ: